Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպե՞ս նվազեցնել մրգի և բանջարեղենի գործածման հավանական վտանգները

Միրգն ու բանջարեղենն անփոխարինելի են երեխայի առողջ աճի ու զարգացման համար։ Բայց ինչպիսի՞ միրգն ու բանջարեղենը։ Այժմ, երբ միջին վիճակագրական սպառողը շատ ավելին գիտի պտղատու այգիների ու ջերմոցների մշակման գործում կիրառվող քիմիական նյութերի ու դրանց չարաշահումների մասին՝ շատերն ուղղակի տարակուսում են՝ գուցե՞ ճիշտ է երեխաներին առհասարակ չառաջարկել միրգ ու բանջարեղեն։ Թեման քննարկել ենք սննդի հիգիենիստ, ԵՊԲՀ դոցենտ Արմեն Մկրտչյանի հետ։

Նա միանգամից ընդգծեց, որ հրաժարումը մրգից ու բանջարեղենից անհեռատեսական է ու լի է բազմաթիվ վտանգներով, քանի որ դրանցում առկա սննդային թելիկները, վիտամինները, հանքային տարրերը, օրգանական թթուներն անփոխարինելի են մարդու համար։ Զրույցից առանձնացրել ենք առանցքային մի քանի դրույթ։

Այո, մրգի և բանջարեղենի մեջ որոշակի քանակով կարող են հայտնվել նութեր, որոնք ցանկալի չեն։ Ավելի հաճախ դրանք անվանում ենք թունաքիմիկատներ և պեստիցիդներ, սակայն իրականում վերջինը շատ ավելի լայն հասկացություն է։ Այս համատեքստում մենք խոսում ենք այն միջոցների մասին, որոնք պաշտպանում են բույսերը միջատներից, վնասատուներից, մոլախոտերից, քանի որ դրանք նվազեցնում են գյուղատնտեսության արդյունավետությունը։ Սա բնավ ժամանակակից խնդիր չէ․ այս կամ տեսքով՝ մարդիկ միշտ են օգտավործել պեստիցիդներ։ Այլ հարց է, որ կարող են խախտել դրանց կիրառման կանոնները, կարող են չարաշահել՝ փոխանցելով վնասակար հատկություններ մրգին ու բանջարեղենին։

Ի՞նչ կարող ենք անել՝ մրգի և բանջարեղենի գործածման վտանգները նվազեցնելու համար։  
Տեսողությամբ, հոտառությամբ և նույնիսկ համտեսելով՝ գրեթե անհնար է հասկանալ (զգալ)՝ արդյո՞ք տվյալ մրգի կամ բանջարեղենի մեջ քիմիական նյութերի քանակը նորմայից բարձր է, թե՝ ոչ։ Հետևաբար, միրգ ու բանջարեղեն գործածելիս պետք է հետևել մի քանի պարզ կանոնի։

ԳՆԵ՛Ք ՏԵՂԱԿԱՆԸ
Եթե տվյալ միրգը կամ բանջարեղենը աճում է մեր երկրում և հայտնի է, թե տարվա որ եղանակին է այն հասունանում, ապա միանշանակ նախապատվությունը տվեք հենց այդ մթերքին։ Գնեք տեղական, սեզոնային միրգ ու բանջարեղեն։ Զգուշացե՛ք ներկրված մրգից ու բանջարեղենից։ Ամենաթարմ տվյալները վկայում են, որ հարևան որոշ երկրներում հետազոտված մրգի ու բանջարեղենի 25-30 տոկոսի նմուշներում քիմիական նյութերի թույլատրելի մակարդակը գերազանցված է։

ՍՆՎԵՔ ԲԱԶՄԱԶԱՆ
Հայտնի է, որ մրգի ու բանջարեղենի այս կամ այն տեսակի համար կիրառվում են տվյալ տեսակին համապատասխանող թունաքիմիկատներ։ Ստացվում է, եթե ուտել միայն դեղձ՝ օրգանիզմ կներթափանցի տվյալ մրգի աճեցման գործում կիրառվող քիմիական նյութը։ Կա հավանականություն, որ այդպես, օրերից մի օր, տվյալ նյութի քանակն օրգանիզմում կհասնի կրիտիկականի ու կթողնի հետևանք։ Իսկ եթե ուտել հնարավորինս բազմազան միրգ ու բանջարեղեն՝ այդ վտանգն ակամա կնվազի։

ԼՎԱՑԵ՛Ք, ԼՎԱՑԵ՛Ք, ԼՎԱՑԵ՛Ք
Կա տարածված կարծիք՝ ծառից քաղած միրգը չեն լվանում։ Մոռացե՛ք դրա մասին։ Լվանալ անհրաժեշտ է թե՛ միրգը, թե՛ բանջարեղենը։ Մթերքը լցնել մեկ ամանի մեջ ու մի քանի վայրկյան թողնել ջրի տակ՝ լվանալ չէ։ Լվանալ անհրաժեշտ է մոտավորապես 10-15 րոպե, սառը, հոսող ջրով։ Եթե միրգը կամ բանջարեղենը ունի ամուր կեղև՝ խոզանակեք այն։ Ի դեպ, ձմերուկն ու առավել ևս սեխը պարտադիր է լվանալ։ Լվացող հեղուկ կամ օճառ օգտագործել հարկավոր չէ։

Հատկապես ուշադրություն դարձրեք կանաչ տերևավոր բանջարեղենին։ Շերտավոր բանջարեղենի վրայից հեռացրեք արտաքին շերտերը, հազարը բացեք ու նոր միայն լվացեք։

Լվանալ կարելի է նաև սոդայով։ Երկու բաժակ ջրին ավելացրեք մեկ թեյի գդալ սննդի սոդա։ Եթե տարան մեծ է՝ երկու-երեք լիտրանոց, ապա կարելի է ավելացնել մեկ ճաշի գդալ սոդա։ Քացախով նույնպես կարելի է լվանալ, բայց քացախի ծախսն ավելի շատ է։ Սոդան ավելի նպատակահարմար է նաև այն պատճառով, որ մթերքը համային փոփոխության չի ենթարկում։

Լվանալն ամբողջությամբ չի ազատի միրգը կամ բանջարեղենը դրանում հայտնված թունաքիմիկատներից, բայց էականորեն կհեռացնի այն, ինչ կեղևի վրա է։

ԿԼՊԵ՛Ք    
Այո, միրգ-բանջարեղենի վիտամինների զգալի մասը կեղևում է և կլպելով կկորցնեք դրանք, փոխարենը կազատվեք անցանկալի նյութերի որոշակի զանգվածից։  

ԿԵՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒՔ ԵՔ ԱՃԵՑՆՈՒՄ 
Կերեք այն, ինչ աճում է ձեզ համար վստահելի մարդու այգում կամ ջերմոցում։ Բայց շատ կարևոր է, որ այդ հարցին մոտենաք ամենայն լրջությամբ․ կարդացե՛ք, կրթվե՛ք, ուսումնասիրե՛ք քիմիական նյութերի կիրառման նրբությունները։ Չի կարելի առաջնորդվել բացառապես վաճառողի խորհուրդներով կամ աչքաչափով։

Հաճախ, երբ այգին կամ ջերմոցը մոտ են տանը՝ մարդիկ տարածում են թունաքիմիկատներով սփրեյն ու քիչ անց՝ նույն արտահագուստով, մտնում են տուն։ Կարող են գրկել երեխաներին, երեխաները կարող են ձեռք տալ այդ հագուստին կամ մեծահասակին պատկանող իրերին, իսկ հետո ձեռքը մտցնել բերանը կամ այդ նույն ձեռքերով տրորել աչքերը։ Զգոն եղեք՝ հեռու պահեք երեխաներին այդ նյութերից, հագուստափոխվեք նախքան տուն մտնելը, ախտահանեք անձնական իրերը, ախտոտված հագուստը լվացեք անմիջապես ու առանձին ընդհանուր լվացքից։

ՓՈԽԱՐԻՆԻՉ ՉԿԱ
Ոչ մի մուլտիվիտամին կամ հավելում չի կարող փոխարինել բնական միրգն ու բանջարեղենը։ Օրական պահանջն էլ բավարարելու համար բավական է ուտել 200 գրամ միրգ, 400 գրամ բանջարեղեն։

Բոլոր մտահոգություններով հանդերձ՝ պետք է հիշել, որ ցանկացած միրգ ու բանջարեղեն չի կարող այնպես վնասել երեխայի օրգանիզմը, ինչպես դա անում են մեր բնակարանների սուրճի սեղանիկներին միշտ առկա՝ տրանսճարպերով, շաքարով, աղով հագեցած վաֆլիները, աղի ձողիկներն ու չիփսերը։