Skip to main content
Հետադարձ կապ

Երեխաները ինչպե՞ս կարող են պաշտպանվել համացանցում

Եթե սովորական աշխարհում վտանգները շատ են, ապա թվային աշխարհում դրանք հազարապատիկ են, քանի որ թվային աշխարհը անսահման է ու հասանելի բոլորին։ Եվ ինչպես սովորական աշխարհում, այնպես էլ՝ թվային աշխարհում պետք է ամեն ինչ անել պաշտպանվելու համար։

Մենք խոսել ենք երկու երեխաների մայր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանի հետ և նրանից համացանցում երեխաներին պաշտպանելու խորհուրդներ հարցրել։

Հարց 1։ Երեխաները ինչպե՞ս կարող են պաշտպանվել համացանցում։

Վիկտորիա։ Եթե խոսում ենք տարրական և միջին դպրոցի աշակերտների մասին, որոնց մեծ մասն այսօր առցանց կրթության մեջ է ընդգրկված, խոսում ենք հիմնականում այն երեխաների մասին, ովքեր առցանց նյութեր են ստանում, լսում են դասն առցանց ու հետո կատարում են իրենց հանձնարարությունները՝ կրկին առցանց։ Այս երեխաները համացանցում որոնում իրականացնելու կամ որոշակի նյութեր ուսումնասիրելու խնդիր չունեն։ Բայց այս տարիքի երեխաների համար շատ կարևոր է մի քանի խորհուրդների հետևելը։

  1. Առցանց ուսուցումը, նույնպես ուսուցում է։

Նախ օգտագործեք համացանցը իսկապես ձեզ ուղարկված հանձնարարությունը կատարելու համար։ Միշտ կա ուսումնական պրոցեսից դուրս գալու գայթակղություն, քանի որ հեռախոսը մեր ձեռքն է ընկել։ Բայց սա այլ պատմություն է, որ պետք է քննարկել ծնողների հետ։ Իսկ ուսման պրոցեսում աշխատում ենք որևէ կերպ դուրս չգալ ուսման պրոցեսից։ Եթե Վայբերով դաս ենք լսում, ուրեմն դաս ենք լսում։ Հնարավոր է գան առաջարկներ տարբեր խմբերից, նամակներ՝ անծանոթ մարդկանցից, մենք դրա վրա ուշադրություն չպետք է դարձնենք, որովհետև այս պահին դաս ենք անում։ Սա կարևոր է բոլոր տարիքի երեխաների համար։ Առցանց ուսուցումը, դա ուսուցում է։ Այն փոփոխված ուսուցում է, բայց մեզ համար շարունակում է մնալ այն նույն նյութի յուրացում, որը մենք դպրոցում պետք է սովորեինք։

  1. Անծանոթը համացանցում նույնպես անծանոթ է և նրա հետ շփվելը կարող է վտանագավոր լինել։

Երկար ժամանակ մենք ջանում էինք աջակցել ծնողներին՝ սահմանափակել երեխաների առցանց գտնվելու ժամանակը կամ որակյալ ու ապահով դարձնել այդ ժամանակը։ Հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ընդհակառակը, ինքներս ենք ընդլայնել այդ ժամանակը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ ապահովել երեխայի կրթության իրավունքը և, ինչու ոչ, նաև ապահովել նրա սոցիալական շփումները։ Երեխաները այսօր չեն կարող խաղալ ընկերների հետ, և դրան ինչ որ ձևով փոխարինում է վիդեո չատը, առցանց զրույցները, միասին երգելը, միասին խաղալը և այս ամենը առցանց է կատարվում։ Դրա համար երեխաները պետք է մի ոսկե կանոն հիշեն։ Քանի որ շփումը համացանցում շատացել է, այդ շփումը կարող է իր մեջ պարունակել ամենատարբեր ոչ հաճելի և ոչ ցանկալի, նաև՝ վտանգավոր տարրեր, ինչպիսիք են՝ ծանոթ և անծանոթ մարդկանցից վիրավորական հաղորդագրությունները, անծանոթ մարդկանցից ընկերանալու առաջարկներ ստանալը և այլն։ Միշտ պետք է հիշել, որ անծանոթը մնում է անծանոթ։ Եթե ուզում ենք ապահով լինել նաև համացանցում, ապա այն օգտագործում ենք կապ պահպանելու մեզ ծանոթ անձանց՝ ուսուցիչների, ընկերների հետ։

  1. Եթե որևէ բան ձեզ անհանգստացնում է, ապա անպայման խոսեք ծնողների կամ վստահելի մեկ այլ մեծահասակի հետ։

Եթե որևէ բան անհանգստացնում է ձեզ համացանցում, ապա պետք է դրա մասին պատմեք ձեր ծնողներին կամ մեկ այլ վստահելի մեծահասակի, որպեսզի նրանք կարողանան օգնել ձեզ։ Այսօր, առավել, քան երբևէ, կարևոր է, որ ձեր ծնողները կարողանան օգնել ձեզ։ Իհարկե բացառություններ կան կան երեխաներ, ովքեր մեծահասակներից ավելի լավ գիտեն՝ ինչպես արգելափակել գրառումը, ինչպես զեկուցել /report/ Ֆեյսբուքում, Տիկ-Տոկում և այլն։ Բայց հիմնականում երեխաների մի մասը, ում համար համացանցի հետ շփումը նոր է կամ նոր է այդ ծավալով, անպայման պետք է խոսեն իրենց ծնողների հետ, եթե կա մի բան, որ անհանգստացնում է նրանց։ Պարտադիր չէ, որ դա լինի շփման շղարշի ներքո, հնարավոր է նաև որևէ նյութ բացեք, ու այնտեղ լինի մի բան, որը շատ լուրջ ազդեցություն գործի ձեզ վրա անպայման պատմե՛ք ծնողներին։ Հիմա այս լարված իրավիճակում, ավելի քան երբեք, կարևոր է վստահել ծնողներին կամ ընկերներին, որպեսզի նրանք կարողանան օգնել ձեզ։

  1. Շատ կարևոր է անձնական տվյալների պաշտպանությունը։

Հիշենք, որ ամեն տեղեկատվություն, որ տեղադրում ենք համացանցում, թողնում է իր թվային հետքը, նույնիսկ եթե մենք դա ջնջում ենք, ապա այն չի կորչում, քանի որ որևէ մեկը կարող է նկարել ու պահել է դա։ Հիմա՝ հեռավար ուսուցման շրջանակում, երեխաները տարբեր հարթակներում ստեղծում են իրենց էջերը և առանց երկար մտածելու՝ տեղադրում իրենց բոլոր անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե, անձնական լուսանկարներ, ընտանեկան կապեր, դպրոցը։ Մի շատ լավ տեսանյութ կա, երբ երեխաներին նստեցնում են և սկսում հարցաքննել՝ «գիտենք, որ հավանում ես քո դասընկերոջը, քանի որ նա շատ ոճային է, կամ «դու շա՞տ տխրեցիր, երբ ցածր գնահատական ստացար»։ Երեխաները սկսում են անհանգստանալ և հարցնել, թե որտեղից այդքան տեղեկություն ունեն անծանոթ մարդիկ իրենց մասին։ Պարզվում է, որ այդ ամենը հայտնի է սոցիալական մեդիայում նրանց պրոֆիլներից։ Հետևաբար, երեխանե՛ր, մինիմալ տեղեկատվություն տեղադրեք ձեր մասին սոցիալական մեդիաներում և այլ հարթակներում։ Թույլ մի՛ տվեք այլ անձանց ձեր մասին համալիր տեղեկույթ կազմել։ Կարող եք սահմանափակվել ձեր անունը՝ առանց ազգանվան, և նկարը տեղադրելով ընդ որում՝ այնպիսի նկար, որը դուք դեմ չեք լինի փակցնել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։ Պետք է հաշվի առնել, որ այս ինֆորմացիան հանրային է և կարող է օգտագործվել, ինչպես բարի, այնպես էլ՝ չար նպատակներով։

  1. Բարի լինենք։

Արտակարգ դրության հետ կապված այս բարդ իրավիճակում, եթե մենք համացանցում միմյանց նկատմամբ բարի չենք, եթե կամա թե ակամա վիրավորում ենք որևէ մեկին,, հնարավորություն չենք ունենա հանդիպել այդ մարդուն առերես ու բացատրել իրողությունը։ Հետևաբար, միշտ՝ բայց այսօր առավել, քան երբևէ, յուրաքանչյուր գրառում անելուց առաջ կարևոր է հիշել, որ էկրանի հետևում մեզ պես մարդ է նստած, ով նույնպես ունի զգացմունքներ, ապրումներ, ով մեզ հետ միասին այս նույն իրավիճակում է հայտնվել։

 

Հարց 2։ Այս ամենը կարելի է հանգիստ վերագրել նաև ավագ դասարանցիներին, իսկ կա՞ն այլ խորհուրդներ հատուկ նրանց համար։

Վիկտորիա։ Տասներեքից բարձր տարիքի երեխաները, որպես կանոն, արդեն համացանցում իրենց կյանքն ունեն, և նաև ավելի ինքնուրույն են՝ կրթական գործողություններ իրականացնելիս։ Շատ դեպքերում նրանց առաջադրանքների մի մասը համացանցի հետ է կապված։ Որոշ տարրական կանոններ կան, որոնք պետք է հաշվի առնել․

  • Որոնումը կատարել հստակ ձևակերպելով միտքը այսինքն՝ պետք է ընտրել հստակ բանալի բառեր, որպեսզի հնարավորինս քիչ քանակով ոչ հարիր բովանդակություն գտնեք։
  • Օգտվել վստահելի կայքերից։ Կարևոր է, որ երեխաները իմանան ապահով և ոչ ապահով կայքերի մասին, օրինակ՝ https-ով կայքերը ավելի ապահով են, քան http կայքերը, որտեղ s- security տառը բացակայում է։ Որոնում անելիս ուշադի՛ր եղեք .gov և .edu կայքերում սովորաբար վնասակար բովանդակություն չի լինում, մինչդեռ .com և .net կայքերում ամեն ինչ էլ կա։
  • Գումար պահանջող հավելվածների դեպքում դիմել ծնողներին։ Բոլոր դեպքերում, երբ հավելվածը գումար է պահանջում, պետք է անպայման խոսել ծնողների հետ և ոչ միայն գումարի համար, այլ նաև հնարավոր է ավելորդ գումարի արդյունքում բացված բովանդակությունը չհամապատասխանի երեխայի տարիքին։
  • Իմանալ, որ համացանցի տեղեկատվությունը չի զտվում։ Երեխաները պետք է իմանան, որ ինֆորմացիան համացանցում որևէ կերպ չի զտվում։ Հավաստի տեղեկատվության և արժանահավատ նյութերի հետ մեկտեղ՝ մենք ունենք նաև շատ մեծ քանակությամբ «աղբ»։ Հետևաբար, երբ համացանցում գտնում եք որևէ տեղեկատվություն, պետք է ստուգել այն հավաստի աղբյուրների միջոցով։ Կարևոր է, որ երեխաները կարողանան այս տարիքից սկսած՝ զտել տեղեկատվությունը։ ՔՈՎԻԴ-19-ի մասին վստահելի տեղեկատվություն կարող եք գտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և Առողջապահության նախարարության կայքերում։
  • Հայաստանում էլ նման բաներ կան։ Հայաստանում 11-14 տարեկան երեխաների 13%-ը անձնական բնույթի խոսակցությամբ, իսկ 7%-ը վիրավորական կամ ահաբեկող բնույթի բովանդակությամբ հաղորդագրություններ է ստացել առցանց։ Այնպես որ, մի՛ համարեք, թե դա ձեզնից հեռու է կամ Հայաստանում նման բաներ չկան։ Մենք ասում ենք՝ կա, ու հորդորում ենք պաշտպանվել այս ամենից։
  • Կարդացե՛ք «Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր դեռահաս կիբերբուլիինգի մասին» հոդվածը և կիմանաք սոց մեդիաներում պաշտպանվելու մի շարք գործիքների մասին։