Babycefy-ը ամենամյա MOM & KID EXPO-ում
Հոկտեմբերի 21-23-ը Երևանում կայացավ ամենամյա MOM & KID EXPO-ն, որի գործընկերների թվում էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Մեր նախաձեռնությամբ կազմակերպվեցին ու իրականացան երեք դասախոսություն-քննարկումներ, որոնց ընթացքում մասնակից ապագա և ներկա ծնողները կարողացան ոչ միայն հանդիպել և զրուցել հայտնի մասնագետների հետ, այլև ստանալ անհրաժեշտ տեղեկատվական նյութեր և գրքեր երեխաների համար:
«Ուրախ ենք, որ էքսպոյի շրջանակում հնարավորության ունեցանք հայ ծնողներին անհրաժեշտ վստահելի տեղեկատվություն և նյութեր տրամարդել: Նմանատիպ միջոցառումները անասելի կարևոր են ծնողների հետ շփվելու, նրանց կարիքներին ծանոթանալու և երեխայի խնամքի և ծնողավարման թեմաները արժևորելու համար: Հուսամ՝ Հայաստանի այլ բնակավայրերում ևս կկարողանանք նման ձևաչափով հանդիպումները ամենամյա ավանդույթ սարքել», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը:
Էքսպոյի այցելուների համար նախատեսված դասախոսությունների շարքը բացեցին դիետոլոգ Լիդիա Այվազյանը և հավելյալ սնուցման խորհրդատու Սաթինե Բարսեղյանը` «Չուտող երեխա». բժշկական և հոգեբանական պատճառները» թեմայով համատեղ ելույթով։ Մասնագետները հատուկ շեշտադրումով ներկայացրին խնդրի լուծման առաջին 10 քայլերը, որոնց նպատակն է ընտանիքում սննդային վարքի առողջ մշակույթ կազմակերպելը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկ անգամ չէ, որ զրուցել է տկն Այվազյանի հետ այս թեմայով: Մեր նախորդ համատեղ լայվերին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:
Ապագա, փորձառու և անփորձ ծնողների երկրորդ հանդիպումը մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի հետ էր։ Բժիշկը քայլ առ քայլ ներկայացրեց հղիության նախապատրաստման փուլերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հարցի ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական կողմերին։ Նրա պնդմամբ՝ բարեհաջող բեղմնավորմանը, անցնցում հղիությանը ու առողջ երեխայի լույս աշխարհ գալուն նախորդում է նպատակաուղղված աշխատանք, որի կարևորությունը պետք է գիտակցի յուրաքանչոյւր զույգ: Տիկին Առուստամյանի հետ այս մասին զրուցել էինք նաև ամռանը:
Հանդիպումների շարքն ամփոփեց մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կրծքով կերակրման նախապատրաստման, դրա կարևորության և անփոխարինելիության, ընթացիկ փուլերի, հնարավոր դժվարությունների ու ԿԿ-ն եզրափակելու կանոնների նրբությունները։ Ներկաներին ամենից շատ հուզող հարցերը վերաբերում էին հենց այս թեմային․ ծծակի կիրառում, գիշերային կերակրումներ, ջուր և այլ հեղուկներ կյանքի առաջին 6 ամսում և այլն։ Մասնագետը պատասխանեց բոլոր հարցերին՝ արձանագրելով, որ ԿԿ թեմային առնչվող շատ միֆեր, վախեր ու թյուրըմբռնումներ դեռ խոր արմատներ ունեն ծնողների գիտակցության մեջ: Ավելի մանրամասն թեմային կարող եք ծանոթանալ նաև հետևյալ համատեղ լայվի շրջանակում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը էքսպոյում նաև հանդես եկավ մեկ կարևոր նորությամբ՝ այս ամիս ««Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ մեկտեղ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկել ենք գիտակցված և դրական ծնողավարության առաջին հայալեզու համալիր կրթական ծրագիրը, որն այս տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին հասանելի կլինի առցանց դասընթացի ձևաչափով և անվճար հիմունքներով մինչև 10․000 հայ ծնողի: Դասընթացին կարող եք գրանցվել aybuben.parenting.am կայքէջի միջոցով: