Մանկական վախեր
Բոլոր երեխաներն էլ վախենում են ինչ-որ բաներից: Իրականում մեծերը հաճախ հենց վախի զգացողությունից են օգտվում, երբ փորձում են անվտանգության նախազգուշական միջոցներ սովորեցնել: Ինչ-որ բան սովորում են փորձից, ինչ-որ բան էլ, օրինակ` բարձրության, բարձր ձայների նկատմամբ կամ հավասարակշռությունը կորցնելու վախը բնազդային է: Որոշ դեպքերում վախի ուժգնությունը կարող է նորմայի սահմաններից դուրս լինել: Նորմայում երեխաները կարող են կաշկանդվել կամ վախենալ օտար մարդկանցից, բարձր ձայներից, մթությունից, մենակ մնալուց, ծնողներից բաժանվելուց: Նորմայից դուրս է, երբ երեխան վախենում է ակնհայտ վտանգ չպարունակող երևույթներից և այդ վախն անհաղթահարելի է, խանգարում է նրա կյանքի բնականոն ընթացքին: Դրանք կարող են հասնել ֆոբիայի աստիճանի, արտահայտվել զզվանքի ու հակակրանքի ձևով, կամ վերածվել խուճապի ու սուր տագնապային վիճակի.
2-4 տարեկան հասակում սովորական երևույթ են ամպրոպի, մթության, կենդանիների և օտարների նկատմամբ ունեցած վախերը:
4-6 տարեկան հասակում երեխան ամենից հաճախ վախենում է երևակայական էակներից, ինչպիսիք են հրեշները և ուրվականները:
Քչերն են, որ շարունակում են վախենալ գերբնական արարածներից մինչև տասը տարեկանը, սակայն այդ տարիքից սկսած` երեխաների մոտ տարածված են ֆիզիկական վտանգների և փողոցային բռնության նկատմամբ վախերը:
Խնդրին նպաստող հանգամանքները
Թեպետ որոշ երեխաներ կարծես ծնվում են մնացածներից ավելի վախվորած, ամաչկոտ և զգուշավոր, վախերը հաճախ փոխանցվում են մեծահասակներից և հասակակիցներից: Երեխաները սովորում են, որ որոշակի իրավիճակներ վտանգավոր են: Վախ կարող է առաջացնել նաև վատ փորձը: Երեխան, որին կծել է շունը, ամենայն հավանականությամբ կվախենա շներից, գուցե նաև ընդհանրապես բոլոր բրդոտ կենդանիներից, եթե դեպքից անմիջապես հետո որևէ կանխարգելիչ միջոց չի ձեռնարկվել: Վախի աղբյուր կարող են հանդիսանալ հեռուստացույցով կամ կինոյում տեսած և մինչև վերջ չհասկացված սարսափելի տեսարանները, ինչպես նաև մեծերի կողմից արված սարսափազդու զգուշացումները: Նույնիսկ լավագույն մղումներով արված քաջալերող արտահայտությունները (օրինակ` «դպրոցում վախենալու ոչինչ չկա») կարող են վախ ներշնչել երեխային: Վախը ընկալված վտանգն է, և այն հաղթահարելու լավագույն միջոցը դրա հանդեպ կոնկրետ մոտեցում ցուցաբերելն է:
Ինչ կարող են անել ծնողները
- Որոշե՛ք, թե ինչն է կոնկրետ, որ վախեցնում երեխային: Խրախուսեք նրան խոսել այդ մասին և փորձեք պարզել խնդրի պատճառն ու բնույթը: Մի թերագնահատեք երեխայի վախը և մի ծաղրեք այն: Տրամաբանական բացատրությունները կարող են օգնել, բայց մի ակնկալեք, որ դուք դրանցով մեկընդմիշտ կվանեք վախը:
- Հնարավորության դեպքում կազմակերպե՛ք, որ ձեր երեխան ուրիշներին ուրախ և ապահով տեսնի այն իրավիճակում, որից նա վախենում է:
- Կազմակերպե՛ք, որ երեխան ուշադիր վերահսկողության պայմաններում սերտ շփման մեջ մտնի իր վախի աղբյուրի հետ, որի ընթացքում դուք նրան դրական աջակցություն և ըմբռնում կցուցաբերեք: Այս պրոցեսը կոչվում է ապազգայունացում, այսինքն վարժանքն օգնում է վախի օբյեկտը զրկել վախ հույզից և դարձնել ավելի չեզոք օբյեկտ: Թռչուններից վախեցող երեխայի հետ դա կարելի է անել հետևյալ կերպ.
Քայլ 1. Նայե՛ք թռչունների նկարներ: Քննարկե՛ք՝ կարող է արդյոք թռչունը վնաս պատճառել:
Քայլ 2. Երեխայի ձեռքը որևէ խաղալիք թռչուն տվե՛ք: Դա կարող է լինել պլաստմասե կամ փափուկ խաղալիք:
Քայլ 3. Արե՛ք այնպես, որ երեխան տեսնի, թե ինչպես է մեկ այլ երեխա սիրում և խնամում ընտանեկան որևէ թռչնի:
Քայլ 4. Թո՛ւյլ տվեք, որ երեխան նայի վանդակում փակված որևէ թռչնի:
Քայլ 5. Առաջարկե՛ք երեխային մի փոքր շոյել ընկերոջ ձեռքում պահված թռչնին:
Քայլ 6. Խնդրե՛ք երեխային ձեռնոցներով հինգ վայրկյան ձեռքերում պահել թռչնին:
Քայլ 7. Խնդրե՛ք երեխային ձեռնոցներով տասը վայրկյան ձեռքերում պահել թռչնին:
Քայլ 8. Խնդրե՛ք երեխային գիրկը վերցնել թռչնին և շոյել:
- Հեռո՛ւ մնացեք խորասուզման մեթոդով թերապիայից, երբ երեխային անսպասելի մտցնում են իրեն վախեցնող իրավիճակի մեջ:
- Իռացիոնալ վախերի դեպքում, ինչպիսին է, օրինակ, մթության վախը, հասկացրեք, որ ընդունում եք այն, սակայն հետևեք, որ չթեժացնեք իրավիճակը` ցույց տալով, թե այն իրապես հիմնավորված է: Օրինակ, եթե երեխան վախենում է ննջասենյակում թաքնվող հրեշից, ապա զանգակով հրեշին սենյակից դուրս քաշելը միայն կամրապնդի երեխայի վախը: Փոխարենն ավելի լավ է խոսել այդ վախի մասին, համոզվելու համար խուզարկել սենյակը և լույսը վառ թողնել, որպեսզի երեխան իրեն ավելի հանգիստ զգա:
- Կարևոր է երեխային հանգստացնելիս չափը չանցնել: Չափազանցված մխիթարությունը և ուշադրությունը կարող են բերել այն համոզմանը, թե վախենալու ինչ-որ պատճառ կա:
- Որոշ երեխաներ այնքան են սիրում, որ իրենց մխիթարեն, որ սկսում են վախեցած արձագանքել` ուշադրություն ակնկալելով:
- Հաջողության հասնելու և սեփական անձի մասին դրական պատկերացում ստեղծելու, անկախություն և պատասխանատվություն ձեռք բերելու հնարավորություններ ընձեռե՛ք երեխային, ինչն առավել վստահություն կպարգևի նրան:
- Վախի օրինակ ցույց մի՛ տվեք երեխային: Եթե ծնողը կամ ավագ երեխաներից մեկը վախենում է սարդերից, ապա նա ամենայն հավանականությամբ կփոխանցի այդ վախը նաև երեխային:
- Չափից ավելի խիստ, պահանջկոտ միջավայրը կարող է դրդել երեխային վախենալ հեղինակություններից և կասկածի տակ առնել դժվարին իրավիճակներում ինքնուրույն ելք գտնելու սեփական կարողությունները:
- Նախապես պատկերացրե՛ք, թե ինչպես կարող է երեխան ընդունել վախենալու իրավիճակը:
- Գովե՛ք և պարգևատրե՛ք երեխային խիզախություն դրսևորելու և վախը հաղթահարելու դեպքում: