Skip to main content
Հետադարձ կապ

Ինչո՞ւ բոլոր նորածինները պետք է ստանան հեպատիտ B–ի դեմ պատվաստանյութը

Ինչո՞ւ բոլոր նորածինները պետք է ստանան հեպատիտ B–ի դեմ պատվաստանյութը

Քանի որ հեպատիտ B ունեցող մարդկանց մեծ մասը տեղյակ չէ վարակի առկայության մասին, ապա այն կարող է հեշտությամբ փոխանցվել ուրիշներին, և որքան երիտասարդ տարիքում է մարդը վարակվում, այնքան ավելի ծանր են հետևանքները։

Ի՞նչ է հեպատիտ B-ն 
Հեպատիտ B–ն վիրուսային վարակ է, որը ախտահարում է լյարդը։ Այն կարող է առաջացնել լյարդի ցիռոզ և լյարդի քաղցկեղ։ Ամեն տարի այս վիրուսը ավելի քան մեկ միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում աշխարհում և վարակում է ևս շուրջ մեկ միլիոն մարդու։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական և արևելյան միջերկրածովյան տարածաշրջաններում ներկայում շուրջ 26 միլիոն մարդ ապրում է հեպատիտ B վիրուսով։

Թեև հեպատիտ B–ն չի բուժվում, այնուամենայնիվ, այն կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով։

Քանի որ շատ մարդիկ, այդ թվում՝ մեծահասակների մեծ մասը, վարակվելիս որևէ ախտանիշ չեն ունենում, ապա նրանք հաճախ տեղյակ չեն լինում մինչև հիվանդությունը չի խորանում։

Իրականում, ըստ ԱՀԿ գնահատումների, հեպատիտ B–ով վարակված մարդկանց 87 տոկոսը չգիտի դրա մասին։ Սա նշանակում է, որ նրանք նաև ավելի մեծ վտանգ են ներկայացնում այլոց վարակելու առումով։

Ինչո՞ւ է հեպատիտ B–ն վտանգավոր երեխաների համար
Հեպատիտ B-ով վարակված նորածիններն ու երեխաները հաճախ ավելի հավանական է, որ ունենան սուր ախտանշաններ, այդ թվում՝ դեղնախտ, լուծ, ախորժակի կորուստ, ջերմություն, հոգնածություն և մուգ գույնի մեզ և այլն։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել լյարդի անբավարարության։

Երբ հեպատիտ B-ն դառնում է քրոնիկ՝ տևելով վեց ամիս կամ ավել, այն կարող է առաջացնել լուրջ երկարատև հետևանքներ, այդ թվում՝ լյարդի քաղցկեղ և լյարդի այլ հիվանդություններ։ Սա հատկապես հավանական է, երբ հիվանդությամբ վարակվում են մանկության տարիներին։

Հեպատիտ B-ով վարակված յուրաքանչյուր 20 մեծահասակից մեկի, իսկ կյանքի առաջին տարում վարակված յուրաքանչյուր 20 նորածնից 18-ի և մեկից չորս տարեկանում վարակված յուրաքանչյուր 20 երեխայից 5-10–ի դեպքում զարգանում է քրոնիկ հեպատիտ։

Քրոնիկ հեպատիտ B ունեցող յուրաքանչյուր չորս երեխայից մեկը մահանում է կա՛մ լյարդի քաղցկեղից, կա՛մ լյարդի այլ հիվանդությունից։

Ինչպե՞ս է հեպատիտ B–ն փոխանցվում երեխաներին 
Հեպատիտ B-ն առաջանում է վիրուսից, որը փոխանցվում է արյան և օրգանիզմի այլ կենսահեղուկների միջոցով: Թեև հեպատիտ B-ն կարող է փոխանցվել սեռական շփման կամ նույն ասեղի օգտագործման միջոցով, այն կարող է փոխանցվել նաև այլ եղանակներով, քանի որ վիրուսը կարող է գոյատևել մարմնից դուրս, այդ թվում՝ մակերեսների վրա, մինչև յոթ օր:

Երեխաների շրջանում հեպատիտ B-ով վարակվելու ամենատարածված ձևերից մեկը ծննդաբերության ժամանակ վարակված մորից փոխանցումն է: Դա պայմանավորված է նրանով, որ վիրուսը չի անցնում ընկերքի միջով, ինչը նշանակում է, որ պտուղը կարող է չվարակվել հղիության ընթացքում: Սակայն ծննդաբերության ժամանակ մոր արյան հետ շփումը նորածնի համար կարող է վտանգավոր լինել:

Ենթադրվում է, որ այն չի փոխանցվում կրծքի կաթի միջոցով, եթե մոր պտուկները ճաքած չեն կամ չեն արյունահոսում:

Ինչպես մեծահասակները, երեխաները կարող են վարակվել հեպատիտ B-ով ոչ հիգիենիկ բժշկական միջամտությունների ժամանակ, երբ կիրառվում են ասեղներ, շեղբեր կամ այլ տեսակի բժշկական սարքավորումներ: Երեխաները կարող են վարակվել նաև այլ եղանակներով, օրինակ, երբ խաղալուց կամ մարզումների ժամանակ քերծվածք են ստանում՝ առանց ախտանշանների թիմակիցներից։

Նախկինում հեպատիտ B-ի բռնկումները նաև կապված են եղել հիվանդանոցային, ատամնաբուժական և նույնիսկ ասեղնաբուժական միջամտությունների հետ:

Իրականում, հեպատիտ B հիվանդությամբ մարդկանց շուրջ 30 տոկոսը չգիտի, թե ինչպես է վարակվել։ Ահա թե ինչու է վաղ մանկության շրջանում պատվաստումը այդքան կարևոր, և սովորաբար խորհուրդ է տրվում պատվաստել բոլոր նորածիններին, ոչ թե միայն նրանց, որոնց մայրերի՝ հեպատիտ B-ի թեստը դրական է։

Ի՞նչ է հեպատիտ B-ի դեմ պատվաստումը
Հեպատիտ B-ի առաջին պատվաստանյութը հաստատվել է 1981 թվականին: Այն 98 տոկոս արդյունավետությամբ պաշտպանում է վարակից։

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ բոլոր նորածինները ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում ստանան առաջին դեղաչափը: Եվս երկու կամ երեք դեղաչափ ստանում են մոտ չորս շաբաթ ընդմիջումով։

Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են ներարկման տեղում ցավը և մեկ-երկու օրվա ընթացքում բարձր ջերմությունը: Տասնամյակների հետազոտությունները որևէ կապ չեն հայտնաբերել հեպատիտ B-ի պատվաստանյութի և աուտիզմի, ցրված սկլերոզի կամ որևէ այլ նյարդաբանական կամ զարգացման խանգարման միջև։

Մինչև պատվաստանյութի լայնորեն տարածվելը աշխարհում յուրաքանչյուր 20 երեխայից մոտ 1-ը հիվանդանում էր հեպատիտ B–ով: Այժմ վարակվում են ավելի քիչ, քան յուրաքանչյուր 100 երեխայից 1-ը։