6 ամսական երեխայի զարգացման փուլերը
6 ամսականում երեխան սկսում է արտասանել հնչյուններ` հուզմունքն արտահայտելու համար: Նա կարող է ընդօրինակել հնչյունները, որ լսում է, օրինակ` «մա», «դա», «այ», «օյ» և նույնիսկ «նո»: Փոքրիկն սկսում է ճանաչել ծանոթ դեմքերը, ձգվել և վերցնել խաղալիքներ և շուտով չոչ կանի: Տանը շարժուն երեխա է լինելու, այնպես որ պատրաստվեք (և պատրաստեք նաև տունը): Երեխայից հեռու պահեք սուր, կոտրվող կամ էլեկտրական իրերը, բանալիով փակեք վտանգավոր հեղուկներ կամ պարագաներ պարունակող դարակները (կամ դրանք դրեք ապահով վայրում, որտեղ երեխային հասանելի չեն), փակեք պատուհանները`երեխայի անվտանգությունն ապահովելու համար:
6 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը
6 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.
- սովորաբար ուրախ է և արձագանքում է ուրիշների հույզերին,
- սկսում է տարբերել ծանոթ մարդկանց դեմքերն անծանոթներից,
- հաճույք է ստանում ձեր և ուրիշների հետ խաղալուց,
- զվարճանում է ինքն իրեն հայելու մեջ նայելիս:
Հուշումներ ծնողների համար
- Քաղցր ձայնով խոսեք երեխայի հետ այն մասին, թե ինչ է կատարվում նրա շուրջը:
- Երեխայի խաղալիքների մեջ ներառեք մանկական կամ պլաստմասսայե հայելի, որպեսզի նա կարողանա դիտել իր շարժումները:
- Սկսեք խաղեր խաղալ, օրինակ` թաքնվել և բացականչել «կու-կու»:
6 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը
Ինչպես է երեխան արտահայտում իր կարիքները.
- ճանաչում է իր անունը և արձագանքում.
- արտասանում է ձայնավոր հնչյուններ, սիրում է ձեզ հետ հերթով արտասանել այդ հնչյունները, ինչպես նաև սկսում է բաղաձայն հնչյուններ արտասանել,
- ձայներին արձագանքում է հնչյուններով,
- հնչյուններով արտահայտում է դրական կամ բացասական հույզեր:
Հուշումներ ծնողների համար
- Աշխույժ զրույց ունեցեք երեխայի հետ. ստեղծեք ծնող-երեխա շփումը և կրկնեք նրա արտահայտած հնչյունները:
- Երեխային սովորեցրեք իր անունը` այն հաճախ արտասանելով:
6 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը
Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.
- նա հետաքրքրասեր է. նայում է մոտակայքում գտնվող առարկաներին և փորձում ձգվել և վերցնել,
- իրերը մի ձեռքից մյուսն է տեղափոխում և ձեռքերը տանում է դեպի բերանը:
Հուշումներ ծնողների համար
- Երեխային տվեք այնպիսի խաղալիքներ, որոնք նա կարող է հեշտությամբ մեկ ձեռքով բռնել:
- Խոսեք երեխայի հետ տարբեր առարկաների մասին, որոնք նա տանում է դեպի բերանը:
6 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը
Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.
- սկսում է նստել առանց օգնության,
- պտտվում է երկու ուղղություններով,
- կոշտ մակերեսի վրա դնելիս ոտքերը սեղմում է ներքև,
- հետ ու առաջ է ճոճվում:
Հուշումներ ծնողների համար
- Երեխայի սիրած խաղալիքները դրեք մոտակայքում, որպեսզի կարողանա պտտվելով հասնել դրանց:
6 ամսական երեխայի սննդի և կերակրկման փուլերը
- հետաքրքրություն է ցուցաբերում ուտելիքի հանդեպ, բացում է բերանը, երբ գդալով կերակրում եք,
- կերակուրը ծամելիս բերանի առջևի մասից տեղափոխում է հետև,
- սկսում է ուտել շիլաներ և մեկ բաղադրամասից պատրաստված պյուրեներ, օրինակ` գազարի, քաղցր կարտոֆիլի, տանձի պյուրե:
Հուշումներ ծնողների համար
- 6 ամսականում երեխային անհրաժեշտ է մայրական կաթից բացի այլ սնունդ: Սկսեք օրական չորս անգամ տալ 2-3 գդալ փափուկ սնունդ:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 6 ամսական երեխան.
- ջերմություն ցույց չի տալիս ծնողների կամ խնամակալի հանդեպ,
- չի արձագանքում մոտակա ձայներին,
- չի ծիծաղում,
- դժվարությամբ է իրերը տանում դեպի բերանը,
- ձայնավոր հնչյուններ չի արտասանում,
- չափազանց դանդաղկոտ կամ դանդաղաշարժ է երևում,
- չի կարողանում պտտվել որևէ ուղղությամբ,
- չի փորձում վերցնել մոտակայքում գտնվող առարկաները: