Skip to main content
Հետադարձ կապ

Երեխաների անվտանգության մասին

Մտածելով երեխաների հետ պատահող դժբախտ պատահարների մասին՝ կարևոր է հաշվի առնել բոլոր այն գործոններն ու առարկաները, որոնք կապված են երեխայի վարքի հետ և պատահարների պատճառ են հանդիսանում, ինչպես նաև միջավայրը, որտեղ տեղի է ունենում պատահարը:

Երեխայի հետ կապված դժբախտ պատահարների մեծամասնությունը կարելի է կանխել, եթե ծնողը իմանա դրանց առաջացման պատճառները և աշխատի դրանցից խուսափել: Եթե դեռևս փոքրուց մեզ հաջողվի երեխայի անվտանգ վարքագիծ ձևավորել, ապա երեխան ինքը կխուսափի հնարավոր վտանգներից:

Հաշվի առնելով, որ երեխան հիմնականում սովորում է՝ տեսածը կրկնօրինակելով՝ ծնողը ինքը պետք է լինի նրա դաստիարակության և, մասնավորապես, անվտանգ վարքագծի ձևավորման լավագույն օրինակը: Երեխային պետք են դրական օրինակներ, և այդ օրինակն առաջին հերթին պիտի լինի ծնողը:

Շատ կարևոր է նաև երեխայի տարիքը հաշվի առնելու հանգամանքը. օրինակ՝ 6-12 ամսական երեխաները ոչ միշտ են հասկանում «մի՛ արա», «չի՛ կարելի» բառերի իմաստը: Նույնիսկ եթե ծնողը 20 անգամ զգուշացնի երեխային, որ նա չմոտենա վառարանին կամ նա չվերցնի տաք թեյով լի բաժակը, երեխան կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ արգելված առարկային հասնելու համար: Այս տարիքում երեխայի մոտ դեռ բավարար զարգացած չէ վտանգի զգացողությունը, որպեսզի նա մտաբերի ծնողի զգուշացումները: Այն, ինչ արգելված է, միշտ ավելի գրավիչ է երեխայի համար: Նա շարունակ փորձարկում և վերափորձարկում է իրականությունը, որը այդ տարիքում երեխայի բնականոն զարգացման և սովորելու ուղին է:

Ծնողները պետք է նաև հաշվի առնեն երեխայի խառնվածքը. չափազանց ակտիվ և հետաքրքրասեր երեխան ավելի շատ պատահարների է հանդիպում: Եթե երեխան կամակոր է, շուտ է հուսահատվում կամ չի կարողանում կենտրոնանալ, նրա նկատմամբ անհրաժեշտ է չափազանց ուշադիր լինել, քանի որ չի բացառվում, որ նա կփորձի խախտել անվտանգության կանոնները:

Տանը անվտանգ միջավայր ստեղծելու քայլերը տարբերվում են՝ կախված երեխայի տարիքից: Շատ լուրջ վնասվածքներ կարող են կանխվել, եթե ծնողները և խնամողները ուշադիր հետևեն երեխաներին՝ մաքուր պահելով նրանց միջավայրը: