Հեռավար դասընթացի ազդեցությունը երեխայի հենաշարժողական ապարատի վրա. Միֆեր և իրականություն
Երեխայի կենցածքի հնարավոր շեղումների խնդիրն առավել արդիական դարձավ, երբ Քովիդ-19 համավարակով պայմանավորված, դպրոցներն անցած հեռավար ուսուցման: Որքանո՞վ օնլայն դասապրոցեսը, իսկապես, կարող է անդրադառնալ երեխայի հենաշարժողական ապարատի նորմալ զարգացման վրա:
Ուիգմոր կլինիկայի մանկական օրթոպեդ, ողնաշարի վիրաբույժ Արա Անթառանյանն, անդրադռնալով ծնողներին հուզող հարցին, թե համակարգչի առաջ երկրարատև նստելն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի կեցվածքի վրա, նշեց.
ԱԱ--Կեցվածքը՝ դա միայն գլխի և իրանի դիրքը չէ՝ տարածության մեջ: Կեցվածքը շատ ավելի ամբողջական է և պայմանավորվում է մեր ընդհանուր կառուցվածքով՝ ստորին վերջույթներից, կոնքի կառուցվածքից սկսած, վերջացրած գլխի դիրքով՝ տարածության մեջ: Հաճախ, այն դիրքերը, որ տեսնում ենք, ավելի շատ ողնաշարի կամ իրանի կազմվածքի կողմնային պրոֆիլի ոսկրային կառուցվածքից են կախված: Օրինակ՝ ընդունված է կոնքը դիտել որպես առանձին միավոր, բայց ժամանակակից ողնաշարային վիրաբուժությունն առաջ է քաշում գաղափար, որ կոնքի անունը պետք է փոխել կոնքային ողի: Այդտեղ ճշմարտություն կա, քանի որ ամբողջ ողնաշարը, բազայի նման, նստում է կոնքի վրա և հաշվի չնստել կոնքի բնածին կառուցվածքի հետ, պարզապես անհնար է:
- Ինչպե՞ս հասկանալ, որն է առողջ մարդու ճիշտ կեցվածքը
ԱԱ-- Ժամանակակից գիտությունը, ողնաշարի ռենտգեն նկարների, կոմպլեքս նկարների, ամբողջ իրանի կոմպլեքս նկարների հիման վրա փորձեց հասկանալ ինչ չափումներ ունենք, ինչ առանձնահատկություններ ունենք, և եկան շատ հետաքրքիր մի չափման, որը ցույց է տալիս կոնքի կողմնային փռվածքը: Հետևությունն այն էր, որ իդեալական առողջ մարդիկ, որոնք որևէ գանգատ չունեն, տարբեր կառուցվածք կարող են ունենալ, այսինքն կոնքի չափման անկյունը կարող է տատանվել: Եթե առաջ ասում էինք գոտկային փոսի կորության չափը՝ 40-45 աստիճան ֆիքսված անկյունն ապահովում է լավագույն կեցվածքը, հիմա պատկերն այլ է: Գոտկային փոսի ստանդարտ թվերը եթե համահունչ չեն կոնքի փռվածքի հետ (9 աստիճան տատանումով), այդ մարդն ամբողջ կյանքում խնդիր է ունենալու՝ մեջքի գոտկային հատվածում ցավեր է ունենալու: Ֆանսիացի գործընկերները, ուսումնասիրության արդյունքում, առաջ բերեցին կողմնային պրոֆիլի չորս հիմնական տիպերի գաղափարը: Այսինքն, եթե նորմալ վարիացիան կարող է լինել չորս տիպի մեջ, ապա, բոլորին միավորել մի ստանդարտի մեջ, անհնար է:
-Այնուամենայնիվ, ուղիղ կեցվածքի համար, ըստ բազմաթիվ ծնողների, կան որոշ պարտադիր պայմաններ: Դրանցից է, օրինակ, հարմարավետ, կամ ճիշտ կառուցված գրասեղանը: Ելնելով Ձեր նախորդ ասածից, սա ևս մի՞ֆ է:
ԱԱ--Ինչ վերաբերվում է դպրոցական սեղաններին, հարմարավետ /էրգանոմիկ/ սեղանը, աթոռը լավ բան է, բայց. Մի կողմից բավական թանկ է, մյուս կողմից՝ երեխաները տարբեր են՝ մեկը կարող է գեր լինել, մյուսը՝ նիհար, մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, չհաշված դեռ ոսկրային կառուցվածքը: Այսինքն, այստեղ ևս ամեն բան անհատական է:
-Այս ամենը հաշվի առնելով հանդերձ, ի՞նչ արտաքին գործոններով պետք է նպաստել, որ երեխան ունենա առողջ և գեղեցիկ կեցվածք:
ԱԱ—Շատ կարևոր է, որ երեխային <<օգնելու>> մեր ջանքերում նրա համար նոր խնդիրներ չառաջացնենք: Երբ երեխային ասում ենք ուղիղ կանգնի, նա հասկանում է, որ իր գոտկային հատվածը, ամենաճկուն հատվածը պետք է հետ տանի: Երբ երեխան լսում է <<ուղիղ կանգնիր>> <<հրահանգը>> կամ, շատ ծնողներ ձեռքով ուղղորդում են, որ ուսերը հետ գցի, երեխան արհեստականորեն ուսերը հետ տանում, իսկ գլուխը՝ բերում է առաջ: Սա, բնավ չի նշանակում, որ հենց դա է երեխայի ողնաշարի ճիշտ դիրքը: Մեր, այսպես ասած, փնթփնթոցն ազդում է միայն երեխայի հոգեբանության վրա՝ առաջացնում է կոմպլեքսներ: Գեղեցիկ, հպարտ կեցվածք ունենալու համար, ոչ միայն երեխաները, այլ, նույնիսկ մեծահասակները, պետք է նախ առողջ և ազատ հոգեբանություն ունենան:
Երկրորդը՝ մկաններ. Նույն ողնաշարի ստաբիլացման համար, անգամ որովայնի մկանները նշանակություն ունեն, եթե դրանք թույլ են, փորն առաջ է ընկած, ուզես-չուզես ամբողջ մեջքով հետ պիտի գնաս, որ այդ ծանրությունը պահես: Մենք պետք է խրախուսենք, որ երեխան ֆիզիկապես ակտիվ լինի: Բայց դա ևս չպետք է պարտադրվի երեխային: Սպորտաձևն էֆեկտիվ է, եթե երեխան սիրում է այդ սպորտաձևը:
-Մերսումը կարո՞ղ շտկել կեցվածքը: Օրինակ, ողնաշարի սկոլիոզի դեպքում, ի հեճուկս բազմաթիվ հակացուցումների, շատերը դեռ դիմում են մրեսումով ողնաշարն ուղղելու տարբերակին:
ԱԱ--Մերսումը, դա հանգստանալու, մկանները թուլանալու պրացերդուրա է, դրանով որևէ բան բուժել, առավեր ևս, անունը դնել բուժական մերսում և ողնաշար ուղղել, մի քիչ աբսուրդային է: Մերսումով սկոլիոզ բուժել անհնար է: Սկոլիոզը կեցվածքի հիվանդություն չէ, սկոլիոզը աճի հիվանդություն է: Եթե շատ միջինացնենք, տարբեր տարիքային խմբեր և այլն, հազար առողջ երեխայից 10-12-ն ունեն ողնաշարի այս կամ այն չափի կորություններ: Ամեն կորություն չի որ սկոլիոզ է: Սկլիոզը կոմպլեքս հիվանդություն է, որի ժամանակ ողը հորիզոնական հարթության մեջ թեքվում և իր առանցքի շուրջ պտտվում է: Պատճառները մենք չգիտենք, թեորիաները շատ են, գիտությունն ասում է մուլտիֆակտորիալ՝ բազմապատճառ:
-Այսինքն, արտաքին, ֆիզիկական ազդեցություններից չի՞ կարող սկոլիոզ առաջանալ:
ԱԱ--Նստելաձևից սկոլիոզ չի առաջանում: Ընդորում, վիճակագրությամբ 80 տոկոս աղջիկների մոտ է, 20՝ տղաների: Ուզու՞մ եք ասել, որ տղաներն ավելի ուղիղ են նստում, քան աղջիկները:
Եթե սկոլիոզն արտաքին ֆակտորների հետ կապված լիներ, գոնե 50-50-ին մոտ պետք է լիներ հարաբերակցությունը հիվանդացության: Ծանր պայուսակը ևս չի կարող հանգեցնել ողնաշարի ծռման: Առանց շատ մանրամասների մեջ մտնելու, միայն վիճակագրությունը նայելով տեսնում ենք, որ զարգացած, հարուստ երկրներում ու աղքատ երկրներում, միջինացված թվերով, նույն ցուցանիշն է:
-Ժառանգականությու՞նը
ԱԱ--Ժառանգական նախատրամադրվածությունը 5-20 տոկոս է: Գեն հայտնաբերված չէ:
Ավելի հաճախ հանդիպում իդեոպատիկ պատանեկան սկոլիոզը, բժշկական լեզվից թարգմանած նշանակում է անհայտ պատճառով առաջացած: Ամենատարածված տարբերակը կրծքայինն է, աջակողմյան կուզով և ութսուն տոկոս աղջիների մոտ է: Բնածին սոլիոզը, գիտենք, որ առաջանում է հղիության առաջին շաբաթների ընթացքում, մինչև երկրորդ ամիսը: Պատճառը՝ պտղի թթվածնային քաղցն է. ծխող կամ ծխող միջավայրում ապրող մայր, ծանր սպորտով զբաղվող մայր, երբ մկանները թթվածին են ստանում, իսկ պտղին չի հասնում: Տարատեսակներից մեկն էլ վաղ սկզբով սկոլիոզն է, որը չունի բնածին զարգացման դեֆեկտ, այսինքն ողնաշարի ողերը կառուցվածքով նորմալ են, բայց շեղումը սկսվել է տասը տարեկանից ցածր հասակում: Այս դեպքում, նախորդ ցուցանիշի հակառակ պատկերն է՝ ութսուն տոկոս տղաների մոտ է, քսան տոկոս՝ աղջիկների և կորությունն էլ տարբեր է:
-Ինչպե՞ս բուժել…
ԱԱ--Սկոլիոզն ունի կոնսերվատիվ բուժման տարբերակ՝ կորսետավորում: Աճը կանգնելուց հետո անելիք չկա, աճի ընթացքում, միայն կորսետային բուժում: Քառասունհինգ աստիճան և խորացող սկոլիոզի դեպքում է միայն խորհորդ տվում վիրահատական միջամտություն, քանի որ, տեսականորեն, հնարավոր է, որ այլ խնդիրներ առաջանան:
-Վերադառնալով, երեխայի ընդհանուր կեցվածքին. ի վերջո, կա՞ տարբերություն, երեխանն տանն է՝ համարակրգչի առաջ, թե՞ դպրոցում՝ դասասեղանի մոտ:
ԱԱ--Հեռավար և ստոցիոնար ուսուցման ազդեցությունը հենաշարժողական ապարատի վրա նույնն է: Ամեն ինչ կախված է երեխայի տեսակից, բնավորությունից: Հեռավար կրթության հետևանքով հոգեբանական, սոցիալական խնդիրներ գուցե լինեն, հենաշարժողական՝ ոչ:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: