18 ամսական երեխայի զարգացման փուլերը
18 ամսականում երեխան արդեն քայլում է և օգտագործում է պարզ բառեր: Այս տարիքում երեխաները սիրում են խաղալ և ուսումնասիրել: Նրանք սկսում են որոշակի ինքնուրույնություն դրսևորել, կարող են երևակայական խաղեր խաղալ և մատնանշել իրենց ուզած առարկաները: Նրանք նաև սկսում են հասկանալ ինչ նպատակով են օգտագործվում կենցաղային տարբեր իրերը, օրինակ` բաժակ կամ գդալ: Երեխան այս տարիքում կարող է լինել կամակոր և զայրույթի պոռթկումներ ունենալ, որը պայմանավորված է հույզերն արտահայտելու անկարողությամբ:
18 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը
18 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.
- կարող է վախենալ անծանոթ մարդկանցից, իսկ ծանոթներին ընդունել ջերմությամբ,
- մատով ցույց է տալիս որևէ բան` իր հետաքրքրությունն արտահայտելու համար,
- սիրում է խաղալ պարզ երևակայական խաղեր կամ մարդկանց տալիս է իրեր,
- կարող է երբեմն զայրույթի պոռթկումներ ունենալ,
- նոր իրավիճակներում կարող է կպչել խնամակալներին կամ ծնողի ներկայությամբ ինքնուրույն ուսումնասիրել:
Հուշումներ ծնողների համար
- Հնարավորություններ գտեք խաղալու ձեր փոքրիկի հետ:
- Գովեք երեխային, երբ նա կարեկցանքի նշաններ է արտահայտում` իր խաղալիքը տալով, խաղալիքներին խնամքով վերաբերվելով կամ ուրիշ մարդկանց նկատմամբ հոգատարություն ցուցաբերելով: Այդ ամենն օգնում է սոցիալական և հուզական զարգացմանը:
18 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը
Ինչպես է ձեր փոքրիկն արտահայտում իր կարիքները.
- շարժում է գլուխը` ասելով «ոչ»,
- կարող է ասել մի քանի բառ,
- մատով ցույց է տալիս ինչ է ուզում:
Հուշումներ ծնողների համար
- Ուշադիր եղեք ձեր փոքրիկի մատնանշած իրերին, դարձրեք դա լեզվի զարգացման հնարավորություն` ասելով իրերի անունները:
18 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը
Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.
- նա ճանաչում է ամենօրյա օգտագործման պարագաները,
- մատով ցույց է տալիս` ուշադրություն գրավելու համար,
- ձևացնում է, որ կերակրում է իր սիրելի փափուկ խաղալիքներին,
- կարողանում է մատով ցույց տալ մարմնի մասերը,
- կարողանում է հետևել պարզ հրամաններին` առանց ժեստերի:
Հուշումներ ծնողների համար
- Ձեր փոքրիկին ապահովեք խաղալիքներով` երևակայական խաղեր խաղալու համար:
18 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը
Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.
- կարողանում է ինքնուրույն քայլել,
- օգնում է շորերը հանելիս,
- ուտելիս օգտագործում է գդալ, պատառաքաղ և այլն,
- կարող է սկսել աստիճաններ բարձրանալ,
- քայլելիս խաղալիքներ է քարշ տալիս:
Հուշումներ ծնողների համար
Երեխային ոգևորեք մասնակցել ամենօրյա գործողություններին, օրինակ` հագնվելուն:
18 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը
18 ամսական երեխայի կերակուրները
- փորձում է ուտել ճզմած կամ կտրտած ավելի կոշտ սնունդ, օր.` հավ,
- կարող է բռնել և խմել բաժակից:
Հուշումներ ծնողների համար
- Ուտելու համար երեխային շատ ժամանակ տրամադրեք: Նա հիմնականում կկարողանա ուտել այն ուտելիքները, որոնք մեծահասակներն են ուտում, և հեշտությամբ կօգտվի սպասքից:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 18 ամսական երեխան.
- չի կարողանում քայլել,
- մատով ցույց չի տալիս,
- չի փորձում կրկնօրինակել ուրիշներին,
- չի սովորում նոր բառեր,
- չի կարողանում ասել առնվազն վեց բառ,
- չի նկատում երբ ծնողը գնում կամ վերադառնում է,
- կորցնում է նախկինում ձեռք բերած հմտությունները: