Skip to main content
Հետադարձ կապ

Երեխայի ծննդով պայմանավորված՝ ի՞նչ աջակցություն է տրամադրում պետությունը

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով՝ պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվում է աջակցություն՝ նպաստների և մի շարք այլ ծրագրերի միջոցով։

 

1. Մայրության նպաստ

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը կազմում է՝

1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության)

2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում

3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխա ունենալու դեպքում:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի ամբողջ ժամանակահատվածի համար (եթե չի ավարտվում աշխատանքային պայմանագիրը) պետական բյուջեի միջոցներից տրվում է մայրության նպաստ, որի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված վարձու աշխատողի նախորդ 12 ամսվա միջին ամսական աշխատավարձից: Մայրության նպաստը վարձու աշխատողին հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն, որն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից։

Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է 156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։ 

 

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով։  Ընդ որում, եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և երեխան պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետությունում:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300,000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,000,000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1,500,000 դրամ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը):

Քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

 

3. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը,
  • գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Եվ՛ գյուղաբնակ, և՛ քաղաքաբնակ աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

  • խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,
  • դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կազմում է՝

  • Քաղաքաբնակ աշխատող մոր համար՝ 28,600 դրամ,
  • գյուղաբնակ աշխատող և խնամքի արձակուրդում գտնվող մոր համար՝ 57,200 դրամ,
  • գյուղաբնակ չաշխատող մոր համար՝ 28,600 դրամ։

Նշված նպաստը նշանակելու համար, քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

 

4. Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագիր

2022 թվականի հունվարի 1-ից հետո, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում, պետության կողմից տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ 

Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝ 

  • ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված մյուս երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ հաշվի է առնվում ամենաբարձր կարգաթիվը։ Օրինակ՝ եթե ընտանիքում կա մեկ երեխա և ծնվում են զույգ երեխաներ, ապա այս դեպքում նոր ծնված երեխաներից յուրաքանչյուրին տրվում է 50,000 դրամ աջակցություն (այսինքն՝ ընտանիքն ամսական ստանում է 100,000 դրամ աջակցություն):

Աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։ Առձեռն տարբերակն ընտրելու դեպքում՝ անհրաժեշտ փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայության համարանիշ, երեխաների ծննդյան վկայականներ, ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականներ, ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր ևս) հարկավոր է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, իսկ էլեկտրոնային դիմում հնարավոր է լրացնել Միասնական սոցիալական ծառայության՝ www.socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնում։