
Դեռահասը՝ մաշկաբանի կաբինետում
Մաշկ, մազեր, եղունգներ․ հայտնի է, որ դեռահասությունը մարտահրավերներ ենթադրող փուլ է, որի առանցքային կետերից մեկը սեփական ԵՍ-ն իր դրսևորումներով ճանաչելն ու ընդունելն է։ Դեռահասները հատկապես զգայուն են իրենց արտաքին տեսքին վերաբերող հարցերում։ Պատահական չէ, որ սրընթաց զարգացող գեղեցկության արդյունաբերությունը դեռահաս սպառողին պահում է ուշադրության կենտրոնում։
Դա լավ է, քանի դեռ դեռահասի գործողությունները մնում են ամենօրյա խնամքի սահմաններում, բայց մաշկաբաններն ահազանգում են՝ դեռահասները դիմում են տարատեսակ միջամտությունների, առանց ցուցման օգտագործում են սոցցանցերում հանրահռչակված միջոցներ, որոնցից կա՛մ առհասարակ չկա օգուտ, կա՛մ կա միանգամայն տեսանելի վտանգ։
Այս ամենի մասին զրուցել են Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի մանկական մաշկաբան Լիդա Մելիքյանի հետ։
Զրույցը բաժանել ենք երեք խմբի։
ՄԱՇԿ
Առողջ մաշկի պարագայում, սկսած մոտավորապես 12 տարեկանից, անհրաժեշտ է ամեն երեկո լվանալ դեմքը մաքրող (գելային, չփրփրող) միջոցով և խոնավեցնել մաշկը։ Սա հավասարապես կարևոր է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար։ Եթե դեռահասն օգտագործում է արևապաշտպան քսուք և/կամ դեկորատիվ կոսմետիկա՝ երեկոյան լվացումն ավելի մեծ կարևորություն է ստանում։ Երրորդ կարևոր քայլը արևապաշտպան քսուքի կիրառումն է։ Ապացուցված է, որ մաշկային քաղցկեղների զգալի մասի պատճառը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են։ Դրանց հետևանքները միշտ չէ, որ արտահայտվում են այստեղ և հիմա սկզբունքով, ավելի հաճախ դրանք դրսևորվում են տարիներ անց։
Դեռահասության շրջանում մաշկային ամենատարածված հիվանդություններից մեկը ակնեն է։ Արտահայտվում է դեմքի, կրծքավանդակի և մեջքի հատվածում կարմիր և փափուկ բշտիկներով, սպիտակ կամ դեղին հեղուկով լցված բշտիկներով, մաշկի խորը շերտերում ձևավորվող խորը և ցավոտ գնդերով և այլն։ Պատճառը մաշկում ճարպագեղձերի խցանումն է, որը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Առավելագույնն, ինչ կարելի է անել տնային պայմաններում (առանց մաշկաբանի հատուկ ցուցման)՝ սալիցիլաթթու պարունակող դեմքը լվացող միջոցների կիրառումն է։ Այն պետք է քսել դեմքին, սպասել մեկ-երկու րոպե և լվանալ գոլ ջրով։ Մյուս գործողությունները նույնն են, ինչ առողջ մաշկի պարագայում։ Սակայն վերոնշյալ գործողությունները չեն համարվում ակնեի բուժում։ Պարտադիր է անցնել համապատասխան կոնսուլտացիա մաշկաբանի մոտ, որը հաշվի առնելով կոնկրետ դեպքի բոլոր մանրամասները կնշանակի բուժում։
Կա տարածված կարծիք, թե ակնեն սեռահասունության շրջանին բնորոշ հիվանդություն է ու անցնում է չափահասության հետ։ Սխալ է։ Չբուժված ակնեն կարող է պահպանվել մինչև 30-40 տարեկանը։ Չբուժված ակնեն սովորաբար թողնում է խորը սպիեր մաշկի վրա։
Հետևություն․ մի՛ շտապեք դեռահասի մաշկին առաջացած բշտիկները, կարմրությունները և անցանկալի մյուս դրսևորումները որակել իբրև սեռահասունացման հետևանք, անպայման ներկայացեք մաշկաբանի կաբինետ, որը կախտորոշի խնդիրը, կտա մաշկի խնամքի հստակ ցուցումներ, իսկ հիվանդության առկայության դեպքում կկազմի բուժման անհատական պլան։
Սոցցանցերում այժմ ակտիվ գովերգվում են ռետինոլ պարունակող խնամքի միջոցները, որոնց «հրաշագործ» հատկությունները գայթակղում են նաև դեռահասներին, ու քանի որ դրանք ենթակա են բաց վաճառքի՝ հեշտությամբ հայտնվում են նաև դեռահասների խնամքի միջոցների շարքերում։ Ի՞նչ է պետք իմանալ ռետինոլի մասին։
Ռետինոլը խնամքի հակատարիքային միջոցների կարևոր բաղադրիչներից է։ Դրանց կիրառումը տրամաբանական է միայն 20-25 տարեկանից հետո։ Դեռահասների համար դրանք բացարձակ անպիտան են, ավելին՝ կարող են լրջորեն վնասել մաշկը։ Ռետինոլ պարունակող միջոցները մաշկը դարձնում են զգայուն արևի ճառագայթների հանդեպ։ Նույնիսկ մեծահասակաները ցանկալի է, որ կիրառեն դրանք բժշկի ցուցմամբ, որը նաև կհուշի մաշկը խոնավեցնելու եղանակներ, արևապաշտպան քսուքներ և այլն։
Մաշկային մեկ այլ տարածված հիվանդություն է սեբորեային դերմատիտը։ Այն սովորաբար արտահայտվում է մարդու կյանքի երեք փուլում՝ նորածնային շրջանում (մինչև երեք ամսականը), դեռահասության տարիքում և 30-40 տարեկանի միջակայքում։ Նորածինների ճակատային շրջանում, իսկ որոշ դեպքերում նաև հոնքերի շրջանում առաջանում են կարմրություն կամ դեղնավուն կեղևներ։ Դեռահասների դեպքում այն դրսևորվում է խիստ արտահայտված թեփով (սպիտակավույն կամ դեղնավուն թեփուկներ), բնորոշ հատկանիշներից է քորը։
Մեծահասակների դեպքում սեբորեային դերմատիտն արտահայտվում է գլխամաշկի թեփուկներով։ Այս խնդիրը կապված չէ երեխայի կամ մեծահասակի հիգիենայի հետ։ Ենթադրում է բուժում։ Ծնողները պետք է իմանան, որ խնդիրը քրոնիկ է ու կարող է վերսկսվել։
ՄԱԶԵՐ
Այս խմբի խնդիրները հիմնականում կապված են մազաթափության հետ։ Եվ դարձյալ՝ առանց հաշվի առնելու մազաթափության պատճառները, տեսակները, մաշկի ու խնդրի առանձնահատկությունները՝ շատ դեռահասներ ակնկալում են լուծել մազաթափության խնդիրը (պայմանական) մեկ սրվակով։ Տեղին է հիշել մինոքսիդիլի մասին, որը վերջին շրջանում (և դարձյալ սոցցանցերի ազդեցությամբ) լայն տարածում է ստացել։ Ի՞նչ է պետք իմանալ այս նյութի մասին։ Այն իմաստ ունի օգտագործել, եթե խոսում ենք անդրոգենային մազաթափության մասին։
Մազաթափության մյուս դեպքերում՝ դրա կիրառումը (չհաշված ալերգիկ որոշ ռեակցիաներ) որևէ վտանգ չի սպառնում, բայց ունի յուրահատկություն։ Կիրառման ընթացքում նյութը հաճախ հոսում է պարանոցի, քունքերի, ճակատի վրայով և դառնում անցանկալի մազակալության պատճառ։ Ճիշտ է՝ նյութի կիրառումը դադարեցնելուց որոշ ժամանակ անց այդ մազերը կարող են թափվել, բայց պետք է զգույշ լինել։ Մինոքսիդիլ սովորաբար նշանակվում է անդրոգենային մազաթափություն ունեցող տղաներին՝ 16-17 տարեկանից հետո, ու դարձյալ՝ մասնագետի ցուցումով ու վերահսկմամբ։
Մարդու գլխից, միջինում, օրական 100 մազ է ընկնում, իսկ եթե դուք նկատում եք կամ կասկածում եք, որ ձեր դեռահասն ունի մազաթափություն, ապա անպայման պետք է դիմել կա՛մ տրիխոլոգի, կա՛մ մաշկաբանի օգնությանը։
Մազաթափության ամենահաճախ հանդիպող տեսակը կոչվում է տելոգեն էֆլուվիում․ տարածուն մազաթափություն է, որի պատճառը կարող են լինել վերջերս տարած վիրուսային և այլ հիվանդությունները, եթե երեխան տևական ժամանակ ջերմել է և այլն։
Պատճառների ցանկում կարևոր տեղ է զբաղեցնում սթրեսը։ Տանը կամ դպրոցում տարաբնույթ միջադեպերի կամ ֆոնային լարված մթնոլորտի պատճառով դեռահասի մազերը կարող են թափվել։ Տելոգեն էֆլուվիումը ժամանակավոր է։ Եթե տրիխոլոգը կամ մաշկաբանը ախտորոշում է հենց այդ խնդիրը, ապա չի նշանակում բուժում, քանի որ հայտնի է՝ հիվանդության կամ սթրեսի վերացումից հետո մազերը վերականգնվելու են։
Միջինում այսպես է՝ մազերը վեց ամիս թափվում են, վեց ամիս՝ վերականգնվում։ Եթե խնդրի հայտնաբերումից մոտավորապես մեկ տարի անց մազերի աճը չի վերականգնվում, ապա մասնագետը սկսում է փնտրել այլ պատճառներ։
Մազաթափության տարածված տեսակներից է նաև օջախայինը (երբ մազերը թափվում են գրեթե իդեալական շրջանաձև մակերեսով)։ Բուժումը՝ բացառապես տրիխոլոգի, կա՛մ մաշկաբանի նշանակմամբ։
ԵՂՈՒՆԳՆԵՐ
Դեռահաս աղջիկների շրջանում, վերջին տարիներին, լայն տարածում ունի եղունգների գելային մոդելավորումը։ Ծնողներին հորդորում ենք ուշադրություն դարձնել երեք հանգամանքի․
- Գործիքների ստերիլություն․ օբյեկտիվորեն բոլոր գործիքները չեն կարող լինել մեկանգամյա օգտագործման, կան նաև բազմակի կիրառման գործիքներ, ուստի անչափ կարևոր է հարցնել, տեղեկանալ, թե ինչ միջոցներով ու սարքավորումներով է տվյալ սրահում իրականացվում գործիքների ախտահանումը՝ խուսափելու տարբեր, այդ թվում անբուժելի հիվանդություններից։
- Քիմիական այրվածքներ գելից․ սա որևէ կերպ ստուգել, կանխել հնարավոր չէ, թերևս կարելի է հարց ու փորձ անել տվյալ սրահից կամ մասնագետի ծառայություններից օգտվող մարդկանց՝ պարզելու՝ արդյոք եղել են նախադեպեր։ Գելը (նաև դրա սխալ կիրառումը) կարող են այրել ու քայքայել եղունգները։ Դրանց վերականգնումը ձգվում է ամիսներ, ցավոտ ու տհաճ պրոցես է։
- Ուլտրամանուշակագույն ճառագայթներ․ կիրառվում են գելերի եզրափակիչ չորացման համար նախատեսված սարքերում։ Ապացուցված է, որ դրանց կիրառումը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Նվազագույնն ինչ կարելի է անել՝ ձեռքերին արևապաշտպան միջոց քսելն է՝ սարքի մեջ դնելուց 10-15 րոպե առաջ: