Դեռահասություն. միջանձնային հարաբերություններ
Դեռահասությանը, այլ կերպ ասած՝ «այդ բարդ» ժամանակաշրջանին, մենք՝ ծնողներս, ահով ու սարսափով ենք սպասում: Բայց այդ ժամանակաշրջանն առավել բարդ է հենց իրենց՝ դեռահասների համար: Նրանք դժվարանում են նավարկել տրամադրության հաճախակի տատանումների, իրար հակասող մտքերի, զգացմունքների ու ցանկությունների արագորեն իրար հաջորդող հորձանուտում:
Ցավոք, մեր կյանքի փորձառությունը միշտ չէ, որ օգնության է հասնում, քանի որ փոխվել են ժամանակները, փոխվել են բարքերը, փոխվել են մարդիկ: Ինչպե՞ս հասկանալ երեխային այս ժամանակահատվածում, ինչպես խոսել նրա հետ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ծնողի անկյուն»-ը, որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության և Ծնողի դպրոց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, այս անգամ անդրադառնում է դեռահասներին ու նրանց միջանձնային հարաբերություններին:
Ծնողի դպրոց Հ/Կ-ի հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը զրույցի սկզբում նշում է, որ դեռահասների հուզական վիճակը փոփոխական է: Դա՛ է պատճառը, որ որոշումներ կայացնելիս նրանք կարող են ծայրահեղությունից ծայրահեղություն անցնել, օրինակ՝ որոշում կայացնել ընկերների հետ հավաքվել ու տոնել և հետո հանկարծ որոշել, որ ուզում են միայնակ մնալ տանը: Այս ժամանակահատվածում է, որ դեռահասը կրկնօրինակում է հասակակիցների վարքը, առավել հաճախ՝ բացասական վարքագիծը, ինչի շնորհիվ գրավում է շրջապատի՝ իր համար այդքան ցանկալի ուշադրությունը:
Դեռահասությունը մի ժամանակաշրջան է, երբ, ինչպես նշում է «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանը, դեռահասը կարծես քայլող լաբորատորիա լինի, որ անընդհատ փորձում ու փորձարկում է: Դա անելով՝ հաճախ սայթաքում, սխալվում, ինչը նորմալ է, քանի որ դեռահասի մոտ նոր է ձևավորվում սեփական կյանքի զգացողությունը: Հետևաբար՝ կարևոր է, որպեսզի ցանկացած պարագայում, նույնիսկ ամանաբարդ ու իր համար անընդունելի իրավիճակներում, ծնողը չվանի երեխային, ընդունի նրան, ուղղորդի ու աջակցի:
Նյութում զրուցակիցները շեշտում են, որ ծնող-դեռահաս հարաբերություններում շատ կարևոր է սահմանել դեռահաս-ծնող խաղի կանոնները: Իսկ եթե այդ սահմանը խախտվել է, չհիասթափվել, օգնել դեռահասին վերագտնել այն: Մեծահասակների կարիք դեռահասները միշտ ունեն, որքան էլ որ իրենց վարքագծով նրանք փորձեն համոզել հակառակը…
Ընկեր լինենք, հանդուրժենք, հետաքրքրվենք, իսկապես սիրենք, - սա է հոգեպես առողջ դեռահաս դաստիարակելու բանալին:
Դիտե՛ք տեսանյութը ու այս բովանդակալից զրույցի ունկնդիրը դարձեք՝ դեռահասի հետ հարաբերությունների գաղտնիքներին ծանոթանալու համար:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը: