Skip to main content
Հետադարձ կապ

Ի՞նչ դեր ունի կոլեկտիվ իմունիտետը հիվանդությունների բռնկումները կանխելու գործում

Երբ խոսում ենք ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մասին, առաջին պլան է դուրս գալիս կոլեկտիվ իմունիտետ հասկացությունը, քանի որ ցանկացած վարակ կարող է փոխանցվել մեկից մյուսին, հասնել մեզ ու մեր երեխաներին։ Կոլեկտիվ իմունիտետը ոչ թե վերացական հասկացություն է, այլ պաշտպանիչ մեխանիզմ է, որը վահան է հանդիսանում մեր (հասարակության) և վարակիչ հիվանդությունների միջև։

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի մանկական վարակաբան Սոսե Մարգարյանի հետ զրուցել ենք կոլեկտիվ իմունիտետի ձևավորման և կարևորության մասին։ Զրույցի առանցքային հաղորդագրությունները՝ ստորև։

Ապահովելով պատվաստումների որոշակի տոկոս՝ մենք ստեղծում ենք պաշտպանիչ շերտ, որը թույլ չի տալիս հիվանդություններին բռնկվել ու տարածվել երկրում, տարածաշրջանում, աշխարհում։ Տարիներ շարունակ մեր երկրում չի գրանցվել կապույտ հազ, դիֆթերիա, պոլիոմիելիտ հիվանդությունները։ Ինչո՞ւ, որովհետև պատվաստումների օգնությամբ դրանք դարձել են կառավարելի, բայց աշխարհի տարբեր անկյուններում դեռ գրանցվում են այդ և վարակիչ այլ հիվանդությունների նոր դեպքեր, ինչը գալիս է ապացուցելու՝ մարդությունը չի հաղթել այդ հիվանդություններին, դրանք պարզապես դարձել են կառավելի։ Բավական է նվազի այդ հիվանդությությունների դեմ պատվաստում ստացած մարդկանց թիվը և որոշ ժամանակ անց դրանք դարձյալ գլուխ կբարձրացնեն։

Հեռու չգնանք՝ չկա ամիս, որ մեր հիվանդանոցում չգրանցվի կարմրուկի գոնե մեկ նոր դեպք։ Հայտնի է, որ կարմրուկի համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է, որ ազգաբնակչության մոտավորապես 95 տոկոսը պատվաստված լինի այդ հիվանդության դեմ։ Պատվաստվողների թվի նվազումը լուրջ հարված է կոլեկտիվ իմունիտետին։ Դրա թուլացումը գուժում է, որ լինելու են նոր դեպքեր ու նոր բռնկումներ:

Երեխաները կարմրուկի դեմ առաջին պատվաստումը սովորաբար ստանում են մեկ տարեկանում, բայց համաճարակաբանական իրադրությունը թույլ է տալիս նվազեցնել տարիքային շեմը ու պատվաստման առաջին դեղաչափը ստանալ վեց ամսականից, իսկ երկրորդը՝ չորս տարեկանում։ Հաշվի են առնվում երեխայի շփումները վարակակիրների հետ և մի շարք այլ հանգամանքներ։

Կարմրուկի պատվաստումը պաշտպանում է վարակիչ հիվանդությունից ոչ միայն մեզ ու մեր երեխաներին, այլև այն երեխաներին ու մեծահասակներին, որոնք պատվաստված չեն օբյեկտիվ պատճառներով՝ դեռ փոքր են, ունեն իմունիտետը ճնշող հիվանդություններ կամ օգտագործում են իմունիտետը ճնշող դեղամիջոցներ։ Վերջին երկու խմբերում ընդգրկված թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները ավելի ծանր են տանում վարակիչ հիվանդությունը։ Այնպես որ կոլեկտիվ իմունիտետի ձևավորումն ու պահպանումը մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության ընկալումն է նաև այն մարդկանց նկատմամբ, որոնք դեռ չեն կարող կամ առհասարակ չեն կարող պատվաստվել կարմրուկի դեմ։

Պատվաստման հակացուցում հասկացությունը շատ ծնողներ հաճախ մեկնաբանում են այնպես, ինչպես ցանկանում են։ Թերևս ամենից տարածված օրինակը՝ ծնողը դեմ չէ, որ երեխան ստանա հերթական պատվաստումը, բայց ասում է՝ երեխաս հաճախ է հիվանդանում, իմունիտետը թույլ է, չեմ տանի պատվաստելու։ Մինչդեռ պետք է իմանալ, որ երեխաների հարբուխով կամ գրիպի վիրուսով հաճախակի հիվանդանալը նույնը չէ, ինչ ախտորոշված իմունային անբավարարությունը։ Երեխայի հաճախակի հիվանդանալը չպետք է դառնա պատվաստումից, ասել կուզի՝ պաշտպանությունից զրկելու պատճառ։

Մեկ երեխայի օրինակ դիտարկենք։ Նրա իմունային անբավարարությունը կարող է դեռ ախտորոշված չլինել, բայց մանկաբույժը, պատվաստումից առաջ, ստանում է երեխայի քարտը և տեսնում է՝ արդյոք երեխան նախորդ մեկ տարում ունեցել է բազմակի բակտերիալ ինֆեկցիաներ՝ թոքաբորբ, սեփսիս, միզուղիների ինֆեկցիա, բազմակի ականջաբորբեր, որոնք իմունային անբավարարության ահազանգ կարող են լինել։ Եթե երեխան առողջական այդօրինակ խնդիրներ չի ունեցել՝ պատվաստումից առաջ արյան կամ այլ անալիզների կարիք չկա։

Շատ մեծահասակներ չգիտեն՝ մանկության տարիներին կարմրուկի դեմ պատվաստում ստացել են, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ մեր երկրում այժմ գրանցվում են կարմրուկի նոր դեպքեր՝ կարող ենք առաջարկել այդ մեծահասակներին ստանալ կարմրուկի դեմ պատվաստում։ Այդ մարդկանց շարքերում չեն կարող լինել հղիները։ Ընդգծենք՝ հղիության ընթացքում կարմրուկի դեմ չեն պատվաստում, ավելին, եթե հղիությունը պլանավորված է, ապա կարմրուկի դեմ պատվաստում կինը կարող է ստանալ հղիությունից առնվազն վեց ամիս առաջ։ Ծննդաբերությունից հետո կինը կարող է ստանալ կարմրուկի դեմ պատվաստում։ Կրծքով կերակրումը հակացուցում չէ:

Դիտե՛ք ամբողջական զրույցը ստորև:

 

Նույնաբովանդակ այլ նյութեր