Ինչպես ձեր փոքրիկին ծանոթացնել մաթեմատիկայի հետ
Ձեր երեխային մաթեմատիկա սովորեցնելը միշտ չէ, որ դժվար է: Գուցե չենք նկատում, բայց մենք անընդհատ մաթեմատիկական բառապաշար ենք գործածում` սկսած տարբեր չափեր համեմատող «մեծ» և «փոքր» բառերի կիրառումից մինչև ընտանեկան ճաշի ժամանակ սեղանին դրվելիք ափսեների քանակը։
Ահա ձեր փոքրիկին մաթեմատիկան ներկայացնելու պարզ և զվարճալի մի քանի եղանակ։
Մատնացու՛յց արեք պատկերները
Ձեր երեխայի հետ զրուցեք ձեզ շրջապատող պատկերների մասին: Միգուցե միասին զբոսնելիս նկատեք ինչ-որ կլոր քար կամ քառակուսի ցուցանակ: «Տե՛ս, այն տան դուռը կարմիր ուղղանկյուն է»: Փոխանցելով նման պարզ տարածական զգացողության հմտություններ՝ ձև, չափ, տարածություն և ուղղություն, հետագայում օգնած կլինեք ձեր երեխային, երբ նա դպրոցում սկսի երկրաչափություն ուսումնասիրել:
Հաշվե՛ք միասին
Գտեք փոքրիկ առարկաներ, օրինակ՝ ուլունքներ, և բարձրաձայն հաշվեք միասին: «Տե՛ս: Մենք ունենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ նարնջագույն ուլունք»: Դուք կարող եք նաև դրանք խմբերի բաժանել: «Արի՛ կոճակները բաժանենք երեք խմբի, յուրաքանչյուրում՝ երեքական»: Սա թվերի և թվաբանական գործողությունների (գումարում, հանում, բազմապատկում և բաժանում) մասին պատկերացում տալու հիանալի եղանակ է: Պարտադիր չէ, առարկաներ հաշվել, փոքրիկը կարող է նաև բարձրաձայն հաշվել, թե քանի քայլ է արել կամ քանի անգամ է ծափ տվել:
Խաղի միջոցով սովորեք տեսակավորել
Օրինաչափությունները և հարաբերակցությունը ճանաչելը կօգնի հետագայում յուրացնել հավասարումները: Այդ հասկացությունները ձեր փոքրիկին խաղային ձևով ներկայացնելու համար փորձեք տանը հանդիպող առարկաների միջոցով տեսակավորում ենթադրող խաղ խաղալ: «Արի՛ կարմիր ոսպերը դնենք մեկ զամբյուղում, իսկ կանաչները՝ մյուսում»: Կարող եք նաև առարկաները տեղավորել ինչ-որ օրինաչափությամբ: «Արի՛ հատիկները դասավորենք հերթականությամբ. կարմիր, կանաչ, կարմիր, կանաչ»:
Ուրախ ժամանանց խոհանոցում
Միասին ինչ-որ բան պատրաստելը՝ չափել և հաշվել սովորելու հիանալի հնարավորություն է ձեր երեխայի համար: Նրան տվեք տարիքին համապատասխան առաջադրանք, և ձեր խոհարարական գլուխգործոցն ստեղծելիս ձեր աչքը վրան պահեք: Ասացեք, թե որքան բրինձ է հարկավոր ձեր ճաշատեսակի համար, և ցույց տվեք, թե ինչպես պետք է չափել այն: Եթե ինչ-որ թեթև ուտեստ եք պատրաստում, ապա հաշվեք, թե քանի միավոր սնունդ կա ձեր ափսեում. «Մրգային աղցանի համար մեզ անհրաժեշտ է մեկ, երկու, երեք, չորս միրգ»:
Աշտարակ կառուցեք
Առարկաները միմյանց վրա շարելն օգնում է փոքրիկ երեխաներին սովորել հաշվելու չափերը և պատկերացնելու տարբեր չափերի առարկաների հարաբերակցությունը: Միասին աշտարակ կառուցելու համար կարող եք օգտվել տանը եղած խորանարդիկներից, դատարկ տուփերից, ստվարաթղթե դատարկ արկղերից և երեխաների համար անվտանգ այլ առարկաներից, որոնք հեշտ է միմյանց վրա շարել: Խոսեք այն մասին, թե կտորները ինչպես են տեղավորվում մեկը մյուսի վրա, իսկ եթե աշտարակը փլվում է՝ բացատրեք, թե ինչուայդպես պատահեց: Որքան կարող եք, այնքանբարձր աշտարակ կառուցեք:
Համադրեք և հակադրեք
Համեմատեք ձեռքի տակ եղած առարկաների չափերը։ Շուկան կամ պարենային խանութը հիանալի վայր են դրանով միասին զբաղվելու համար: «Այս ձմերուկը շատ ավելի մեծ է, քան մյուսը»: Դուք կարող եք նաև ձեր երեխային խնդրել՝ մատնացույց անել իր կարծիքով ավելի մեծ կամ ավելի փոքր առարկան: Դա կօգնի է ձեր փոքրիկին՝ ձևավորելու տարածության զգացողություն և կծանոթացնի նրան չափերի հետ: