Skip to main content
Հետադարձ կապ

7 միֆ հոգեկան առողջության մասին

Հոգեկան առողջության վերաբերյալ միֆերի հերքումը կարող է օգնել վերացնելու խարանը և ձևավորելու այնպիսի մշակույթ, որը կխրախուսի ցանկացած տարիքի մարդկանց՝ անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի: Ահա յոթ տարածված միֆ հոգեկան առողջության վերաբերյալ.

1. Միֆ. Եթե անձն ունի հոգեկան առողջության խնդիր, ապա դա նշանակում է, որ նա ունի ցածր մտավոր կարողություններ:

Իրողություն

Հոգեկան հիվանդությունը, ինչպես ֆիզիկականը, կարող է սպառնալ յուրաքանչյուրին՝ անկախ մտավոր կարողությունց, սոցիալական խավից կամ եկամտի չափից:

 

2. Միֆ. Հոգեկան առողջության վիճակի մասին հարկավոր է հոգ տանել միայն այն դեպքում, երբ առկա է խնդիր:

Իրողություն

Սեփական բարեկեցությունը խթանելու և հոգեկան առողջությունը բարելավելու նպատակով գործուն քայլեր ձեռնարկելը օգտակար է յուրաքանչյուրի համար: Ինչպես հոգ ենք տանում մեր ֆիզիկական առողջության համար, այնպես էլ պետք է հոգ տանենք մեր հոգեկան առողջության համար։

 

3. Միֆ. Հոգեկան առողջության վիճակի վատթարացումը խնդիր չէ դեռահասների դեպքում: Նրանք պարզապես ունենում են տրամադրության տատանումներ, որոնց պատճառը հորմոնային փոփոխություններն են, և նրանք դա անում են ուշադրություն գրավելու համար:

Իրողություն

Դեռահասները հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ, բայց դա չի նշանակում, թե նրանք չեն կարող հոգեկան առողջության խնդիրներ ունենալ: Աշխարհի դեռահասների 14 տոկոսն ունենում է հոգեկան առողջության  խնդիրներ: Ողջ աշխարհում 10-15 տարեկանների շրջանում մահացության ամենատարածված պատճառների թվում հինգերորդն ինքնասպանությունն է, իսկ 15-19 տարեկանների շրջանում այս ցուցանիշը չորրորդն է: Հոգեկան հիվանդությունների կեսը սկսում է ի հայտ գալ 14 տարեկանում:

 

4. Միֆ. Հոգեկան առողջության խնդիրները հնարավոր չէ կանխել:

Իրողություն

Շատ գործոններ կան, որոնք կարող են պաշտպանել հոգեկան առողջության խնդիրների զարգացումից. դրանց թվում են սոցիալական և հուզական հմտությունների զարգացումը, վաղ փուլում օգնության և աջակցության դիմելը, աջակցող, սիրալիր, ջերմ ընտանեկան հարաբերությունների ձևավորումը, դրական դպրոցական միջավայրը և առողջ քունը:

Դժվարին իրավիճակի հաղթահարման կարողությունը պայմանավորված է պաշտպանիչ մի շարք գործոնների համադրությամբ, և անհատական սթրեսածին գործոնները, առանձին վերցրած, պարտադիր չէ, որ հանգեցնեն հոգեկան առողջության խնդիրների: Երեխաներն ու դեռահասները, որոնք դժվարին իրավիճակներում իրենց լավ են դրսևորում, սովորաբար ունենում են բնածին դիմադրողականություն, ինչպես նաև ամուր, աջակցող հարաբերություններ ընտանիքի, ընկերների և իրենց շրջապատող մեծահասակների հետ, ինչը հանգեցնում է բարեկեցությանը նպաստող պաշտպանիչ գործոնների համակցության:

 

5. Միֆ. Հոգեկան առողջության խնդիրը թուլության նշան է. եթե մարդը ուժեղ լիներ, այդ խնդիրը չէր առաջանա:

Իրողություն

Հոգեկան առողջության խնդիրը որևէ աղերս չունի թույլ կամ կամազուրկ լինելու հետ: Մարդիկ չեն որոշում՝ ունենա՞լ այդ խնդիրը, թե՞ ոչ: Իրականում, հենց հոգեկան առողջության խնդրի առկայության դեպքում օգնություն ստանալու անհրաժեշտությունը գիտակցելն է, որ ուժ և վճռականություն է պահանջում: Հոգեկան առողջության խնդիր կարող է ունենալ յուրաքանչյուրը:

 

6. Միֆ. Բարձր գնահատականներ ստացող և շատ ընկերներ ունեցող դեռահասները հոգեկան առողջության խնդիրներ չեն ունենում, որովհետև նրանք ընկճվելու պատճառ չունեն:

Իրողություն

Դեպրեսիան հոգեկան առողջության տարածված խնդիր է, որն առաջանում է սոցիալական, հոգեբանական և կենսաբանական գործոնների բարդ համադրությունից: Դեպրեսիան կարող է սպառնալ ցանկացած մարդու՝ անկախ նրա սոցիալ-տնտեսական վիճակից կամ կյանքի առերևույթ լավ պայմաններից: Դպրոցում լավ առաջադիմություն ունենալու համար պատանիները կարող են ճնշվածություն զգալ, ինչը կարող է անհանգստություն պատճառել նրանց կամ դժվարություններ առաջացնել տանը: Նրանք կարող են դեպրեսիա կամ անհանգստություն ունենալ նաև առանց որևէ տեսանելի պատճառի:

 

7. Միֆ. Վատ ծնողավարությունը դեռահասների շրջանում հանգեցնում է հոգեկան առողջության  խնդիրների:

Իրողություն

Բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ աղքատությունը, գործազրկությունը, բռնության ենթարկվելը, միգրացիան և այլ դժվարին հանգամանքներ ու իրադարձություններ, կարող են ազդել դեռահասների, նրանց խնամողների բարօրության և հոգեկան առողջության, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունների վրա: Հոգատար, աջակցող ընտանիքներում ապրող դեռահասները հոգեկան առողջության խնդիրների կարող են առերեսվել ճիշտ այնպես, ինչպես դեռահասները այնպիսի ընտանիքներից, որտեղ հենց խնամողները կարող են աջակցության կարիք ունենալ՝ առողջ դեռահասի զարգացման համար բարենպաստ միջավայր ապահովելու գործում: Աջակցության ստանալու դեպքում խնամողները կարող են կարևոր դերակատարություն ունենալ ցանկացած խնդիր հաղթահարելիս դեռահասներին օգնելու հարցում:

 


Սույն հոդվածը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Teacher’s Guide to the Magnificent Mei and Friends Comic Series ուղեցույցի վրա («Հրաշալի Մեյը և ընկերները» պատկերազա

Նույնաբովանդակ այլ նյութեր