Քանի՞ ժամ պետք է քնի ձեր երեխան
Նորածինները օրվա ընթացքում քնում են մոտավորապես 16-17 ժամ, 6 ամսական երեխաները՝ 14,5 ժամ, 1 տարեկանները՝ 13,5 ժամ:
Գիշերային քունը հաստատուն է դառնում մոտավորապես 4 ամսական հասակում և տևում է 6-8 ժամ: Աստիճանաբար երկարելով՝ 6 ամսական հասակում այն դառնում է 10-12 ժամ:
4-8 ամսական երեխաները սովորաբար ցերեկվա ընթացքում քնում են 2-3 անգամ, 9-12 ամսականները՝ 1-2 անգամ, 1-2,5 տարեկանները՝ 1: Ցերեկային քնի տևողությունը կարող է տատանվել 1-4 ժամվա սահմաններում: 2,5 տարեկանից մեծ երեխաների մեծամասնությունը ցերեկը չի քնում, իսկ գիշերային քունն այդ տարիքում տևում է 10-15 ժամ: 4 տարեկանից մեծ երեխաները շատ հազվադեպ են ցերեկը քնում, նրանց գիշերային քունը կազմում է 9-13 ժամ:
Մինչև մեկ տարեկան հասակը երեխաների 84%-ը գիշերվա ընթացքում առնվազն մեկ անգամ արթնանում է: Նրանցից շատերը առանց ծնողների միջամտության նորից քուն են մտնում: Մյուսները քնելու համար ծնողների օգնության կարիքն ունեն և կոչվում են «գիշերն արթնացողներ»:
Գիշերն արթնանալը
Գիշերն արթնանալու իմաստով շատ կարևոր է քնին ուղեկցող իրադրությունը: Գրեթե բոլոր երեխաներն գիշերվա ընթացքում առնվազն մեկ անգամ արթնանում են, սակայն կարող են նորից ինքնուրույն քնել կամ պահանջել ծնողի ներկայությունն ու միջամտությունը՝ կախված քնեցնելու եղանակից: Երեխան պետք է կարողանա քնել առանց ծնողի, որպեսզի գիշերն արթնանալիս նորից քուն մտնելու համար նրա կարիքը չզգա:
«Ախր չեմ ուզում քնել»
Քնելուն դիմադրելը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ փոքրիկը օրվա հարուստ տպավորություններից հետո չի ցանկանում թողնել իր համար հետաքրքիր միջավայրը և գնալ քնելու: Երեխաների մի մասը իր համար քնի նախատեսված ժամին պարզապես հոգնած չէ և քնելու հորդորներին պատասխանում է աղմկոտ դիմադրությամբ:
Երեխային անկողնում պառկեցնելը ծնողի պարտականությունն է, բայց երեխան ինքը պետք է քուն մտնի:
Ծնողը կարող է պահանջել, որ երեխան որոշակի ժամի գնա քնելու և պահպանի որոշ կանոններ, օրինակ՝ քնելուց առաջ չուտել: Սակայն եթե երեխային 7-ժամյա քունը բավարարում է, ապա պետք չէ զուր փորձել ավելացնել քնի տևողությունը:
Քնի դժվարություններ ունեցող երեխաները երբեմն նաև այլ վարքագծային խնդիրներ են ունենում: Նման դեպքում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երեխայի ցերեկային և ոչ թե գիշերային վարքագծին:
Շատ կարևոր են ծնողի և երեխայի փոխհարաբերությունները: Երբեմն հարկ է լինում, որ ծնողը կարգավորի երեխայի ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային վարքագիծը: Կարևոր է ըմբռնել երեխայի բնավորությունն ու զգացումները: Ցանկալի չէ զայրույթով ընդունել երեխայի ինքնուրույնության փորձերը, բայց նաև պետք չէ անուշադիր լինել երեխայի վարքի նկատմամբ: Ծնողը պետք է հետևողական լինի և խրախուսի երեխայի քնելու դրական սովորույթները:
Որոշ երեխաներ դժվարությամբ են համակերպվում ծնողներից զատ քնելուն: Նման դեպքերում լույսը վառ և դուռը բաց թողնելը կամ անկողնում խաղալիք դնելը կարող է մխիթարել երեխային, երբ նա գնում է քնելու կամ գիշերն արթնանում է:
Գիշերային մղձավանջներ
Մղձավանջները վշտացնող և վախեցնող երազներն են: Ի տարբերություն գիշերային վախի՝ երեխան հիշում է և կարող է պատմել երազը: Նա կարող է վախենալ նորից քնելուց: Մղձավանջից արթնանալուց հետո երեխային պետք է հանգստացնել և բացատրել, որ ինքը վատ երազ է տեսել, բայց իրականում ապահով է: Եթե երեխան առանձին սենյակում է քնում, ապա նրան պետք է վստահեցնել, որ ծնողը կգա, հենց որ նա կկանչի: Կարելի է լույսը վառ թողնել և երեխայի մահճակալում նրա սիրած խաղալիքը դնել, և եթե անհրաժեշտ է, մնալ երեխայի մոտ կամ տանել նրան ծնողների սենյակը, նույնիսկ քնեցնել նրանց մահճակալում: Պետք է խնդրել երեխային, որ ցերեկը պատմի իր երազը, և օգնել հաղթահարելու դժվար ապրումները:
Երբեք պետք չէ վախեցնել երեխային. անհրաժեշտ է խուսափել ջղային իրավիճակ ստեղծելուց, ինչպես նաև հեռուստացույցով հուզիչ հաղորդումներ դիտելուց: Ցանկալի է օգնության համար դիմել մանկաբույժին կամ հոգեբանին: