Skip to main content
Հետադարձ կապ

Շնչառական վիրուսային հիվանդություններ

Մինչև 1 տարեկան երեխաների ծնողներին, հատկապես, եթե երեխան ընտանիքում առաջինն է, անհանգստացնում ու վախեցնում է փոքրիկների առողջությանը վերաբերող ցանկացած մանրուք: Չափավոր զգուշավորությունը հիանալի է, բայց նաև պետք է պատրաստ լինել, քանի որ ջերմության հանկարծակի բարձրացումը կամ երեխայի ինքնազգացողության վատացումը կարող են առաջացնել անհարկի խուճապ:

Լինել պատրաստ նշանակում է լինել տեղեկացված, գործել մտածված:

Մանկաբույժ Սեդա Հարությունյանի հետ մանրամասն զրուցել ենք շնչառական վիրուսային հիվանդությունների մասին:

Առաջին հայացքից թեթև համարվող շնչառական վիրուսային հիվանդությունները ծնողներին կարող են անակնկալի բերել «անսպասելի» զարգացումներով: Դրանք ունեն լայն տարածում ու հանդիսանում են երեխաների հիվանդացության և մահացությունների հիմնական պատճառներից մեկը:

Նախքան շնչառական վիրուսային հիվանդություններին ու դրանց բուժման նկարագրություններին անցնելը՝ առանձնացնենք երեք փաստ..

  • Շնչառական վիրուսային հիվանդությունների հարուցիչներից են Գրիպի վիրուսը (A,B), Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, Ռինովիրուսը:
  • Գոյություն ունեն վերին և ստորին շնչուղիներ: Վերին շնչուղիների մաս են կազմում քթանցքները, ըմպանը, կոկորդը և ձայնալարերը, ստորին շնչուղիների՝ բրոնխներն ու թոքերը:
  • Կախված այն բանից, թե որ շնչուղիներն են ախտահարվել՝ տարբերակվում են հիվանդության կլինիկան, ախտանշաններն ու բուժումը:

Վերին շնչուղիների վարակ

Մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում հիմնականում ախտահարվում են վերին շնչուղիները: Որպես կանոն վերջինս թեթև ընթացք է ունենում:

  • Մրսածության նշաններ՝ հազ, փռշտոց, քթահոսություն,
  • Կոնյունկտիվիտ (բարդանալու պարագայում կարող է դրսևորվել հարակնային բջջանքի բորբոքումով՝ հարակնային ցելյուլիտի զարգացմամբ, ինչը պահանջում է առավել զգուշավոր մոտեցում):

«Վերին շնչուղիների վարակ» ախտորոշումը կարող է դրվել ինչպես վերը թվարկած ախտանշանների առկայության, այնպես էլ դրանց բացակայության դեպքում, երբ առկա է միայն մարմնի բարձր ջերմություն: Ախտորոշումը դնում է միայն բժիշկը:

Ե՞րբ դիմել մանկաբույժի

0-3 ամսականում ցանկացած գանգատ երեխային մասնագետի մոտ տանելու անհապաղ ցուցում է, հատկապես, եթե առկա են վիրուսային վարակի առկայությունը փաստող գործոններ (օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկը վարակված է կամ շփվել է վարակակրի հետ):

0-3 ամսական տարիքային խմբում հիվանդությունը կարող է ընթանալ առանց ջերմության բարձրացման, փոխարենը կարող են դիտվել քնկոտություն, կլման ակտի (ծծելու) դժվարություն: Սրանք էլ մասնագետին անհապաղ դիմելու ցուցումներ են:

Կարող է դիտվել նաև հակառակ պատկերը՝ ջերմաչափով հաստատված ջերմության բարձրացում կա, իսկ մյուս նշանները բացակայում են. մասնագետին դիմելու բացարձակ ցուցում է:

Վերին շնչուղիների վարակի դեպքում մասնագետին դիմելու մոտեցումը մի փոքր փոփոխվում է երեխայի մեծանալուն համընթաց:

3-6 ամսական տարիքային խմբում հարկավոր է հետևել երեխայի ինքնազգացողության և վարքի դինամիկային: Եթե երեխան չի ջերմում, կերակրման կարողությունը պահպանվում է, օգտագործած տակդիրների քաշը սովորականից չի տարբերվում, երեխան ադեկվատ է արձագանքում ցավազրկմանը (տրամադրության բարձրացում, ակտիվության վերականգնում), ապա կարելի է սպասել 3 օր: Եթե չկա դրական տեղաշարժ՝ անհրաժեշտ է բժշկի զննում:

6-12 ամսական երեխաների վերին շնչուղիների վարակի դեպքում նույնպես՝ անհրաժեշտ է հետևել երեխայի ինքնազգացողությանն ու վարքին, բայց տարիքային այս խմբում մարմնի բարձր ջերմությունը մանկաբույժին դիմելու անհապաղ ցուցում չէ, եթե երեխայի օրգանիզմն ադեկվատ է արձագանքում ջերմիջեցնող դեղամիջոցներին: Այս դեպքում ևս մանկաբույժին կարելի է այցելել հիվանդության 3-րդ օրը:

Վերին շնչուղիների վարակը բուժման սպեցիֆիկ մոտեցում չի պահանջում. բոլոր միջոցառումներն ուղղված են երեխայի դիսկոմֆորտը նվազեցնելուն՝ առկա է ջերմություն՝ իջեցնում ենք, փակ է քիթը՝ անում ենք լվացում, երեխան անհանգիստ է՝ ցավազրկում ենք:

Ստորին շնչուղիների վարակ

Մինչև մեկ տարեկան երեխաների 1/3-րդի դեպքում զարգանում են ստորին շնչուղիների վարակներ (դրանք ընդգրկում են նաև վերին շնչուղիները): Հարուցիչները նույնն են:

Ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւ նույն հարուցիչները երեխաների 2/3-դեպքում դառնում են միայն վերին շնչուղիների ախտահարման պատճառ, իսկ 1/3-րդի դեպքում՝ ստորին: Անհրաժեշտ է իմանալ, թե որ երեխաներն են գտնվում ստորին շնչուղիների վարակի զարգացման ռիսկի գոտում.

  • Անհաս երեխաները (35 շաբաթականից շուտ ծնվածները), հատկապես մինչև 32 շաբաթականը ծնվածները,
  • Ժամանակին ծնված, բայց ցածր քաշով երեխաները,
  • Մինչև 12 շաբաթական երեխաները (մի փոքր ավելի մեծ երեխաները հաճախ նույն վիրուսը տանում են միայն վերին շնչուղիների վարակով),
  • Քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաները՝ թոքերի, սրտի հիվանդություններ և այլն:

Ե՞րբ դիմել մանկաբույժի

Անհրաժեշտ է անհապաղ դիմել մանկաբույժին, եթե նկատում եք հետևյալ դրսևորումներից թեկուզ և մեկը.

  • Հաճախաշնչություն
  • Սուլող շնչառություն
  • Անդադար հազ
  • Շնչարգելություն, շնչադադար (ապնոէ)
  • Ներքաշումներ - (ներշնչման ժամանակ միջկողային տարածությունների և/կամ անրակի վերին հատվածի խորացում դեպի ներս)
  • Ցիանոզ – (հիմնականում քիթ-շրթունքային եռանկյան հատվածում մաշկի և տեսանելի լորձաթաղանթի կապտավուն երանգ)
  • Ռնգախաղ – (երբ շնչելու ընթացքում քթանցքները մեծանում և փոքրանում են)
  • Հավանական են նաև գիտակցության կորուստ, ցնցում՝ հիմնականում խաթարված շնչառության պատճառով:

Ստորին շնչուղիների վարակի դեպքում անհրաժեշտ է սպեցիֆիկ բուժում: Այստեղ մեկ անգամ էլ պետք է հիշել հարուցիչների մասին: Սինցիտիալ վիրուսի հարուցիչը կարող է զարգացնել բրոնխիտ և բրոնխիոլիտ: Օրինակ՝ օբստրուկտիվ բրոնխիտի պատճառով նվազում է թթվածնի ներհոսքը շնչուղիներ, ապա նաև՝ թոքեր: Վեց ամսականից մեծ երեխաներին, որոշ դեպքերում, կարող են նշանակվել բրոնխալայնիչ ինհալացիաներ:

Գրիպ-ի հարուցիչը՝ A և B ենթատեսակները, երկրորդային բակտերիալ վարակով բարդանալու հակվածություն ունեն, ինչի հետևանք էլ հանդիսանում է թոքաբորբը: Դա է պատճառը, որ գրիպի վիրուսի սեզոնում՝ հատկապես ուշ աշնանը և վաղ ձմռանը կտրուկ մեծանում է թոքաբորբերի դեպքերի քանակը: Եթե զարգանում է թոքաբորբ՝ վիրուսին ավելանում է բակտերիա, հետևաբար՝ անհրաժեշտ է հակաբակտերիալ բուժում

ԿԱՐԵՎՈՐ - Որոշ աղբյուրներում գովերգվող հակավիրուսային դեղամիջոցները չունեն ապացուցողական հիմքեր: Հակավիրուսային դեղորայքի նշանակում հնարավոր է միայն Գրիպ-ի վիրուսի ծանր ընթացքի դեպքում և միայն բժշկի կողմից:

Հիվանդության ընթացքը ծանրացնող գործոններ

Ծխախոտի ծուխ, օդի աղտոտվածություն, գերբնակեցվածություն. ահա 3 հասկացություն, որ կարող են մինչև իսկ ծանրացնել շնչառական վիրուսային հիվանդությունների ընթացքը: Շատերը թյուրիմացաբար կարծում են, որ բավական է չծխել երեխայի ներկայությամբ կամ ավելին՝ ծխել պատշգամբում, և երեխային որևէ վնաս չի պատճառի փաստը, որ տանը կա ծխող: Բացատրվում է դա այսպես՝ ծխելուց հետո մոտավորապես 2 ժամ մարդու շնչուղիներից դեռ շարունակվում է թունավոր նյութերի արտազատումը: Ծխել հեռվում, իսկ րոպեներ անց գրկել երեխային, գրեթե նույնն է, ինչ ծխել երեխայի ներկայությամբ:

Գերբնակեցվածություն եզրույթի տակ պետք է հասկանալ մեկ տան մեջ ապրող մարդկանց միջին քանակը: Այստեղ բանաձևն ավելի քան պարզ է՝ ինչքան շատ մարդ է ապրում մեկ հարկի տակ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ որևէ մեկը վիրուսային վարակը տուն կբերի: Ընտանիքում, որպես կանոն, բոլորը միանգամից չեն վարակվում, ինչն էլ հաճախ դառնում է վիրուսային հիվանդությունների ձգձգման և կրկնությունների պատճառ: Հայտնի է, որ վիրուսի բազմացման ու տարածման ամենասիրելի միջավայրը տաք ու չոր տարածքներն են: Եթե տանը կա շնչառական վիրուսով վարակված թեկուզ մեկ հոգի, անհրաժեշտ է նվազագույնը տունը օդափոխել օրական մի քանի անգամ և խոնավ շորով մաքրել բոլոր մակերեսները:

Ինչպես խնամել շնչառական վիրուսով վարակված երեխային

ՍՆՈւՑՈւՄ

Շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում ամենից հաճախ ծնողները կարող են լսել առատ հեղուկների մասին: Եվ ուրեմն.

  • Եթե երեխան մինչև վեց ամսական է և բացառապես կրծքով է կերակրվում, ապա վիրուսային հիվանդության ընթացքում անհրաժեշտ է ավելի հաճախակի կերակրել փոքրիկին:
  • Եթե երեխան մինչև վեց ամսական է և կերակրվում է կաթնախառնուրդով, ապա պետք է ավելի հաճախ կերակրել, ջուր առաջարկել:
  • Եթե երեխան արդեն 6+ ամսական է, ստանում է հավելյալ սնուցում, ապա նախ հիշում ենք, որ «ջերմող երեխային կաթ չի կարելի» համոզմունքը ՄԻՖ է: Տարիքային այս խմբում երեխայի սննդակարգից պետք չէ բացառել այն սննդատեսակները, որոնց նա արդեն վարժվել է, բայց պետք չէ նաև կենտրոնանալ սննդի ընդունման վրա: Այս դեպքում մանկաբույժներին ավելի շատ հետաքրքրում են այլ նրբություններ.
  • արդյո՞ք երեխան խմում է,
  • արդյո՞ք միզում է սովորականի պես,
  • արդյո՞ք փսխում է,
  • արդյո՞ք մարմնի ջերմության բարձրացումների արանքում երեխայի ինքնազգացողությունը լավ է, ակտիվ է:

Ուշադիր եղեք վերը բերված գործոններին և հայտնեք դրանք Ձեր մանկաբույժին

ՀԻԳԻԵՆԱ ԵՎ ԶԲՈՍԱՆՔ

Լոգանքի հաճախականությունը թողնում ենք անխախտ: Հակացուցում թեև չկա, բայց երեխայի կոմֆորտի համար, մանկաբույժները խորհուրդ են տալիս մարմնի ջերմության բարձրացման ժամանակ չլողացնել փոքրիկին՝ իջեցրե՛ք ջերմությունը և նոր միայն լողացրեք: Ի դեպ, ջուրը նաև մարմնի ջերմիջեցման մեխանիկական միջոց է: Եթե վախեցնում է երեխայի մրսելու միտքը, ապա համոզվեք, որ սենյակում ջերմաստիճանը 18-21 է, այդ դեպքում երեխայի մրսելու հավանականությունը փոքր է, իսկ եթե այդուհանդերձ մրսի, ապա պետք է իմանալ, որ մրսելը վիրուսի բարդացման գործոն չէ:

Ամենօրյա զբոսանքներից երեխային զրկելու կարիք նույնպես չկա, եթե փոքրիկն իրեն լավ է զգում դրսում:

Նույնաբովանդակ այլ նյութեր