Մնա՛ տանը և Երկիր մոլորակի օրը տոնի՛ր ընտանիքիդ հետ
Ապրիլի 22-ին ողջ աշխարհում արդեն 50-րդ անգամ նշվում է Մայր Երկրի (Երկիր մոլորակի) օրը: Այս տարի այն նվիրված է կլիմայական փոփոխություններին և առաջին անգամ այն նշվելու է հեռավար կարգով՝ հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված իրավիճակը:
Օրվա խորհուրդը մարդկության ուշադրությունը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա հրավիրելն է։ Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի բնության հանդեպ իր վերաբերմունքի մասին և իր առօրյա կյանքում սկսի թեկուզ փոքրիկ, սակայն հաստատուն քայլերով նպաստել միջավայրի մաքրությանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն առաջարկում են մի քանի խորհուրդ, որ կարող եք սկսել անել ԱՅՍՕՐ՝ Երկիր մոլորակի օրվա կապակցությամբ, իսկ ԱՄԵՆ ՕՐ հանուն ավելի «մաքուր, կանաչ» երկրագնդում ապրելու։
Խնայե՛ք էլեկտրաէներգիան։
- Ուսումնասիրե՛ք, թե ինչ ծագում ունի ձեր տան էլեկտրական հոսանքը: Որքանո՞վ է այն էներգիայի «մաքուր» աղբյուր համարվում։
- Անջատե՛ք ձեր տանը առանց անհրաժեշտության վառվող լույսերը։ Մրցույթ կազմակերպե՛ք քույր-եղբայրների հետ՝ տեսնելով, թե ով է ավելի ուշադիր։
- Քնելիս հոսանքից անջատեք բոլոր խրոցակները։ Այսպես կխնայեք թե՛ էլեկտրաէներգիան, ու թե՛ ձեր գումարը։
Խնայե՛ք ջուրը։
- Ուսումնասիրե՛ք, թե ինչ աղբյուրից է գալիս ձեր խմելու ջուրը։
- Կրճատե՛ք լողանալու ժամանակը մինչև 5 րոպե և փակե՛ք ծորակը ատամները լվանալու ընթացքում՝ խնայելով բոլորիս համար այդքան կարևոր ռեսուրսը։
- Թեյ խմելիս թեյնիկը լիքը լցնելու փոխարեն, լցրե՛ք այն անհրաժեշտ քանակով միայն։ Եթե հանկարծ թեյնիկում ջուր է ավելացել, ապա այն օգտագործեք տան բույսերը ջրելու համար։ Այդպիսով կխնայեք ձեր ժամանակը, ջուրը և էլեկտրաէներգիան։ Այսօրվանից մեկ ամիս գրանցե՛ք ձեր և ընտանիքի անդամների կողմից խնայված ջրի քանակը: Արդյունքների մասին պատմե՛ք ընկերներին և բարեկամներին:
Քիչ սննդային աղբ՝ քիչ վնաս։
- Ուսումնասիրե՛ք ձեր սառնարանը։ Ճիշտ պլանավորե՛ք սննդի քանակը և ճիշտ պահե՛ք սնունդը, որպեսզի հնարավորինս քիչ սնունդ թափեք․ չէ՞ որ սննդի արտադրությունը նույնպես վնասում է Երկիր մոլորակին։
Ո՛չ պլաստիկին։
- Եկե՛ք ընտանիքի բոլոր անդամներով հին շորերից կտրենք և կարենք բազմակի օգտագործման տոպրակ՝ միանգամյա պլաստիկ տոպրակներից հրաժարվելու համար։ Բայց չմոռանաք խանութ գնալիս վերցնել տոպրակը ձեզ հետ։
- Տանը հնարավորինս խուսափե՛ք պլաստիկի օգտագործումից՝ փոխարինելով այն ապակե, բազմակի օգտագործման տարաներով։ Եթե անգամ հնարավոր չէ առանց պլաստիկի, ապա փորձե՛ք քանակը նվազեցնել և եղածն էլ այլ բաների համար օգտագործել դեն նետելու փոխարեն։
- Հավաքե՛ք օգտագործված պլաստիկն ու այն հանձնեք վերամշակման:
- Գիտե՞ք, որ թեյի մեկանգամյա օգտագործվող պլաստիկ փաթեթները կարող են մեկ բաժակի մեջ պլաստիկի միլիարդավոր միկրոտարրեր արձակել։ Իսկ թղթյա փաթեթները քիչ քանակությամբ միկրոտարրեր են պարունակում, որն անհնար է դարձնում այս փաթեթների վերամշակումը կամ բնական քայքայումը։ Այնպես որ, եթե սիրում եք թեյ խմել, ապա ընտրեք թեյի տերևներն ու թուրմ պատրաստելու երկաթե ցանցերը։
Ավելացրե՛ք տան թթվածինը։
- Տանը կենդանի բույսեր աճեցրե՛ք, այսպիսով կփոխեք ոչ միայն տան միջավայրը և այն ավելի դրական ու «շնչող» կդարձնեք, այլև կավելացնե՛ք ձեր տան թթվածնի քանակը։ Կարող եք նաև ուղղակի բամբակ վերցնել, վրան աճեցնել ցորեն, պարբերաբար ջրել և խնամել։ Այն նույնպես թթվածնի քանակը տանը կավելացնի։
Ի՞նչ է գլոբալ տաքացումը։
- Երեխաների հետ միասին ուսումնասիրե՛ք, թե ինչ է գլոբալ տաքացումը, ինչու է այն վտանգավոր։ Հայաստանում կլիմայի փոփոխության մասին կարող եք տեղեկանալ այս կայքից։ Իսկ երիտասարդ առաջնորդներին առաջարկում ենք կարդալ «Կլիմայի փոփոխություն․ մարտահրավերների հաղթահարման կրծքանշան» ուղեցույցը։
- Երեխաների հետ միասին փորձե՛ք ստանալ ամենահայտնի ջերմոցային գազերից մեկը՝ ածխաթթու գազը, հետևյալ եղանակով․
- Չոր թափանցիկ բաժակի մեջ լցրեք 1 թեյի գդալ սննդային սոդա։
- Զանգվածի վրա ավելացրեք 100մլ քացախ։
- Ածխաթթու գազը կսկսի բուռն կերպով անջատվել։
- Փորձեք լուցկու միջոցով հասկանալ ածխաթթու գազը այրվո՞ւմ է, թե՞ ոչ՝ պահելով լուցկին բաժակի վերևում։
- Զգուշացրե՛ք և հիշեցրե՛ք երեխաներին, որ առանց մեծահասակի ներկայության լուցկուն չի կարելի ձեռք տալ ու այս փորձը չի կարելի կրկնել։
Ճանաչե՛ք այն միջավայրը, որտեղ ապրում եք։
- Ընտանիքով դիտեք՝
- Երկիր մոլորակին նվիրված ֆիլմեր, օրինակ՝ Երկրի օրվան նվիրված այս տարվա ֆիլմը, կլիմայի փոփոխության մասին այս ֆիլմը և թեմայի վերաբերյալ կարճամետրաժ այս մուլտֆիլմը։
- Վայելե՛ք Դիեգո Ստոկկոյի բնության երաժշտությունը։ Բոլոր հնչող ձայները կերտված են մայր բնության տրամադրած գործիքներով:
- «Էյ Թի Փի»-ի կողմից մշակված «Ծառերի գաղտնի լեզուն» տեսահոլովակը։
- Երկրի հրաշալի լանդշաֆտների և կենդանական հարուստ աշխարհի մասին ֆիլմերը։
Շնորհավորում ենք մեր սիրելի Երկիր մոլորակի օրը: Պահպանե՛նք մեր փխրուն մոլորակը միասին՝ այսօր և ամեն օր: