Skip to main content
Հետադարձ կապ

Ինչ է ընկճախտը

Բոլոր երեխաները ժամանակ առ ժամանակ տխուր կամ անտրամադիր են լինում. դա մեծանալու բնականոն մասն է կազմում։ Բայց այս հույզերը կարող են մտահոգիչ լինել, եթե երեխաներն այդ զգացողությունն ունենում են պարբերաբար կամ երկար ժամանակ, հատկապես երբ այն ազդում է երեխայի սոցիալական, ընտանեկան և դպրոցական կյանքի վրա։

Չնայած յուրաքանչյուրի համար էլ դժվար է լավատես լինել, երբ ընկճախտի մեջ է հայտնվում, այնուամենայնիվ, ընկճախտը կարելի է բուժել, և կան քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել, որպեսզի օգնեք Ձեր երեխային՝ բարելավելու իքնազգացողությունը։

Ինչ է ընկճախտը

Ընկճախտը հոգեկան առողջության խաթարման ամենատարածված տեսակներից մեկն է և հաճախ զարգանում է անհանգստությանը զուգահեռ։

Ընկճախտը կարող է լինել թեթև և կարճատև կամ ծանր և երկարատև։ Որոշ մարդիկ ընկճախտ ունենում են միայն մեկ անգամ, իսկ մյուսները այդ վիճակում կարող են հայտնվել մի քանի անգամ։

Ընկճախտը կարող է հանգեցնել ինքնասպանության, սակայն այն հնարավոր է կանխել ժամանակին համապատասխան աջակցություն ցուցաբերելու դեպքում։ Կարևոր է իմանալ, որ շատ բան կարելի է անել՝ օգնելու ինքնասպանության մասին մտածող երիտասարդներին։

Ինչը կարող է առաջացնել ընկճախտ

Ընկճախտ կարող է առաջանալ ի պատասխան տարբեր բաների՝ ընտանեկան կամ դպրոցական բռնության, մտերիմ մարդու, ընտանի կենդանու մահվան կամ կորստի, ընտանեկան խնդիրների, ինչպես ծնողների ամուսնալուծությունն է։ Ընկճախտ կարող է առաջանալ նաև երկարատև սթրեսից հետո։ Նախադրյալ է, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկն արդեն ընկճախտ ունի։ Երբեմն ընկճախտի առաջացման պատճառները կարող են անհայտ մնալ։ 

Երեխաների և դեռահասների ընկճախտը  

Ընկճախտը կարող է երեխաների և դեռահասների շրջանում դրսևորվել երկարատև տխրության կամ դյուրագրգռության ձևով։ Այն բավականին տարածված է ավելի մեծ տարիքի երեխաների և դեռահասների շրջանում, սակայն հաճախ աննկատ է մնում։

Որոշ երեխաներ ասում են, որ իրենք «դժբախտ» են կամ «տխուր»։ Մյուսները կարող են ասել, որ ցանկանում են վնասել իրենց կամ նույնիսկ ինքնասպանություն գործել։ Երեխաները և դեռահասները, ովքեր ընկճախտ ունեն, ինքնավնասման ավելի մեծ վտանգի մեջ են, ուստի նման պնդումներին միշտ պետք է լուրջ վերաբերվել։

Եթե երեխան տխուր է, անպայման չի նշանակում, որ նա ընկճախտ ունի։ Սակայն եթե տխրությունը դառնում է մշտական կամ խանգարում է սովորական կյանքին, հետաքրքրություններին, դպրոցական կամ ընտանեկան կյանքին, կարող է նշանակել, որ երեխան հոգեբանի օգնության կարիք ունի։

Հիշեք՝ միայն բժիշկը կամ հոգեթերապևտը կարող է ընկճախտն ախտորոշել, ուստի մի՛ հապաղեք խորհրդակցել Ձեր թերապևտի հետ, եթե մտահոգված եք։ 

Երեխաների շրջանում ընկճախտի նշաններն ու ախտանիշերը

Ընկճախտը կարող է տարբեր կերպ դրսևորվել։ Ստորև ներկայացված են ընկճախտի տարածված նշաններն ու ախտանիշերը։

Ֆիզիկական  

  • Հոգնածություն կամ էներգիայի անկում նույնիսկ հանգստանալու դեպքում
  • Անհանգստություն կամ կենտրոնանալու դժվարություն
  • Առօրյա գործերը կատարելու դժվարություն
  • Ախորժակի և քնի ռեժիմի փոփոխություններ
  • Ցավեր, որոնք ակնհայտ պատճառ չունեն։

Հուզական և հոգեկան

  • Տևական տխրություն, անհանգստություն կամ դյուրագրգռություն
  • Հետաքրքրության կորուստ ընկերների և այն զբաղմունքների նկատմամբ, որոնցից երեխան սովորաբար հաճույք էր ստանում
  • Այլ անձանցից մեկուսացում և միայնություն
  • Թերարժեքության, հուսալքության կամ մեղքի զգացում
  • Ռիսկի դիմելու մտքեր, որոնք երեխայի մեջ սովորաբար ի հայտ չեն եկել․
  • Ինքնավնասման կամ ինքնասպանության մասին մտքեր։

Այս ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայությունը չի ենթադրում, որ երեխան ընկճախտ ունի, սակայն մի շարք միջոցներ կան, որոնցով կարող եք օգնել Ձեր երեխային հաղթահարել դրանք։ Եթե մտահոգված եք, խորհրդակցե¢ք ձեր թերապևտի հետ

Ինչպես օգնել երեխային հաղթահարելու ընկճախտը

Ահա թե ինչ կարող եք անել, որպեսզի աջակցեք Ձեր երեխային, եթե կարծում եք, որ նա  ընկճախտի նշաններ ունի.

  1. Պարզեք, թե ինչ է տեղի ունենում։ Հարցրե՛ք երեխային, թե ինչպես է իրեն զգում, և լսեք նրան առանց քննադատության կամ խորհուրդներ տալու։ Հարցրեք Ձեր երեխային ճանաչող մարդկանց, որոնց Դուք վստահում եք, օրինակ՝ սիրելի ուսուցչին կամ մտերիմ ընկերոջը, թե արդյոք նրանք նկատել են որևէ մտահոգիչ փոփոխություն երեխայի վարքագծում։ Հատուկ ուշադրությո՛ւն դարձրեք երեխայի ինքնազգացողությանը նրա կյանքում տեղի ունեցող կարևոր փոփոխությունների ընթացքում, օրինակ՝ երբ նա սկսում է հաճախել նոր դպրոց, կամ սեռական հասունացման շրջանում։ 
  2. Ժամանա՛կ անցկացրեք երեխայի հետ։ Փորձե՛ք ջերմության, վստահության և աջակցության մթնոլորտ ստեղծել՝ զրուցելով կամ զբաղվելով երեխայի տարիքին համապատասխան և նրան հաճելի զբաղմունքով։ Հետաքրքվե¢ք նրա կյանքով, օրինակ՝ ինչպես է նրա օրն անցել դպրոցում, կամ ամենաշատը ինչն է նրան դուր գալիս իր ընկերների մեջ։
  3. Խրախուսե՛ք դրական սովորությունները։ Խրախուսե՛ք Ձեր երեխային զբաղվել այնպիսի բաներով, որոնցից նա սովորաբար հաճույք է ստանում, կանոնավոր սնվել ու քնել և լինել ակտիվ։ Ֆիզիկական ակտիվությունը տրամադրությունը բարձրացնելու կարևոր միջոց է։ Երաժշտությունը կարող է հզոր ազդեցություն ունենալ մեր տրամադրության վրա, ուստի փորձեք միասին լսել երգեր, որոնք նրա մեջ կյանքի հանդեպ դրական տրամադրվածություն են ստեղծում։  
  4. Թո՛ւյլ տվեք նրան արտահայտվել։ Թո՛ւյլ տվեք, որ նա խոսի Ձեզ հետ։ Ուշադիր լսե՛ք՝ ինչ է նա ասում այն մասին, թե ինչպես է իրեն զգում։ Երբեք մի՛ ճնշեք երեխային՝ ստիպելով, որ կիսի իր մտքերը Ձեզ հետ, փոխարենը կարող եք խրախուսել  ստեղծագործական արտահայտման այլ ձևեր, օրինակ՝ իր մտքերը նկարելը, ձեռքի աշխատանքի միջոցով արտահայտելը կամ օրագրում գրելը։ Մտքերը օրագրում գրառելը որոշ երեխաների կարող է օգնել ազատվելու մտահոգող զգացողությունից՝ տխրեցնող կամ տրամադրությունը գցող բաներին կողքից նայելու միջոցով։ Դրանք կարող են նաև լավ հիշեցում լինել կյանքի դրական կողմերի և այն բաների մասին, որոնցով երեխան հպարտանում է։
  5. Պաշտպանե՛ք երեխային սթրեսային միջավայրից։ Փորձե՛ք Ձեր երեխային հեռու պահել այնպիսի իրավիճակներից, որոնցում նա կարող է լրացուցիչ սթրեսի, վատ վերաբերմունքի կամ բռնության ենթարկվել։ Եվ մի՛ մոռացեք առողջ վարքագիծ և արտահայտչամիջոցներ ձևավորել Ձեր իսկ կյանքում տեղի ունեցող սթրեսային իրավիճակների նկատմամբ, այդ թվում՝ սահմաններ գծելով և  ինքնախնամքի դրական սովորությունները պահպանելով։

Երբ դիմել մասնագետի օգնությանը

Քանի որ ընկճախտը կարող է ախտորոշել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետը, կարևոր է դիմել Ձեր թերապևտի օգնությանը, որը կարող է Ձեր երեխային ուղարկել հոգեթերապևտի կամ հոգեբանի մոտ։ Եթե հոգեթերապևտը որոշի, որ Ձեր երեխան  բուժման կարիք ունի, բուժման տարբերակ կարող է լինել զրույցի միջոցով թերապիան, որի ժամանակ երեխան սովորում է կառավարել իր մտքերն ու զգացումները, կամ թերապիայի և դեղերի համակցությունը։

Եթե Ձեր երեխան ինքնավնասման մտքեր ունի կամ արդեն վնասել է իրեն, դիմե¢ք շտապօգնության ծառայության կամ բժշկի օգնությանը։ Մի¢ հապաղեք դիմել նրանց, եթե մտահոգ եք։

Ընկճախտը կարելի է բուժել, և որքան շուտ խոսեք մասնագետի հետ, այնքան Ձեր երեխան ավելի շուտ լավ կզգա իրեն։


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Նույնաբովանդակ այլ նյութեր