Skip to main content
Հետադարձ կապ

Ինչ է սթրեսը

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ սթրեսը շատացել է աշխարհում։ Ինչպես մեծահասակները, բազմաթիվ երեխաներ ևս բախվում են այս խնդրին:

Մենք անցնում ենք աշխարհում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների միջով, սակայն կան նաև շատ այլ հանգամանքներ, որոնք կարող են երեխաների համար սթրեսի աղբյուր հանդիսանալ, օրինակ՝ տանը տեղի ունեցող բացասական իրավիճակները, դպրոցում կատարված միջադեպ կամ քննական շրջանը, մինչև անգամ դրական փոփոխությունները, ինչպիսիք են նոր տուն տեղափոխվելը կամ նոր ընկերներ ձեռք բերելը։  

Որպես ծնող՝ դուք կարող եք օգնել ձեր երեխային հաղթահարելու սթրեսային ժամանակաշրջանը՝ նրա վարքում նկատելով ծայրահեղ սթրեսի նշանները և սովորեցնել երեխային, թե ինչպես կարող է կառավարել այն:

Ինչ է սթրեսը

Սթրեսը տարածված զգացում է, որով համակվում ենք, երբ մեզ զգում ենք ճնշված, ծանրաբեռնված կամ անկարող՝ հաղթահարելու իրավիճակը։ Սթրեսի փոքր չափաբաժինը կարող է անգամ օգտակար լինել և մոտիվացնել հասնելու մեր նպատակներին, որոնցից է, օրինակ, քննություն հանձնելը կամ ելույթ ունենալը։ Սակայն չափազանց մեծ սթրեսը, հատկապես երբ այն անկառավարելի է թվում, կարող է բացասաբար անդրադառնալ մեր տրամադրության, ֆիզիկական ու հոգեկան առողջության և հարաբերությունների վրա։

Ինչը կարող է առաջացնել սթրես  

Երեխաները ոչ միշտ են սթրեսը նույն կերպ տանում, ինչպես մեծահասակները։ Եթե մեծահասակների շրջանում առավել տարածված է աշխատանքի հետ կապված սթրեսը, երեխաների համար սթրեսի պատճառ կարող է լինել սպառնալից, բարդ կամ ցավոտ իրավիճակները հաղթահարել չկարողանալը։ Օրինակ՝

  • սեփական անձի մասին բացասական մտքերը կամ զգացմունքները,
  • մարմնի փոփոխությունները, ինչպես, օրինակ՝ սեռական հասունացման սկիզբը,
  • քննությունները և տարիքի հետ ավելացող տնային առաջադրանքները,
  • շփումներում և դպրոցում ընկերների միջև ի հայտ եկած խնդիրները,
  • մեծ փոփոխությունները, ինչպես, օրինակ՝ նոր տուն տեղափոխվելը, դպրոց փոխելը կամ ծնողների բաժանումը,
  • քրոնիկ հիվանդությունները, ֆինանսական խնդիրներն ընտանիքում կամ սիրելի մարդու մահը,
  • անապահով միջավայրը տանը կամ համայնքում։

Սթրեսը երեխաների և դեռահասների շրջանում

Երեխաները կարող են սթրես տանել, երբ նրանց հետ որևէ նոր կամ անսպասելի բան է կատարվում։ 

Մանկահասակ երեխաների շրջանում սթրեսի տարածված պատճառներից է ընտանիքում լարված հարաբերությունները, օրինակ՝ ընտանեկան բռնությունը, ծնողների ամուսնալուծությունը կամ սիրելի մարդու մահը։

Մեծանալուն զուգընթաց երեխաների համար սթրեսի աղբյուրները կարող են ավելանալ, քանի որ նրանց կյանքում ավելի մեծ փոփոխություններ են լինում. ավելի շատ դպրոցական առաջադրանքները և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին սոցիալական ցանցերում և այլուր լրատվության ավելի մեծ հոսքը և հասանելիությունը։ Բազմաթիվ դեռահասներ սթրես են ապրում սոցիալական խնդիրների պատճառով, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունը և խտրական վերաբերմունքը։

Կարևոր է հիշել, որ երեխաներն ասես «սպունգ» լինեն և կլանում են այն ամենը, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը։ Նրանք նկատում են, երբ ծնողները սթրեսի մեջ են, և նույնպես կարող են արձագանքել այդ հուզական վիճակին:։

Երեխաները և դեռահասները ոչ միշտ են ունենում այն հուզական ինտելեկտը կամ բառապաշարը, որը հնարավորություն կտա նրանց լիարժեք արտահայտվելու։ Մինչդեռ ավելի փոքր երեխաները կարող են չհասկանալ, թե իրականում ինչ է կատարվում իրենց հետ՝ պայմանավորված տարիքով և զարգացման աստիճանով։ Նրանց համար նոր կամ ոչ սովորական իրավիճակը պարզապես տարօրինակ, ոչ հարմարավետ, անկանխատեսելի և նույնիսկ վախենալի է թվում։

Սթրեսի նշանները և ախտանիշերը

Երբ մարմինը սթրեսի է ենթարկվում, այն այնպիսի հորմոններ է արտադրում, ինչպիսիք են ադրենալինը և կորտիզոլը, որոնք մեզ նախապատրաստում են հրատապ գործողության, որը մեզ հայտնի է նաև որպես «կռվելու կամ փախչելու» արձագանք։ Այն կարող է բազմաթիվ հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիակական առողջության վրա։ Դրանցից են. 

Ֆիզիկական

  • Մակերեսային շնչառություն, քրտնարտադրություն և ուժեղ սրտխփոց.
  • Գլխացավեր, գլխապտույտ և քնելու դժվարություն.
  • Սրտխառնոց, մարսողության խանգարում կամ մարսողական խնդիրներ.
  • Քաշի ավելացում կամ կորուստ չափից շատ կամ քիչ ուտելու պատճառով.
  • Ցավեր և ավելի հաճախակի դարձող հիվանդություններ։

Հուզական և հոգեկան

  • Դյուրագրգռություն և բարկություն, որոնք զայրույթի պոռթկումներ են առաջացնում կամ հանգեցնում են ընտանիքից և ընկերներից մեկուսանալուն.
  • Պարտականությունների անտեսում, արդյունավետության անկում կամ կենտրոնանալու դժվարություն.
  • Հուզական լարվածություն, օրինակ՝ շարունակաբար տխրելը կամ լաց լինելը։

Այս ախտանիշերը հաճախ կարող են հանգեցնել ավելի խոր սթրեսի։ Կարևոր է օգնել երեխային գտնելու սթրեսը հաղթահարելու ուղիներ, որպեսզի նա կարողանա անմիջապես արձագանքել դրան և հաղթահարել այն։   

 

Ինչպես օգնել երեխային հաղթահարելու սթրեսը

Երբ երեխաները սթրես են տանում, ծնողները կարող են կարևոր դեր խաղալ՝ օգնելով գտնելու սթրեսը հաղթահարելու ուղիներ։

Ինչպես մեծահասակներին, երեխաներին նույնպես երբեմն անհրաժեշտ է հիշեցնել, որ բարյացակամ լինեն սեփական անձի նկատմամբ։

  1. Նկատե՛ք խթանող գործոնները: Օգնե՛ք Ձեր երեխային ճանաչելու և հիշելու այն պահերը, երբ նա սթրեսի է ենթարկվել, և փնտրե՛ք օրինաչափություններ երեխայի արձագանքներում։ Ի՞նչ է կատարվել այդ ժամանակ։ Ի՞նչ էր երեխան մտածում, զգում կամ անում սթրեսի ենթարկվելուց անմիջապես առաջ։ Հենց երեխան կարողանա ի հայտ բերել այն դժվարությունները, որոնց պատճառով նա ամենայն հավանականությամբ սթրես է ապրում, Դուք կարող եք միասին փնտրել սթրեսը կանխելու կամ արագ հաղթահարելու ուղիները։
  2. Արձագանքե՛ք սիրով: Ձեր երեխային լրացուցիչ սեր, ժամանակ և ուշադրությո՛ւն տվեք։ Հետևե՛ք՝ արդյոք սթրեսը ազդում է նրա առողջության, վարքագծի, մտքերի կամ զգացմունքների վրա։ Մի՛ մոռացեք լսել նրան, լինել բարեհամբույր և գոտեպնդել նրան։
  3. Օրինա՛կ ծառայեք: Ձեր երեխայի հետ զրուցե՛ք այն մասին, թե ինչպես եք Դուք հաղթահարել սթրեսային իրավիճակները։ Ձեր սեփական փորձի մասին պատմելով՝ երեխային ոգեշնչում եք իր մեջ ձևավորելու սթրեսի կառավարման արդյունավետ սովորություններ։
  4. Նպաստե՛ք դրական մտածողությանը: Երեխաների, հատկապես դեռահասների համար հեշտ է վատ կարծիք կազմել սեփական անձի մասին։ Եթե լսում եք, օրինակ, նման պնդումներ՝ «Ես ոչ մի բան լավ չեմ անում», «Ես ինձ չեմ հավանում» կամ «Ես վախենում եմ դուրս գնալ», հարցրե՛ք նրան, թե ինչն է նրա մեջ նման զգացողություն առաջացրել, և հիշեցրե՛ք այն ժամանակների մասին, երբ նա որևէ բան կարողացել է լավ անել ու ինչպես է դա արել։ Ձեր խրախուսանքը նրան կստիպի իրեն զգալ հասկացված և վստահ, որ ինքը կարող է հաղթահարել սթրեսային իրավիճակները։
  5. Աջակցե՛ք առողջ սովորությունների ձևավորմանը:  Քունը և լավ սնվելը սթրեսի գլխավոր մեղմացուցիչներն են։ Մասնագետները խորհուրդ են տալիս 6–ից 12 տարեկան երեխաներին գիշերը քնել 9–12 ժամ։ Դեռահասներն ունեն 8–10 ժամվա գիշերային քնի կարիք։ Քունը պաշտպանելու համար սահմանափակե՛ք էկրանի առջև երեկոյան անցկացրած ժամանակը և խուսափե՛ք ննջասենյակում թվային սարքավորումներ պահելուց։ Որքան ավելի լավ սնվի ու հանգստանա երեխան, այնքան ավելի լավ կկարողանա հաղթահարել սթրեսը։

Խրախուսե՛ք երեխային դուրս գնալու, խաղալու և ժամանակ անցկացնելու ընկերների հետ։ Մարզվելը և մտակենտրոնացումը՝ մեդիտացիան, և խոր շնչառական վարժությունները օգտակար են սթրեսի մեղմացման հարցում։

Որովայնային շնչառությունը շատ հանգստացնող ազդեցություն ունի և օգնում է, որ թթվածինը խոր ներթափանցի թոքերը։ Ահա 3 քայլից բաղկացած հեշտ վարժություն. ձեռքը դրե՛ք ստամոքսին, 5 անգամ խոր շո՛ւնչ քաշեք, 5 վայրկյան շնչե՛ք, 5 վայրկյան արտաշնչե՛ք՝ շնչելով քթով և արտաշնչելով բերանով։ Բացատրե՛ք երեխային, որ երբ նա օդը ներս է քաշում, նրա փորիկը փուչիկի պես մեղմորեն ուռչում է, իսկ երբ արտաշնչում է, օդը փուչիկից դանդաղ դուրս է գալիս։

Երբ դիմել մասնագետի օգնությանը

Եթե Ձեր երեխայի համար դժվար է հաղթահարել սթրեսը, կարելի է դիմել մասնագետի որը կօգնի կառավարելու սթրեսը և հոգեկան առողջությանն առնչվող դրական սովորություններ զարգացնելու գործում։

Մի՛ վախեցեք և մի՛ վարանեք Ձեր երեխայի համար դիմել մասնագետի օգնությանը։ Եթե սթրեսն ազդում է երեխայի կյանքի որակի վրա, կարևոր է, որ նա հնարավորինս շուտ ստանա օգնություն, որպեսզի սկսի իրեն ավելի լավ ու լիարժեք զգալ, իսկ հետագայում ավելի պատրաստ լինի նման իրավիճակների։ ​​​​​​​

Նույնաբովանդակ այլ նյութեր