Skip to main content
Հետադարձ կապ

Կրակով և եռման ջրով այրվածքներ և ջերմային վնասվածքներ

Այրվածքները ցավոտ են, իսկ ծանր այրվածքները կարող են հանգեցնել հաշմանդամության։ Դրանք հաճախ պատահում են տանը և հատկապես վտանգավոր են փոքր երեխաների համար, որովհետև նրանց մաշկն ավելի նուրբ է, քան մեծահասակներինը։  

Երեխաներին կարելի է պաշտպանել նման վնասվածքներից տանը որոշ պարզ փոփոխություններ կատարելու միջոցով։  

Գիտե՞ք արդյոք։ Ջերմային, այսինքն՝ կրակով և ջրով այրվածքների ավելի քան 90 տոկոսը 5 տարեկանից ցածր երեխաներին պատահում է խոհանոցում։  

Կրակով և ջրով այրվածքների համար տան ամենավտանգավոր վայրը խոհանոցն է։ Վտանգ հատկապես սպառնում է 5 տարեկանից ցածր երեխաներին, քանի որ նրանք սկսում են ուսումնասիրել շրջապատը և ինքնահաստատվել առանց ծնողների նոր բաներ փորձելու միջոցով։  

Երեխաները և այրվածքները  
Երեխաներն առավել հաճախ այրվածքներ ստանում են բաց կրակի մոտ տաքանալիս, լուցկիով, մոմով, բենգալյան կրակով, ճայթուկներով խաղալիս կամ էլեկտրական վարդակների մեջ առարկաներ մտցնելիս։  

Երեխաները և եռման ջրով այրվածքները 
Երեխաները եռման ջրով այրվածքներ ստանում են տաք հեղուկների հետ շփվելիս, օրինակ, երբ նրանց վրա թեյ կամ սուրճ է թափվում, կամ լոգանքի, ծորակի ջուրը շատ տաք է լինում։ Նման այրվածքներ կարող են առաջանալ նաև խոնավ ջերմությունից և տաք գոլորշիներից, օրինակ՝ շոգիից։  

Գիտե՞ք արդյոք։ Բաժակով թեյը կարող է նույնիսկ 15 րոպե հետո բավականաչափ տաք լինել երեխային լուրջ ջերմային այրվածք հասցնելու համար։  

 
Անվտանգության ստուգաթերթիկ  

Ձեռնարկե՛ք հետևյալ քայլերը ձեր երեխային ջերմային այրվածքներից պաշտպանելու համար։  

  • Մի՛ թողեք տաք թեյով, ջրով կամ այլ տաք հեղուկով լի բաժակներ կամ թեյնիկներ երեխային հասանելի տեղերում։  
  • Կրակայրիչներն ու լուցկիները պահե՛ք երեխայի համար անհասանելի տեղում և համոզվե՛ք, որ օգտագործելուց հետո պահել եք դրանք։ Գործածե՛ք այնպիսի կրակայրիչներ, որոնք համապատասխանում են երեխայի անվտանգության ստանդարտներին։  
  • Մի՛ թողեք վառվող ծխախոտը կամ մոմը առանց հսկողության։ Երբեք մի՛ ծխեք անկողնում կամ ուշ գիշերը՝ բազմոցին պառկած։ Լուցկին ու վառիչները պահե՛ք երեխայի հաամր անհասանելի տեղում և նրանց բացատրե՛ք, որ դրանք վտանգավոր առարկաներ են։ Լավ կլինի, որ տանը ընդհանրապես չծխեք։ Այն տներում, որտեղ կան ծխողներ, հրդեհների հաճախականությունն ավելի բարձր է։ 
  • Երեխային հեռո՛ւ պահեք խոհանոցի սալօջախներից, խորովոցներից (խորովելու սարք) և բուխարիներից։ Օգտվե՛ք բաց բուխարու էկրանից, իսկ փայտի վառարանի շուրջը ստեղծե՛ք «մարմրող ածուխներից ապահով» գոտի՝ հեռացնելով այն բոլոր իրերը, որոնք կարող են բռնկվել կայծից։ Նման դեպքերում մեծահասակները պետք է երեխաներին հսկեն կրակի շուրջը գտնվելիս և ուշադիր լինեն արձակած հագուստ կամ հագուստի դետալ, օրինակ՝ շարֆ, կրելիս, որոնք նույնպես կարող են հրդեհի վտանգ առաջացնել։  
  • Երեխային թույլ մի՛ տվեք խաղալ ճայթուկներով։ Հինգ տարեկանից ցածր երեխաներին մի՛ տվեք բենգալյան կրակներ, իսկ ավելի մեծերին հսկողության տա՛կ պահեք, նրանց սովորեցրե՛ք տան ներսում չվառել բենգալյան կրակներ, որովհետև կա հրդեհի վտանգ, ինչպես նաև դրանք պահել պատշաճ հեռավորության վրա։  
  • Թույլ մի՛ տվեք երեխային արևի տակ մնալ երկար ժամանակ, հատկապես օրվա ամենաշոգ ժամերին։ Եթե նրանք արևի տակ են, ապա հետևե՛ք, որ դնեն արևապաշտպան գլխարկ և հագնեն այնպիսի հագուստ, որը կծածկի մաշկը, կամ օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն SPF 30 գործոնով։  
  • Անջատե՛ք ծանրաբեռնված կամ բազմաֆունկցիոնալ հոսանքի փոխարկիչները կամ օգտագործելուց հետո հանե՛ք խրոցը։ Սա օգնում է կանխելու հրդեհի տարածումը։ Մի՛ ծանրաբեռնեք էլեկտրական վարդակները։  
  • Հեռո՛ւ պահեք էլեկտրական շարժական տաքացուցիչները կահույքից և վարագույրներից։ Դրե՛ք այնտեղ, որտեղ հնարավոր չէ դրանք շրջել գցել։ Շարժական հալոգեն լամպեր մի՛ տեղադրեք երեխաների ննջասենյակներում կամ դյուրավառ գործվածքների, օրինակ՝ վարագույրների կողքին։ Մի՛ օգտագործեք էլեկտրական իրեր, ինչպես, օրինակ՝ լամպեր կամ գիշերալամպեր, եթե դրանք կոտրված են, կամ լարերը սարքին չեն։  

Պաշտպանություն հրդեհի ծխային ազդասարքերի միջոցով  
Տան բոլոր հարկերում տեղադրե՛ք հրդեհի ծխային ազդասարքեր, հատկապես ննջարաններին մոտ։ Գնե՛ք այնպիսի ազդասարքեր, որոնք ստուգում են նաև ածխածնի օքսիդի մակարդակը, և ազդասարքերի մարտկոցները փոխե՛ք ամեն տարի որոշակի օր, որպեսզի չմոռացվի։ Կանոնավորապես ստուգե՛ք մարտկոցները՝ սեղմելով և պահելով ազդասարքի փորձարկման կոճակը։  

Երեխաներին սովորեցրե՛ք ինչպես կանխել հրդեհը և ինչպես արձագանքել դրան  

  • Երեխային սովորեցրե՛ք «գետնին պառկել և գլորվել» հագուստի վրայից կրակը մարելու համար:  
  • Քննարկե՛ք, թե ինչպես եք հրդեհի դեպքում փախչելու տնից։  
  • Բացատրե՛ք, որ ավելի անվտանգ կլինի սողալ կամ վազել ծխի տակով, որպեսզի կարողանան ավելի հեշտ շնչել ու տեսնել։  
  • Երեխաներին սովորեցրե՛ք, որ հրդեհի դեպքում նախքան դուռը բացելը պետք է ստուգել դրա տաքությունը։ Եթե դուռը արդեն տաք է, ապա չպետք է այն բացել և պետք է փնտրել մեկ այլ ելք։  
  • Երեխաների հետ անգիր սովորե՛ք տեղի արտակարգ իրավիճակների ծառայության հեռախոսի համարը հրդեհի դեպքում զանգահարելու համար և փակցրե՛ք տանը աչքի ընկնող տեղում։  
  • Ստուգե՛ք, թե ձեր երեխայի դպրոցում կա արդյոք հակահրդեհային անվտանգության պլան, և եթե ոչ, ապա հորդորե՛ք նրանց մշակել նման պլան ու կիրառել այն։  


 

Ինչ անել հրդեհի դեպքում 

Եթե հրդեհը սկսվում է տանը  

ԻՆՉ ԱՆԵԼ  

Բոլորին տնից դո՛ւրս հանեք որքան հնարավոր է արագ։  

Սողալով անցե՛ք ծխի տակով և աշխատե՛ք որևէ բանով փակած պահել բերանը։  

Հեռո՛ւ մնացեք այրվող շինությունից։  

Խնդրե՛ք որևէ մեկին զանգահարել հրշեջ փրկարարական ծառայություն։ 

ԻՆՉ ՉԱՆԵԼ  

X Մի՛ մնացեք այրվող շինության ներսում։  

X Մի՛ կանգնեք կրակի մեջ։  

X Այրվող շինությունից դուրս գալուց հետո ոչ մի դեպքում մի՛ վերադարձեք։  
 

Ծորակի ջրով այրվածքի կանխում  

Ծորակի ջրով այրվածքային վնասվածքները բոլոր տարիքի երեխաների համար լուրջ ջերմային այրվածք ստանալու երկրորդ առավել տարածված պատճառն են։ Ահա մի քանի եղանակ, որ կօգնեն ձեզ կանխելու դրանք։  

  • Երեխային սովորեցրե՛ք նախ բացել սառը ջրի ծորակը, ապա աստիճանաբար ավելացնել տաք ջուրը, հետո առաջինը անջատել տաք ջուրը։  
  • Ջրատաքացուցիչը մշտապես պահե՛ք առավելագույնը 50°C/ 122°F-ից ոչ բարձր։ Եթե չեք կարող փոխել ձեր տաքացուցիչի ջերմաստիճանը, ապա հնարավորության դեպքում տեղադրե՛ք թերմոստատիկ խառնիչ փական (սա նվազեցնում է ծորակից հոսող ջրի ջերմաստիճանը)։ Ձեր շենքի սեփականատիրոջը կամ կառավարչին հիշեցրե՛ք, որ ջրատաքացուցիչի ջերմաստիճանի կարգավորումն իրենց պարտականությունն է։  
  • Երեխայի լոգանքից առաջ ջուրը միշտ ստուգե՛ք ձեռքով կամ ջրի ջերմաստիճանը ստուգելու համար գործածե՛ք ջրի ջերմաչափ։ Իդեալականը 37-38°C/98.6-100.4°F–ն է՝ մարմնի ջերմաստիճանը։  

Մանկահասակ երեխային լոգարանում, հատկապես հոսող ջրի տակ մենակ մի՛ թողեք այրվածքի կամ խեղդվելու վտանգը կանխելու համար։  

Գիտե՞ք արդյոք։ Այն, ինչը տանելի տաքության է մեծահասակների համար, կարող է ցավելու աստիճան տաք լինել երեխաների համար, քանի որ նրանց մաշկը նուրբ է։  

 
Անվտանգություն խոհանոցում  

Հիշե՛ք անվտանգությանվերաբերյալ այս խորհուրդները երեխաներին խոհանոցում ապահով պահելու համար։  

  • Կերակուր եփելիս, հատկապես եռացնելիս օգտվե՛ք սալօջախի հետևի այրիչներից։  
  • Կաթսայի բռնակները շրջե՛ք դեպի սալօջախի մեջտեղի մասը, որպեսզի երեխաները չդիպչեն կամ չհասնեն դրանց։  
  • Համոզվե՛ք, որ էլեկտրական թեյնիկի լարերը կախված չեն սեղանի եզրից։  
  • Եթե տանը կան փոքր երեխաներ, ապա խոհանոցում խուսափե՛ք սփռոց օգտագործելուց։ Այն կարող են քաշել սեղանի վրայից։  
  • Տաք առարկաները, կերակուրը և հեղուկները սեղանների եզրերից հեռո՛ւ պահեք։  
  • Մի՛ տեղափոխե՛ք տաք կերակուրներ կամ հեղուկներ երեխային գրկած։  
  • Նախքան որևէ տաք իր, օրինակ՝ կաթսա կամ եռացրած ջրով թեյնիկ տեղափոխելը համոզվե՛ք, որ ձեր առջևում ոչ մի խոչընդոտ չկա, այդ թվում՝ երեխա։  

Առաջին օգնությունը այրվածքների դեպքում  

Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամը այրվածք եք ստացել, ապա հետևյալ քայլերը ձեզ կօգնեն այն բուժելու։ Խորհուրդ է տրվում անցնել առաջին օգնության տարրական դասընթաց, ինչը ձեզ կօգնի պատրաստված լինելու նման արտակարգ իրավիճակներում։  

  • Սառեցրե՛ք այրված մասը՝ ախտահարված տեղը սառը ջրի մեջ ընկղմելով կամ ծորակի սառը, թույլ շիթով ջրի տակ պահելով առնվազն 20 րոպե։  
  • Մի՛ քսեք լոսյոններ, յուղեր կամ քսուքներ։  
  • Փոքր բշտիկները ծածկե՛ք թույլ վիրակապով կամ թանզիֆով ու կպչուն երիզով։  
  • Եթե այրվածքները դեմքին են, ձեռքերին կամ սեռական օրգանների հատվածում, կամ դրանք փոքր այրվածքներ չեն (եթե այրվածքը խորն է, ապա մաշկը տեսքից պետք է լինի սպիտակ կամ շագանակագույն ու չոր), ապա դիմե՛ք բժշկի կամ գնացե՛ք հիվանդանոց կամ մոտակա բժշկական կենտրոն։  
  • Եթե այրվել է մարմնի մակերևույթի մեկ տասներորդը կամ դրանից ավելին, ապա սառը թրջոց մի՛ դրեք։ Մինչև շտապօգնության վրա հասնելը տուժածին ծածկե՛ք մաքուր սավանով կամ վերմակով հիպոթերմիան (մարմնի ջերմության նվազումը) կանխելու համար։