Մանկական ստոմատոլոգիա. բերանի խոռոչի հիգիենայի կանոններից մինչև երեխաներին սարսափեցնող պատմություններ
Երեխայի բերանի խոռոչի ու ատամների առողջությունը ծնողներին հուզող թեմաներից է նաև այն պատճառով, որ մանկան առողջության ամենատեսանելի կողմերից մեկն է՝ սևացած ատամներ, հանկարծակի սկսվող ատամնացավն ու այս ամենն ուղեկցող տարաբնույթ միֆեր ու խորհուրդներ:
Մանկական ստոմատոլոգ Մեսրոպ Անթանյանի հետ զրուցել ենք առողջ ատամների «գաղտնիքների», ստոմատոլոգի ընտրության, կանխարգելիչ միջոցառումների և մեզանում դեռ շրջանառվող անթույլատրելի գործողությունների մասին: Զրույցի ամենակարևոր կետերից մի քանիսը՝ ստորև:
Առողջ ատամնաշարի ձևավորման հարցում էական նշանակություն ունի երեխայի կյանքի առաջին1 տարին: Այդ ժամանակահատվածի հետ է համընկնում բացառապես կրծքով կերակրման փուլը (կյանքի առաջին6 ամիսը), երբ երեխայի առողջության, այդ թվում բերանի խոռոչի առողջության, թիվ մեկ երաշխավորը կրծքի կաթն է: Այս համատեքստում պետք է իմանալ, որ կաթնառանուրդներում առկա լակտոզան նույնը չէ, ինչ մայրական կաթինը, այն բարձրացնում է կարիեսի առաջացման ռիսկը:
Երեխաների ատամների խնամքը պետք է սկսել առաջին ատամի ծկթելուց հետո: Ամենապարզ գործողությունը, որ կարելի է անել՝ մաքրել երեխայի ատամները ռետինե հատուկ խոզանակով: Եթե ձեռքի տակ այդպիսի խոզանակ չկա՝ կարելի է օգտագործել թանզիվից (марля) գնդիկներ: Այդպես պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև երեխայի բերանում կհայտնվեն ավելի շատ թվով ատամներ ու հնարավոր կլինի մաքրել դրանք մանկական խոզանակով:
Երեխայի կյանքի առաջին մեկ տարում, ատամների մաքրումը ցանկալի է կատարել օրական մեկ անգամ՝ գիշերային քնից առաջ:
Պետք է բացառել երեխայի շուրթերը համբուրելու սովորույթը (մի բան, որ առկա է շատ ընտանիքներում): Այդ թվացյալ պարզունակ ու «քաղցր» գործողությամբ մեծահասակներն իրենց բերանի խոռոչում առկա միկրոբները փոխանցում են փոքրիկներին: Մեծահասակը կարող է ունենալ վատառողջ ատամներ, ինչը հավանական է դարձնում նաև թարախային պրոցեսների առկայությունը:
Քաղցրը և թթուն հատկապես վնասակար են փոքրիկների ատամների համար: Քաղցրը հանգեցնում է կարիեսի, թթուն՝ վնասում է ատամների էմալը: Հավելյալ սնուցման անցնելուց հետո ցանկալի է սովորություն դարձնել փոքրիկին մաքուր ջուր տալը: Այդ տարիքում նա դեռ չի կարող ողողել բերանի խոռոչը, բայց ջուրը կօգնի բերանից հեռացնել քաղցրի ու թթվի (ցիտրուսային հյութերի) մնացորդները:
Մինչև մեկ տարեկան երեխաների բերանի խոռոչի ու ատամների ամենասարսափելի թշնամիցներից են քաղցրացրած թեյերն ու ծծակը քաղցրացնելու սովորությունը: Առաջինով երեխաներին «օգնում» են հանգիստ քնել, երկրորդով հանգստացնում են, երբ փոքրիկը լալիս է: Թե՛ մեկը, թե՛ մյուսը հետևաղականորեն վնասում են երեխայի առողջությունն ու ատամները: Պատահական չէ, որ շատ երեխաներ ունենալով դեռ ընդամենը մի քանի ատամ, արդեն գիտեն, թե ինչ է կարիեսը:
Մանկական ստոմատոլոգիայում կարևոր ձեռքբերում է այն, որ ժամանակակից մուլտերի ու մուլտսերիալների օգնությամբ, երեխաները որոշակի պատկերացում են կազմում ստոմատոլոգի ու ստոմատոլոգիական կաբինետի մասին՝ նախքան առաջին այցը: Նրանց հետաքրքիր է այդ աշխարհը: Վատ է այն, որ մեր հասարակության մեջ գրեթե ընդունված չեն պրոֆիլակտիկ այցերը: Ստացվում է, որ երեխան առաջին անգամ մտնում է ստոմատոլոգիական կաբինետ, երբ ունի անհանգստացնող ցավ, իսկ եթե կա ցավ՝ երեխան ակամա ավելի լարված է: Բնական է, որ հետագա այցերը ստոմատոլոգի կաբինետ ասոցացվելու են առաջին այցի տհաճ տպավորությունների հետ:
Նույնիսկ տարեկան մեկ պրոֆիլակտիկ այցը թույլ կտա չեզոքացնել փոքրիկի վախերը, իսկ ժամանակին հայտնաբերած խնդիրները կլուծվեն ավելի արագ, պակաս ցավոտ ու էականորեն քիչ գումարով:
Երեխաներին պետք է նախապատրաստել ստոմատոլոգի կաբինետ այցին՝ բացառելով սուտն ու վախացնելը: Ստի պարզունակ օրինակներ են՝ քեզ ոչ մի բան չեն անելու, չի ցավալու, ոչ մի բան չես զգալու: Վախացնելու տարածված ձևերը՝ խելոք մնա, թե չէ բժիշկ կկանչեմ՝ քեզ կծակի: Այսօրինակ արտահայտությունների հետևանքները բացասաբար են ազդում են ոչ միայն ատամնաբույժների, այլև առհասարակ բոլոր բժիշկների գործունեության և երեխաների հետ շփում հաստատելու վրա: Պարզ օրինակ՝ երեխան անզգայացման կարիք միայն ստոմատոլոգի կաբինետում չէ, որ կարող է ունենալ: Ասեղը, բժշկական խալաթը, չիրականացած սպասելիքները՝ երեխա-բժիշկ շփումը վերածում են իսկական փորձության և սթրեսի երեխայի համար:
Պետք չէ ամենայն մանրամասնությամբ բացատրել երեխային, թե ինչ է լինելու ստոմատոլոգի կաբինետում, փոխարենը կարելի է ասել, որ բժշկին է ցույց տալու իր ատամները, բժիշկը կասի՝ սիրուն են դրանք, թե ոչ, կստուգի՝ կան հիվանդ ատամիկներ և այսպես շարունակ: Այս զրույցները պետք չէ վարել ատամնաբույժի մոտ գնալուց մեկ օր առաջ՝ սա երկարատև աշխատանք է, պետք է ժամանակ առ ժամանակ խոսել սրա մասին՝ չխաբել, չվախեցնել:
Երեխայի ատամներով և բերանի խոռոչի առողջությամբ պետք է զբաղվի մանկական ստոմատոլոգը: Մեծահասակները հաճախ դիմում են իրենց լավ ծանոթ, գուցե արդեն ընկեր-բարեկամ դարձած մասնագետներին՝ վստահ, որ դրական նույն փորձառությունն, ինչ ունեն իրենք, կունենա նաև երեխան: Սակայն մանկական ստոմատոլոգիայում մոտեցումները էականորեն տարբերվում են: Դրա համար էլ սա համարվում է առանձին ճյուղ ստոմատոլոգիայում: Մեկ «անհաջող» այց ստոմատոլոգին և երեխան (ապագայում մեծահասակը) կարող է սովորույթի վերածել ատամների բուժումն անդադար հետաձգելը: Այդպես, շատ մարդիկ դիմում են ստոմատոլոգի օգնությանը, երբ «դանակը հասնում է ոսկորին»:
Շատ ծնողների համար իսկական հայտնագործություն է միտքը, որ 6 տարեկանից սկսած երեխայի ատամների խնամքի ու մաքրության անփոխարինելի միջոց պետք է լինի ատամնաթելը: Ավելին՝ ատամների մակերեսի ավելի քան 35 տոկոսն անհնար է մաքրել առանց ատամնաթելի: Վեց տարեկանից հետո սկսում են ծկթել հիմնական ատամները: Մինչև այդ պրոցեսի ավարտը՝ ատամնաշարերը ժամանակավորապես լիարժեք կոնտակտ չեն ունենում, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ատամների մակերեսին սննդի մնացորդների կուտակման, հետագայում՝ կարիեսի զարգացման համար:
Ատամի խոզանակ, ատամնաթել, սպիրտ չպարունակող ողողիչներ և պրոֆիլակտիկ այցեր: Այս չորսի համակցված կիրառումը երաշխավորում է բերանի խոռոչի և ատամների բավարար հիգիենայի ապահովում և էականորեն նվազեցնում է հնարավոր վտանգների առաջացումը: