Անգինայի տեսակների, թյուրըմբռնումների և միֆերի մասին
Անգինա. բառ, որին քաջածանոթ են բոլոր ծնողները ու թերևս ազնիվ կլինի արձանագրել, որ ընկալումները գրեթե նույնն են՝ հիվանդություն է, որն ուղեկցվում է ջերմությամբ, կոկորդին սպիտակ փառով և այլն: Շատ ծնողներ միայն խնդրին «բախվելուց» հետո են պարզում, որ անգինան մեկը չէ, ինչպես մեկը չէ բուժման մեթոդը:
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բուժհաստատության մանկաբուժական ծառայության ղեկավար Աիդա Պապիկյանին խնդրել ենք տալ անգինայի սահմանումը, ներկայացնել դրա տեսակները, բուժման եղանակները և ոչ միայն:
Մեր զրույցից դուրս բերած 10 ամենակարևոր կետերը՝ ստորև:
- Անգինան նույն տոնզիլիտն է (ծագում է Տոնզիլ՝ նշիկ, քմային նշիկ բառից): Նշիկներ ունեն բոլորը, և շատ հաճախ երեխաների նշիկները բորբոքվում են: Տոնզիլիտը մանկաբույժին դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է:
- Հաճախ ենք լսում տոնզիլիտի «հնուց եկած» դասակարգումներ, որոնք կորցրել են իրենց իմաստը: Օրինակ՝ քրոնիկ անգինա կամ լակունար անգինա: Այս անգամ կխոսենք սուր տոնզիլիտների մասին. սուր իրավիճակ՝ երեխան առողջ էր, հանկարծ սկսում է ջերմել, բկանցքում տեսնում ենք այտուցված նշիկներ, որոնց վրա հաճախ լինում է սպիտակ արտադրություն, կարող են լինել սպիտակ բշտիկներ և այլն:
- Միայն նայելով միշտ չէ, որ հնարավոր է միանշանակ ախտորոշել թարախային է տոնզիլիտը, թե՝ ոչ: Օրինակ՝ կան բավականին շատ վիրուսային տոնզիլիտներ (վիրուսով պայմանավորված), որոնք պատկերով գրեթե չես տարբերի այսպես կոչված թարախային տոնզիլիտից: Ասելով թարախային հասկանում ենք, որ հիվանդությունն առաջացնող ագենտը բակտերիան է, ոչ թե վիրուսը:
- Ցավոք դեռ պատահում են դեպքեր, երբ մանկաբույժները տեսնելով սպիտակ փառը միանգամից եզրակացնում են, որ գործ ունեն թարախային տոնզիլիտի հետ և հակաբակտերիալ պրեպարատ են նշանակում: Հակաբակտերիալ բուժում պահանջում է միայն ստրեպտոկոկային վարակը: Բարեբախտաբար այսօր հնարավոր է արագ և մատչելի եղանակով (անտիգենային թեստով, որի պատասխանը ստացվում է մոտավորապես 30 րոպեի ընթացքում) պարզել՝ արդյո՞ք առկա է ստրեպտոկոկը և ըստ այդմ հասկանալ՝ պետք է բուժել, թե՞ ոչ:
- Ստրեպտոկոկային տոնզիլիտը բուժում ենք սկսած 3 տարեկանից: Եթե գործ ունենք նույն գանգատներով, անգամ ախտորոշված ստրեպ դրական թեստով օրինակ 2 տարեկան երեխայի հետ, որը չունի երկրորդային բարդություններ՝ հակաբակտերիալ բուժում չենք նշանակում: Մինչդեռ երեք տարեկանից բարձր երեխաների իմուն համակարգն ունի առանձնահատկություն՝ հանդիպելով ստեպտոկոկի, երբեմն զարգանում են ռևմատիկ բարդություններ սրտում: Դա կանխելու համար է նշանակվում հավաբակտերիալ բուժում երեք տարեկանից բարձր այն երեխաներին, որոնց ախտորոշվել է ստրեպտոկոկային տոնզիլիտ:
- Վիրուսային տոնզիլիտները, ինչպես վիրուսային բոլոր վարակները, կարող են հարուցել ականջի բորբոքում, թոքերի բորբոքում և այլն: Կան վիրուսի տեսակներ (Էպշտեյն-Բար, Ադենո, Գրիպ), որոնք կարող են առաջացնել նշիկաբորբ, որն էլ իր հերթին կարող է բավականին երկար տևել՝ 2 շաբաթ և ավելի: Եթե այդ ժամանակահատվածում չեն նկատվում բարդացումներ, ապա հակաբակտերիալ բուժման կարիքը չկա:
- Մեզանում դեռ հանդիպում են դեպքեր, երբ մեծահասակները որոշում են «մշակել, մաքրել» բորբոքված նշիկները: Դա անում են մատին փաթաթած բինտով, ինչը ծայրահեղ վտանգավոր է, կարող է ընդհուպ մինչև արյան վարակի՝ սեպսիսի հանգեցնել:
- Բժշկին դիմելու օրը ՄԻՇՏ կախված է երեխայի վիճակից: Պետք է հիշել, որ երեխան կարող է բժշկական օգնության կարիք ունենալ նաև ջերմության առաջին օրը, եթե նա թույլ է, քնկոտ է, հեղուկ չի ընդունում, մեզի քանակը նվազում է, ՎԱՏ է: Հենց այդ ՎԱՏ է բնորոշումը մասնագետին դիմելու անհապաղ ցուցում է:
- Բարձր ջերմության դեպքում թե՛ մեծ, թե՛ փոքր իրենց լավ չեն զգում, ուստի շատ կարևոր է հսկել, թե ինչպես է իրեն զգում (ինչքանով է ինքն իրեն նման) երեխան ջերմիջեցումից հետո: Եթե ջերմիջեցումների արանքում երեխան շարունակում է վատ զգալ, ապա սպասել պետք չէ, դիմեք մասնագետի, իսկ եթե ջերմությունն իջեցնելուց հետո երեխան վերադառնում է իր բնականոն վիճակին՝ ակտիվ է, խմում է, միզում է (սնվելն այս դեպքում այդքան էլ էական չէ), ապա կարելի է սպասել մինչև երրորդ օրը: Դրանից հետո, եթե տեսնում ենք, որ չկա դրական դինամիկա, ապա իհարկե, պետք է դիմել մասնագետին:ԿԱՐԵՎՈՐ: Սա ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 3 ԱՄՍԱԿԱՆ երեխաներին. նրանց պետք է ներկայացնել մանկաբույժին ջերմության առաջին իսկ օրը:
- Երեք տարեկանից մեծ երեխաները, եթե ունեն ստրեպտոկոկային տոնզիլիտ, պետք է պարտադիր ստանան հակաբակտերիալ բուժում: Ապացուցված է՝ ստրեպտոկոկն օրգանիզմից հեռացնելու, ռևմատիզմի զարգացման ռիսկը զրոյացնելու համար պարտադիր է, որ երեխան 10 օր ստանա բուժումը: Արգելվում է ընդհատել բուժումը: Երբեմն լինում են դեպքեր՝ երեխայի ինքնազգացողությունը լավանում է, և ծնողը որոշում է, որ էլ պետք չէ շարունակել հակաբիոտիկային բուժումը: Կոպիտ սխալ է, քանի որ կիսատ թողած բուժումը չի պաշտպանում երեխային հնարավոր ռիսկերից:
Դիտել ամբողջական զրույցը
Նյութն օգտակա՞ր էր:
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ