Skip to main content
Հետադարձ կապ

Խորհուրդներ ջրում խեղդվելու վտանգը կանխելու համար

Ջրում կամ ջրի ափին խաղալը մեծ բավականություն է պատճառում երեխաներին, սակայն դա կարող է նաև վտանգավոր լինել։ Խեղդվելը 1-24 տարեկան անձանց մահվան 10 հիմնական պատճառներից է, իսկ 5 տարեկանից ցածր երեխաների համար՝ ամենամեծ վտանգը։ Հետևե՛ք հետևյալ մասնագիտական խորհուրդներին ձեր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար։  
 

6 միջոց ջրում խեղդվելու վտանգը կանխելու համար  

  1. Սովորե՛ք ՍԹՎ (սիրտ-թոքային վերակենդանացում) և ջրափրկարարական տարրական հմտություններ։ Ծնողներն ու համայնքի անդամները պետք է սովորեն արտակարգ իրավիճակներում արձագանքել առանց իրենց վտանգի ենթարկելու։ Խորհրդակցե՛ք առաջին արձագանքման ձեր տեղական ծառայությունների, փրկարարների և լողի ակումբների կամ միությունների հետ, որոնք հաճախ առաջարկում են այդ գծով վերապատրաստում։  
  2. Ուշադի՛ր եղեք ձեր երեխաների հանդեպ։ Հույս մի՛ դրեք մոտակայքում գտնվող մյուս մեծահասակների կամ երեխաների վրա ջրի մոտ կամ ջրի մեջ խաղացող երեխաներին հսկելու գործում։ Ուշադիր լինելը և հետևելը, թե ինչով է զբաղված ձեր երեխան, նրան անվտանգ պահելու լավագույն միջոցներից է։ Ձեր ուշադրությունը մի՛ շեղեք բջջային հեռախոսով զբաղվելով կամ ինչ-որ մեկի հետ զրուցելով։ Երբ երեխան ջրի մեջ է, եղե՛ք մեկնած ձեռքի հեռավորության վրա։ Եթե երեխային կորցնեք տեսադաշտից, ապա անմիջապես օգնությա’ն կանչեք։  
  3. Ջրային զանգվածի մատույցներում դրե՛ք արգելապատնեշներ։ Եթե ձեր տան շրջակայքում կա լողավազան, լճակ կամ որևէ այլ ջրային զանգված, ապա դրանց շուրջը տեղադրե՛ք ցանկապատ առանց հսկողության մնացած երեխաների մուտքը կանխելու համար։ Ջրի այլ աղբյուրներ, օրինակ՝ ջրհորները, ջրի պահեստամաններն ու բաքերը, նույնպես պետք է փակ պահել, որպեսզի երեխաները պատահաբար դրանց մեջ չընկնեն։ Օգտագործելուց հետո դատարկե՛ք դույլերը, տարաներն ու շարժական լողավազանները և կափարիչով ծածկե՛ք զուգարանակոնքերը։ Դուրս գալիս փակե՛ք լոգարանի և լվացքատան դռները։ Եթե ապրում եք այնպիսի համայնքում, որտեղ կա հանրային ջրային տարածք, ապա տեղական իշխանությունների հետ քննարկե՛ք ցանկապատ տեղադրելու հարցը բոլորի անվտանգությունն ապահովելու համար։  
  4. Գտե՛ք ապահով վայրեր ջրից հեռու։ Համայնքային ցերեկային կենտրոններն օգնում են զբաղեցնելու նախադպրոցական երեխաներին ջրից հեռու ապահով վայրում (և զվարճանալու)։ Իմացե՛ք, թե ձեր համայնքում ինչ տարբերակներ կան ձեր երեխայի համար։  
  5. Երեխաներին սովորեցրե՛ք լողալ և ջրային անվտանգության հմտություններ։ Դպրոցական տարիքի երեխաների (6 տարեկանից բարձր) խեղդվելու դեպքերը կանխելու լավագույն միջոցներից է նրանց պարտադիր լողալ սովորեցնելը։ Դպրոցներում, արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման և փրկարար ծառայություններում, լողի ակումբներում կամ միություններում երեխաների համար հաճախ կազմակերպվում են լողի դասեր։  
  6. Լոգանքի ժամանակ ձեռքի տակ ունեցե՛ք անհրաժեշտ ամեն ինչ։ Նախքան երեխային լոգարան տանելը ձեռքի տակ ունեցե՛ք բոլոր անհրաժեշտ առարկաները նրան ջրում առանց հսկողության չթողնելու համար։ Օգտագործելուց հետո լոգարանը դատարկե՛ք։  

Ի՞նչ անել, երբ տեսնում եք ինչ-որ մեկին ջրում խեղդվելիս

Նախքան փրկելու փորձ անելը սովորե՛ք զանազանել խեղդվելու նշանները  

Ջրահեղձ լինող մարդը կամ երեխան կարող են չփչփացնել և թևերը թափահարել, բայց միշտ չէ, որ խեղդվելն այդ կերպ է դրսևորվում։ Խեղդվողը կարող է լողալու փորձ անել, բայց չկարողանալ առաջ գնալ, թևերը կողքերին սեղմած վեր ու վար անել՝ փորձելով գլուխը ջրի վրա պահել կամ ջրի վրա մնալու այլ փորձեր անել։  

  • Ձեզ մոտ բջջային հեռախո՛ս պահեք։ Եթե հնարավոր է, ջրի մոտակայքում գտնվելիս ծնողները և խնամողները պետք է հեռախոս ունենան արտակարգ դեպքերի համար։ Մտապահե՛ք և գրի՛ առեք արտակարգ իրավիճակների տեղական ծառայությունների հեռախոսահամարները։  
  • Օգնությա՛ն կանչեք։ Հիշե՛ք, որ խեղդվողը չի կարող օգնության կանչել։ Եթե տեսնում եք, որ որևէ մեկը խեղդվում է, ապա անմիջապես օգնությա՛ն կանչեք։ Տեղեկացրե՛ք փրկարարներից մեկին, եթե մոտակայքում են։ Եթե ոչ, ապա որևէ մեկին խնդրե՛ք զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում առաջին արձագանքման ծառայություն։  

Ինչպե՞ս փրկել խեղդվողին

Հիշե՛ք՝ «նետի՛ր, մի՛ գնա [փրկարար օղա՛կ նետիր, ջուրը մի՛ մտիր]»։ Միակ մարդը, որ պետք է ջուրը մտնի խեղդվողին փրկելու համար, փրկարարն է կամ արտակարգ իրավիճակների դեպքում առաջին արձագանքման ծառայության աշխատակիցը։ Եթե ջուրը մտնեք ջրահեղձ եղողին օգնելու համար, ապա կարող եք ինքներդ վտանգել ձեր կյանքը։ Խեղդվելու վտանգի տակ գտնվողին օգնելու համար ավելի լավ է ինքներդ ջրից դուրս մնաք։ Ահա թե ինչպես կարելի է անվտանգ կերպով փրկել մեկին։  

1. Հաստատո՛ւն կանգնեք և օգտվե՛ք որևէ բանից՝ ծառի ճյուղ, ձող կամ որևէ այլ երկարավուն առարկա, ձեր հասանելիությունը մեծացնելու համար։  

2. Այդ առարկան մեկնե՛ք խեղդվողին և նրան դանդաղորեն քաշե՛ք դեպի ավելի անվտանգ մաս։ Որպեսզի ինքներդ ջրի մեջ չընկնեք, ցածր դիրք ընդունեք։  

3. Եթե ջրահեղձ եղող մարդը ձեր հասանելիությունից հեռու է, ապա նրա կողմը նետե՛ք լողացող առարկա, օրինակ՝ փրկաբաճկոնը կամ ուրիշ լողացող իր, օրինակ՝ գնդակը կամ թերմոսը։  

4. Փնտրե՛ք մասնագետ-փրկարարի։ Երբ խեղդվելու վտանգի տակ գտնվողը ապահով կերպով ջրից դուրս է բերվել, ստուգե՛ք նրա շնչուղիների, շնչառության և արյան շրջանառության (3Շ) վիճակը և որևէ մեկին խնդրե՛ք զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում առաջին արձագանքման ծառայություն։  

Գիտե՞ք արդյոք։

Քայլել սովորող երեխան կարող է խեղդվել 5 սմ խորության ջրում։ Ջրի յուրաքանչյուր բաց աղբյուր, որքան էլ ծանծաղ լինի, լուրջ վտանգ է նրա համար։  

Գիտե՞ք արդյոք։  

Փոքրիկ երեխաները կարող են առանց ձայն հանելու խեղդվել ընդամենը 25 վայրկյանում։ Հետևաբար երեխաների հսկողությունը ջրում և ջրային զանգվածի շրջակայքում պետք է լինի մոտիկից, մշտական և աչալուրջ։