Skip to main content
Հետադարձ կապ

Երեխաները պետք է քիչ նստեն և շատ խաղան

Ապացուցված է, որ ֆիզիկական պասիվությունը մահացության առաջատար ռիսկային գործոն է աշխարհում, ինչպես նաև՝ գերքաշությանը և ճարպակալմանը նպաստող գործոններից մեկը: Վաղ մանկությունը ֆիզիկական և իմացական արագ զարգացման շրջան է։ Այն մի ժամանակահատված է, երբ ձևավորվում են երեխայի սովորությունները, իսկ ընտանեկան կենսաոճի սովորությունները կարող են փոփոխվել և հարմարեցվել երեխային:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ստեղծել է մի ձեռնարկ 5 տարեկանից ցածր երեխաների ֆիզիկական ակտիվության, նստակյաց վարքագծի և քնի տևողության վերաբերյալ, որը խորհուրդներ է ներառում այն մասին, թե մինչև 5 տարեկան երեխաները առողջ ու բարեկեցիկ կյանք ունենալու համար 24 ժամվա ընթացքում որքան ժամանակ պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն ու քնեն։ Ձեռնարկում նաև նշվում է, թե առավելագույնը որքան ժամանակ երեխաները կարող են անցկացնել նստակայց՝ գաջեթների էկրանների առջև։

Օրվա ընթացքում երեխաների ֆիզիկական ակտիվությանը վերաբերող խորհուրդները կազմելու համար հարկավոր է դիտարկել 24-ժամյա ժամանակահատվածը: Այսպես, յուրաքանչյուր օր կազմված է քնից, նստակյաց ժամանցից և ցածր, միջին և բարձր ֆիզիկական ակտիվությունից:

Մեկ օրվա ընթացքում, 1 տարեկանից ցածր երեխաները պետք է օրվա մեջ մի քանի անգամ ֆիզիկապես ակտիվ լինեն, մասնավորապես՝ որքան հնարավոր է շատ հատակի վրա ինտերակտիվ խաղեր խաղան: Այն երեխաները, ովքեր դեռ շարժուն չեն, պետք է ամբողջ օրվա ընթացքում արթուն ժամանակ ընդհանուր առմամբ առնվազն 30 րոպե անցկացնեն փորիկի վրա պառկած դիրքում։

Առանց ընդմիջումների 1 ժամից ավել չարժե երեխային պահել զբոսանքի սայլակում, աթոռակի մեջ կամ խնամակալի մեջքին կապված:

Խորհուրդ չի տրվում այս տարիքի երեխաներին գաջեթ տալը: Խրախուսվում է նստած ժամանակ երեխային զբաղեցնել կարդալով կամ զանազան պատմություններ պատմելով: Փոխարինելով էկրանների առջև անցկացվող նստակյաց ժամանակը միջին կամ բարձր ֆիզիկական ակտիվությամբ, միաժամանակ ապահովելով բավականաչափ քուն, կարելի է բարելավել երեխաների առողջությունը։

Փոքրիկ երեխաները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու իրենց զարգացման համար անհրաժեշտ, անվտանգ, խաղի վրա հիմնված մի շարք հաճելի ֆիզիկական ակտիվության տեսակներից: Կարևոր է նստակյաց ժամանակի որակը, կարևոր են նաև սոցիալական և իմացական զարգացման համար ինտերակտիվ զբաղմունքները, որոնք չեն ներառում գաջեթներ, ինչպիսիք են օրինակ՝ կարդալը, հեքիաթներ պատմելը, երգելը և գլուխկոտրուկները, ինչպես նաև՝ հանգիստը և ժամանցը:

Կանոնավոր քունը և ժամանակին արթնանալը ոչ պակաս կարևոր են:

Այս խորհուրդները նախատեսված են մինչև 5 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, մշակութային պատկանելիությունից կամ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից: Հաշմանդամություն ունեցող և/կամ առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողները կամ խնամակալները, ամեն դեպքում, կարող են նաև դիմել բժշկական մասնագետի լրացուցիչ ուղղորդում ստանալու համար:

Կարդացե՛ք նաև 0-11 ամսական, 1-2 տարեկան, 3-4 տարեկան երեխաների ֆիզիկական ակտիվության, նստած վիճակում էկրաններին նայելու և քնի տևողության վերաբերյալ խորհուրդները։

 

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: