Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես սովորեցնել ձեր երեխային սիրել ընթերցանությունը

Ընթերցանության հանդեպ սերը դուռ է բացում արկածների, նոր բաներ սովորելու և մի շարք հիմնական լեզվական հմտություններ սովորելու գործում, ինչպիսիք են խոսքի և բառապաշարի զարգացումը: Երեխայի հետ ընթերցանությունը նաև անմոռանալի պահեր է ստեղծում ձեր փոքրիկի հետ մտերմանալու և միմյանց ընկերակցությունը վայելելու համար:

Գրքի հետ օրական ընդամենը 10-ից 15 րոպեն բավական է ձեր հետաքրքրասեր փոքրիկի մեջ ավելին իմանալու ցանկությունը խորացնելու համար:

Ծանոթացե՛ք ձեր փոքրիկի մոտ գրականության հանդեպ սեր սերմանելու մեր խորհուրդներին ստորև:

 

Սկսեք հենց հիմա՛:

Նորածնի համար կարդալը կյանքի լավագույն սկիզբը տալու գրավականն է: Երեխաները լեզուն սովորում են մեծահասակներից, ովքեր բառերը կրկնում և կարդում են իրենց համար: Երբ կարդում եք ձեր փոքրիկի համար, խոսեք գրքի կերպարների և առարկաների կամ այն հնչյունների մասին, որ կենդանիներին են բնորոշ: Ձեր ձայնը լսելը օգնում է իմաստ հաղորդել այն տառերին և նկարներին, որոնք նրանք տեսնում են: Ընթերցելիս ձայնի տարբեր բարձրություն ու տոնայնություն օգտագործեք և տարբերվող առոգանություն կամ ձայն կիրառեք տարբեր կերպարների համար: Այն օգնում է ձեր երեխային ներգրավված պահել և պատմությունը ավելի պատկերավոր դարձնել:

Հիշեք, որ երեխաները կապվում են գրքերին կարդալ սովորելուց շատ ժամանակ առաջ: Վաղ հասակում գրքերով զբաղվելը կօգնի երեխաներին ավելի մեծ հաճույք ստանալ, երբ մեծանան:

 

Ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչ է ասել լավ ընթերցող:

Կարևոր է, որ երեխան կարդալը դիտարկի որպես զվարճալի և հաճելի զբաղմունք, այլ ոչ թե՝ դժվար գործ: Կա՞ արդյոք ավելի լավ միջոց դա ցույց տալու համար, քան սեփական օրինակը։ Եթե ձեր երեխաները տեսնում են, որ դուք հաճախ եք կարդում, ապա ամենայն հավանականությամբ նրանց դա կխրախուսի: Սա նաև կնպաստի ժամանակը էկրաններից հեռու անցկացնելուն:

Եթե որոշ ժամանակ գիրք չեք կարդացել, տեղական գրախանութների աշխատակիցները կարող են հրաշալի խորհուրդներ տալ ձեր և ձեր երեխայի համար լավագույն գրքերը ընտրելու հարցում: Բարեկամներն ու ընկերները նույնպես կարող են օգնել: Հարցրեք նրանց իրենց երեխաների սիրած գրքերի և միասին ընթերցելու իրենց փորձի մասին: Դուք նույնիսկ կարող եք ձեր փոքրիկի հետ գնալ գրախանութ, և դա դարձնել հատուկ ուղևորություն՝ միասին գրքեր ընտրելու համար:

Հե՛րթ պահեք:

Երբ ձեր երեխան մեծանա, սկսեք հերթով բարձրաձայն կարդալ միմյանց համար: Եթե երեխան վաղ է սկսել ընթերցել, կարող եք խնդրել նրան ցույց տալ իր ճանաչած տառերն ու բառերը: Հետո հերթով նախադասություններ կարդացեք: Նրա ունակությունների զարգացման հետ մեկտեղ, դուք կարող եք հերթով էջեր կարդալ և, ի վերջո, գլուխներ: Երբ միասին կարդում եք, հարցեր տվեք ձեր կարդացածի վերաբերյալ. «Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի հետո»: «Քո կարծիքով, ինչո՞ւ փիղն այդպես արեց»:

Այն ժամանակը, որը դուք անց եք կացնում միմյանց համար բարձրաձայն ընթերցելու վրա, կօգնի լավացնել վստահ խոսելու հմտությունը և կամրապնդի ձեր երեխայի սովորածը:

 

Լսե՛ք ձեր երեխային:

Երբ ձեր փոքրիկը մեծանում է, ուշադրությու՛ն դարձրեք նրա հետաքրքրություններին: Եթե նրան ձգում է որոշակի թեմա, ինչպես, օրինակ, դինոզավրերը, փորձեք գտնել մանկական գրքեր այդ թեմայով: Սա կօգնի համոզել երեխային, որ գրքերը գործիքներ են՝ մեզ հետաքրքրող բաների մասին ավելին իմանալու համար, և նա, ամենայն հավանականությամբ, կկարդա, եթե թեման իր ամենասիրելի դինոզավրի մասին է:

Մի՛ անհանգստացեք, եթե ձեր երեխաները դեռ չեն կարդում Աչեբե կամ Դոստոևսկի. գլխավորն այն է, որ նրանք կարդում են: Եթե նրանք այժմ միայն կոմիքսներ են կարդում, դա նորմալ է: Կոմիքսներն ու գրաֆիկական վեպերը նույնպես ընթերցելու հնարավորություն են: Դուք կարող եք խրախուսել նրանց այլ ընթերցանության նյութերով, բայց կարիք չկա ստիպելու, եթե նրանք այդ պահին հակված չեն ընկալելու ձեր ասածը:

Դարձրեք այն առօրյա գործողություն

Կարդալը ձեր երեխայի կյանքի հաճելի սովորություն դարձնելը սկսվում է գրքերը ձեր առօրյա կյանքում ներառելուց: Կարդալուն հատուկ ժամանակ տրամադրեք քնելուց առաջ կամ երբ հասարակական տրանսպորտում եք: Մինչ միասին եք, համոզվեք, որ շեղող բաներ քիչ կան, ինչպիսիք են բջջային հեռախոսները և հեռուստացույցը: Սա ձեր՝ միասին լինելու ժամանակն է:

Ընթերցանությունից հաճույք ստանալ սովորելուն նպաստում է տանը գրքերի շուրջ լինելը: Հնարավորության դեպքում փորձեք գրքերի հավաքածու ստեղծել ձեր երեխաների համար: Պարտադիր չէ, որ այն ծավալուն լինի. Փոքր գրադարանը կարող է նույն գործն անել:

Գիրք-քննարկումների համար դիմեք ձեր մոտակա գրադարանին, եթե հասանելի գրադարան կա մոտակայքում: Այս հանդիպումները կարող են հիանալի միջոց լինել երեխայի համար`գրքերից հաճույք ստանալու և միևնույն ժամանակ այլ երեխաների հետ շփվելու գործում: Կարող եք նաև մտածել ընկերների և նրանց երեխաների հետ գրքի փոքրիկ ակումբ ստեղծելու մասին:

 

Ընթերցանության նշաձողեր

Թեև յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, կան որոշ կարևորագույն նշաձողեր, որոնք կարող եք նկատել երեխայի ընթերցանության հմտությունների զարգացման ընթացքում.

Ծնունդից մինչև 18 ամսական

  • Հասկանում է մի քանի պարզ արտահայտություններ
  • Նայում է գրքերին և փորձում էջեր թերթել
  • Ընդօրինակում է խոսքը
  • Մոտ 1 տարեկանում կարող է ասել մեկ կամ մի քանի բառ

18 ամսականից մինչև 3 տարի

  • Կարող է ասել 250 - 350 բառ մոտ 2 տարեկանում և 800 - 1000 բառ մոտ 3 տարեկանում
  • Հաճույքով լսում է ծանոթ պատմություններ
  • Սիրված գրքից կրկնվող արտահայտություններ է ասում
  • Ընդօրինակում է խոսող մեծահասակների ձայնը:
  • Խնդրում է, որ կարդաք իր համար

3 - 5 տարեկանում

  • Ճնաչում է ծանոթ տառերը և փորձում գրել դրանք
  • Ճիշտ է պահում գիրքը և թերթում է էջերը
  • Առանձնացնում է հանգավոր բառեր
  • Ազատորեն օգտագործում է նախադասությունները
  • Սովորում է բարձրաձայն կարդացած գրքերից