Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ

Ինչպե՞ս պատրաստված լինել երկրաշարժին  

  • Գիտակցե՛ք ձեզ սպառնացող վտանգը։ Երկրաշարժեր կարող են լինել ցանկացած վայրում, սակայն ավելի հավանական է, որ դրանք լինեն որոշակի տարածքներում։ Պարզե՛ք, թե որքանով է սա վերաբերում ձեզ, և եթե այո, ապա ինչ են խորհուրդ տալիս տեղական իշխանությունները։ Եթե ապրում եք մերձափնյա վայրում, ապա իրազե՛կ եղեք երկրաշարժից հետո առաջացող ցունամիների վտանգի մասին և ըստ այդմ կազմե՛ք ձեր ընտանեկան պլանը։  
  • Խոսե՛ք երեխաների հետ։ Եթե ապրում եք առավել ռիսկային տարածքում, ապա երեխաներին պատմե՛ք երկրաշարժերի մասին (ինչ են դրանք, ինչու են լինում և ինչպես պահպանել անվտանգությունը) տարիքին համապատասխան հասկանալի լեզվով։ Նրանք պետք է իմանան, որ ձեզ համար առաջնահերթությունը իրենց անվտանգ պահելն է։  
  • Մշակե՛ք պլան։ Կազմե՛ք երկրաշարժի դեպքում արտակարգ իրավիճակի պլան ձեր ամբողջ ընտանիքի համար հետևյալ կերպ․  
    - Մշակե՛ք տարհանման պլան և նշե՛ք հանդիպման վայրերը, հատկապես եթե ձեր ընտանիքի անդամներն օրվա ընթացքում տարբեր վայրերում են լինում և չեն կարողանա հաղորդակցություն պահպանել միմյանց հետ, եթե կապի ծառայությունները խաթարված լինեն։  
    - Հետևե՛ք, որ ձեր ունեցած բոլոր կոնտակտային տվյալները, այդ թվում՝ հասցեները և հեռախոսահամարները, թարմ լինեն, և մշակե՛ք կապի գիծ ընտանիքի և ընկերների հետ։  
    - Ստուգե՛ք և իմացե՛ք, թե ձեր երեխայի դպրոցն ինչ պլան ունի երկրաշարժի դեպքում։  
    - Տեղեկացվա՛ծ եղեք շենքի մասին, որտեղ բնակվում եք։ Կառուցվածքային առումով անապահով կամ որոշակի սեյսմիկ ստանդարտներին չհամապատասխանող շենքերը կարող են երկրաշարժի դեպքում խիստ վտանգավոր լինել։ Կապ հաստատե՛ք ձեր տեղական իշխանությունների հետ՝ իմանալու, թե ինչ պետք է անել նման պարագայում։  
    - Տան բոլոր սենյակներում նշե՛ք անվտանգ տեղերը (եթե տունը կառուցվածքային առումով ապահով է), թե որտեղ կարող եք գտնվել, երբ երկրաշարժ լինի։ Եթե բնակարանում ունեք միջադիր դիրք ունեցող առանց պատուհանների սենյակ, ապա ամենաապահով տեղն այդ սենյակն է, իսկ որպես ծածկ գործածե՛ք որևէ ամուր բան, օրինակ՝ սեղանը։  
    - Պատրաստե՛ք արտակարգ իրավիճակների համար «ուղեպայուսակ»՝ առնվազն երեք օրվա պաշարով, որն անհրաժեշտության դեպքում կարող եք ձեզ հետ վերցնել։ Համոզվե՛ք, որ այն պարունակում է սնունդ, ջուր, դեղորայք, առաջին օգնության պարագաներ, լապտեր և մարտկոցներ։  
    - Կանխիկ գումարը և ճամփորդական փաստաթղթերը պետք է հասանելի տեղում լինեն։  
    - Պլանը միասի՛ն իրագործեք, որպեսզի երեխաները հասկանան, թե ինչ պետք է անել։ Անպայման ժամանա՛կ տրամադրեք պատասխանելու նրանց հարցերին և լրջորե՛ն վերաբերվեք նրանց անհանգստություններին։  
    - Տարվա մեջ մի քանի անգամ այս պլանը ընտանիքի հետ կրկնե՛ք, որպեսզի դա որքան հնարավոր է ինքնաբերաբար անեք։  
     

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Եթե գտնվում եք ամուր կառուցված անվտանգ շենքում, ապա մնացե՛ք ներսում

  • Հիշե՛ք. ցած իջնել, ծածկ գտնել ու բռնվել։ Ցա՛ծ իջեք ձեռքերի և ծնկների վրա։ Մտե՛ք որևէ ամուր ծածկի, օրինակ՝ սեղանի կամ գրասեղանի տակ։ Մեկ ձեռքով բռնվե՛ք կահույքից կամ որևէ ամուր առարկայից, մյուսով ծածկե՛ք գլուխն ու պարանոցը։ Եթե չեք կարողանում գտնել որևէ ամուր առարկա բռնվելու համար կամ պաշտպանված տարածքում չեք, ապա գլուխն ու պարանոցը ծածկե՛ք երկու ձեռքով։ Մի՛ նստեք վերելակ։ Եթե ապրում կամ աշխատում եք մի շենքում, որը ձեր կարծիքով ամուր չէ կամ կառուցված չէ սեյսմակայուն շինարարական ստանդարտներին համապատասխան, ապա դիմե՛ք ձեր տեղական ինքնակառավարման մարմնին անվտանգության վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար։  
  • Եթե դրսում եք, ապա մնացե՛ք այնտեղ։ Փորձե՛ք հասնել բաց տարածք՝ հեռու շենքերից, ծառերից և այնպիսի առարկաներից, ինչպիսիք են փողոցային լույսերը, էլեկտրական մալուխները, հեռախոսային սյուները և այլն։ Բաց տարածք հասնելուն պես պառկե՛ք գետնին և այդպես մնացե՛ք մինչև երկրաշարժի դադարելը։  
  • Եթե մեքենայի մեջ եք, ապա մնացե՛ք այնտեղ։ Մեքենան կանգնեցրե՛ք որքան հնարավոր է արագ՝ պահպանելով անվտանգություն։ Կայանման արգելակը միացրե՛ք և ամրագոտիները պահե՛ք ամրացված մինչև ցնցումների դադարելը։  
  • Եթե հետցնցում եք զգում, ապա հետևե՛ք վերը բերված խորհուրդներին։ Երկրաշարժից հետո առաջին ժամերին և օրերին հետցնցումները կարող են հաճախակի լինել, սակայն դրանց հաճախականությունն ու ինտենսիվությունը հետզհետե կպակասեն։  

Ի՞նչ անել երկրաշարժից հետո  

  • Ստուգե՛ք վտանգների առկայությունը։ Զգո՛ւյշ եղեք, որովհետև շրջակայքում կարող են լինել ընկած առարկաներ կամ կոտրված ապակի, որոնք վտանգ կներկայացնեն ձեզ համար։ Տեսե՛ք՝ կա արդյոք որևէ անմիջական վտանգ, օրինակ՝ հրդեհ։  
  • Դո՛ւրս եկեք ավելի ապահով, մաքուր տարածք, եթե հնարավոր է։ Խուսափե՛ք վերելակ նստելուց, որովհետև դրանք կարող են վնասված լինել։  
  • Հո՛գ տարեք ձեր և ուրիշների համար։ Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը ունի վնասվածքներ, ապա զբաղվե՛ք դրանցով որքան կարելի է արագ։  
  • Տեղեկացրե՛ք ձեր մասին։ Ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին տեղեկացրե՛ք ձեր գտնվելու տեղի և ապահով լինելու մասին։
  • Որքան հնարավոր է մնացե՛ք կապի մեջ և լսե՛ք (օգտակար միջոց է շարժական ռադիոն, եթե ունեք) տեղական լուրերը և իրավիճակի մասին կառավարության հայտնած թարմ նորությունները, այդ թվում՝ որտեղ գտնել ապաստարաններ, առողջապահական կլինիկաներ և սննդի բաշխման կետեր, և հետևե՛ք տեղական պաշտոնյաների խորհուրդներին։
  • Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում հեռախոսը օգտագործե՛ք խնայողաբար՝ մարտկոցը պահպանելու համար։
  • Լուրջ երկրաշարժի դեպքում բջջային ցանցերը կարող են խցանվել, և SMS հաղորդակցությունը կարող է լինել կապի ավելի արդյունավետ միջոց։  

Ինչպե՞ս հանգստացնել երեխաներին երկրաշարժից հետո  

  • Խոսեք ձեր երեխայի հետ։ Այնպես արեք, որ երեխաները հնարավորություն ունենան խոսելու երկրաշարժի ժամանակ իրենց զգացածի մասին։ Խրախուսե՛ք նրանց պատմել վախի կամ անհանգստության իրենց զգացումների մասին։ Ցո՛ւյց տվեք, որ ուշադրությամբ լսում եք, և որ նրանց զգացմունքները ձեզ համար իսկապես կարևոր են։  
  • Հանգստացրե՛ք նրան։ Բացատրե՛ք, որ երկրաշարժն ու դրա հետևանքները մշտական չեն, և որ դրանք բնական իրադարձություններ են, և ոչ ոք դրանց համար մեղավոր չէ։ Երեխաներին հանգստացրե՛ք ջերմությամբ, միասին ժամանա՛կ անցկացրեք և նրանց ավելի հաճա՛խ գրկեք։  
  • Ուշադիր հետևե՛ք երեխայի հուզական լարվածության նշաններին։ Թեև թվում է, թե շատ երեխաներ իրենց լավ են զգում աղետից հետո մոտ մեկ ամսվա ընթացքում, ընդարմացած վիճակը կարող է անցնել, և կարող են ի հայտ գալ տրավմայի ախտանշաններ։ Շարունակվող որոշակի անհանգստությունը սպասելի է, սակայն եթե դա չանցնի մի քանի ամսից, կամ եթե նկատեք ավելի լուրջ աշխատանշաններ, օրինակ՝ տագնապի նոպաներ կամ իրենց կամ ուրիշներին վնասելու ցանկություն, ապա անմիջապես դիմե՛ք ձեր ընտանեկան բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին։  
  • Միասին կատարե՛ք հանգստացնող վարժություններ։ Խիստ օգտակար է խոր որովայնային շնչառությունը, սա կարող եք անել ձեր ավագ երեխաների հետ։ Եթե ունեք փոքր երեխա, ապա դա կարող եք վերածել խաղի։ Ամեն ժամը մեկ փորձե՛ք ձեր միտքն ու մարմինը հանգստացնել շնչառությունը դանդաղեցնելու միջոցով։  
  • Փորձե՛ք պահպանել որոշակի ռեժիմ։ Թեև կարող է չափազանց դժվար լինել, սակայն միևնույն ժամին քնելը կամ ուտելը ձեր երեխային կօգնի մի փոքր ավելի կապված զգալու երկրաշարժից առաջվա իր կյանքին։  

Փաստեր երկրաշարժերի մասին  

Ինչն է առաջացնում երկրաշարժ  

Երկրաշարժերը երկրագնդի արագ, հանկարծակի ցնցումներն են, որոնք առաջանում են երկրակեղևի շերտի տեղաշարժման հետևանքով կուտակված ճնշման պատճառով։ Դրանք կարող են լինել ցանկացած ժամանակ, և չկա դրանք կանխատեսելու որևէ միջոց։  

Որտեղ են լինում երկրաշարժեր  

Երկրաշարժեր կարող են լինել ամենուրեք, սակայն դրանք ավելի հավանական է, որ լինեն տեկտոնային սալերի (ժայռի զանգվածեղ սալեր, որոնցից կազմված են երկրակեղևն ու վերին ծածկույթը) սահմանային գոտիներում, որոնք կոչվում են խզվածքներ։  

Ինչ են երկրաշարժի հետցնցումները  

Հետցնցումները ավելի ցածր ինտենսիվության ցնցումներ են, որոնք հաջորդում են երկրաշարժին։ Դրանք առավել ուժեղ լինում են երկրաշարժին հաջորդող ժամերին կամ օրերին, սակայն դրանց հաճախականությունն ու ինտենսիվությունը ժամանակի ընթացքում նվազում են։]