Skip to main content
Հետադարձ կապ

6 ամսական երեխայի զարգացման փուլերը

6 ամսականում երեխան սկսում է արտասանել հնչյուններ` հուզմունքն արտահայտելու համար: Նա կարող է ընդօրինակել հնչյունները, որ լսում է, օրինակ` «մա», «դա», «այ», «օյ» և նույնիսկ «նո»: Փոքրիկն սկսում է ճանաչել ծանոթ դեմքերը, ձգվել և վերցնել խաղալիքներ և շուտով չոչ կանի: Տանը շարժուն երեխա է լինելու, այնպես որ պատրաստվեք (և պատրաստեք նաև տունը): Երեխայից հեռու պահեք սուր, կոտրվող կամ էլեկտրական իրերը, բանալիով փակեք վտանգավոր հեղուկներ կամ պարագաներ պարունակող դարակները (կամ դրանք դրեք ապահով վայրում, որտեղ երեխային հասանելի չեն), փակեք պատուհանները`երեխայի անվտանգությունն ապահովելու համար:

6 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը

6 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.

  • սովորաբար ուրախ է և արձագանքում է ուրիշների հույզերին,
  • սկսում է տարբերել ծանոթ մարդկանց դեմքերն անծանոթներից,
  • հաճույք է ստանում ձեր և ուրիշների հետ խաղալուց,
  • զվարճանում է ինքն իրեն հայելու մեջ նայելիս:

Հուշումներ ծնողների համար

  • Քաղցր ձայնով խոսեք երեխայի հետ այն մասին, թե ինչ է կատարվում նրա շուրջը:
  • Երեխայի խաղալիքների մեջ ներառեք մանկական կամ պլաստմասսայե հայելի, որպեսզի նա կարողանա դիտել իր շարժումները: 
  • Սկսեք խաղեր խաղալ, օրինակ` թաքնվել և բացականչել «կու-կու»:  

6 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը

Ինչպես է երեխան արտահայտում իր կարիքները.

  • ճանաչում է իր անունը և արձագանքում.
  • արտասանում է ձայնավոր հնչյուններ, սիրում է ձեզ հետ հերթով արտասանել այդ հնչյունները, ինչպես նաև սկսում է բաղաձայն հնչյուններ արտասանել,  
  • ձայներին արձագանքում է հնչյուններով,
  • հնչյուններով արտահայտում է դրական կամ բացասական հույզեր:

Հուշումներ ծնողների համար

  • Աշխույժ զրույց ունեցեք երեխայի հետ. ստեղծեք ծնող-երեխա շփումը և կրկնեք նրա արտահայտած հնչյունները:   
  • Երեխային սովորեցրեք իր անունը` այն հաճախ արտասանելով:

6 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը

Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.

  • նա հետաքրքրասեր է. նայում է մոտակայքում գտնվող առարկաներին և փորձում ձգվել և վերցնել,
  • իրերը մի ձեռքից մյուսն է տեղափոխում և ձեռքերը տանում է դեպի բերանը:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխային տվեք այնպիսի խաղալիքներ, որոնք նա կարող է հեշտությամբ մեկ ձեռքով բռնել:
  • Խոսեք երեխայի հետ տարբեր առարկաների մասին, որոնք նա տանում է դեպի բերանը:

6 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը

Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.

  • սկսում է նստել առանց օգնության,
  • պտտվում է երկու ուղղություններով,
  • կոշտ մակերեսի վրա դնելիս ոտքերը սեղմում է ներքև,
  • հետ ու առաջ է ճոճվում:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխայի սիրած խաղալիքները դրեք մոտակայքում, որպեսզի կարողանա պտտվելով հասնել դրանց:

6 ամսական երեխայի սննդի և կերակրկման փուլերը

  • հետաքրքրություն է ցուցաբերում ուտելիքի հանդեպ, բացում է բերանը, երբ գդալով կերակրում եք,
  • կերակուրը ծամելիս բերանի առջևի մասից տեղափոխում է հետև,
  • սկսում է ուտել շիլաներ և մեկ բաղադրամասից պատրաստված պյուրեներ, օրինակ` գազարի, քաղցր կարտոֆիլի, տանձի պյուրե:

Հուշումներ ծնողների համար

  • 6 ամսականում երեխային անհրաժեշտ է մայրական կաթից բացի այլ սնունդ: Սկսեք օրական չորս անգամ տալ 2-3 գդալ փափուկ սնունդ:  

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 6 ամսական երեխան.  

  • ջերմություն ցույց չի տալիս ծնողների կամ խնամակալի հանդեպ,
  • չի արձագանքում մոտակա ձայներին,
  • չի ծիծաղում,
  • դժվարությամբ է իրերը տանում դեպի բերանը,
  • ձայնավոր հնչյուններ չի արտասանում,
  • չափազանց դանդաղկոտ կամ դանդաղաշարժ է երևում, 
  • չի կարողանում պտտվել որևէ ուղղությամբ,
  • չի փորձում վերցնել մոտակայքում գտնվող առարկաները: