Skip to main content
Հետադարձ կապ

Օդի աղտոտվածությունը՝ մեր առօրյա կյանքի մաս

Յուրաքանչյուր երեխա ունի մաքուր օդի իրավունք. Սակայն ամեն օր հազարավոր երեխաներ այլ ելք չունեն, քան աղտոտող և վտանգավոր նյութերով հագեցած օդ շնչել: Քանի որ երեխաները, հղիության շրջանից սկսած և հատկապես ցածր տարիքում, եզակիորեն խոցելի են օդի աղտոտվածության վնասակար հետևանքների նկատմամբ, շատերը հիվանդանում են կամ ողջ կյանքի ընթացքում առողջական հետևանքներ կրում:

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբույժ-ալերգոլոգ Լուսինե Ավետյանի հետ զրուցել ենք, թե ինչպե՞ս է օդի աղտոտվածությունն ազդում երեխաների առողջության վրա և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը։

1. Օդի աղտոտվածությունը տանը և դրսում տարբեր է՝ պայմանավորված օդում առկա միկրոէլեմենտներով, բայց պետք է նկատի ունենալ, որ օդի աղտոտվածություն հասկացությունը հավասարապես վերաբերելի է, թե՛ տանը, թե՛ տնից դուրս առկա օդին։

Դրսում առավել անբարենպաստ են երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցները, խաչմերուկները, գործարանները, բաց հանքերին հարող տարածքները, որտեղ օդի աղտոտվածության ինդեքսը միշտ բարձր է։ Օդի աղտոտվածությանը նպաստող գործոններից են նաև շինարարությունը, աղբի այրումը և այլն։ 

Փակ տարածքներում օդի աղտոտվածությունը դարձյալ պայմանավորված է բազմաթիվ գործոններով, օրինակ՝ ինչպիսի վառարանով է տաքացվում տունը, արդյոք տանը ծխում են, ինչով ու ինչպես են պատրաստում կերակուրը և այլն։

2. Աղտոտված օդի ազդեցությունը առաջնահերթ մեծ ներգործություն ունի երեխաների շնչառական համակարգի վրա։ Դրա հետևանքով է, որ այժմ լայնորեն տարածված են և՛ շնչառական հիվանդությունները, և՛ ալերգիաները։ Աղտոտված օդի երկարատև ազդեցության հետևանքով մեծանում է քրոնիկ հիվանդությունների ռիսկը։ Թվում է, թե սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, քրոնիկ բրոնխիտները բնորոշ չեն երեխաներին, բայց աղտոտված օդի երկարատև ներգործության հետևանքով այդ հիվանդությունները նույնպես ակտուալ են դառնում երեխաների շրջանում։ 

Եվ իհարկե չի կարելի մոռանալ աղտոտված օդի քաղցկեղածին ազդեցության մասին։ Ըստ բժշկի, քաղցկեղով հիվանդ պացիենտների տարիքային շեմը խիստ իջել է՝ հանդիպում են դեպքեր սկսած մի քանի ամսականից և չի կարելի հերքել, որ պատճառներից մեկն էլ աղտոտված օդի ներգործությունն է։

3. Աղտոտված օդի ազդեցությանը ենթակա են հատկապես երեխաները։ Ինչո՞ւ, որովհետև որքան տարիքով փոքր է երեխան, այնքան ավելի արագ է շնչում (մեկ րոպեում շնչական ակտն ավելի շատ է), հետևաբար աղտոտված օդն ավելի մեծ քանակությամբ է ներթափանցում օրգանիզմ, քան մեծահասակների պարագայում։ 

Բացի այդ, քանի որ երեխաները չափերով ավելի փոքր են (ցածրահասակ են), հետևաբար ավելի մոտ են գետնի մակերեսին, ուր հավաքվում են աղտոտված օդում առկա ծանր նյութերը։ Եվ առհասարակ, երեխաների մաշկի և օրգանիզմի պաշտպանողական գործառույթներն ավելի ցածր են, ինչը նրանց դարձնում է պակաս պաշտպանված աղտոտված օդի դեմ։

4. Եթե անհատի ազդեցությունը օդի որակի վրա դրսում այնքան էլ մեծ չէ, ապա իր տան սահմաններում մարդը կարող է օդի որակի էական փոփոխությունների հասնել։ Առաջնահերթ հարկավոր է խուսափել այն պարագաների գործածումից, որոնք մեծապես աղտոտում են օդը․ դրանց թվին են պատկանում տարբեր վառելանյութերով (գազ, փայտ, նավթ, աթար) աշխատող վառարանները։ Ցանկալի է փոխարինել դրանք էլեկտրականությամբ աշխատող տաքացուցիչներով ու ջեռոցներով։ 

Չի կարելի մոռանալ ծխախոտի ծխի ազդեցության մասին ու չբավարարվել ասելով՝ ծխում եմ դրսում, քանի որ հայտնի փաստ է՝ ծխելուց անգամ ժամեր անց մարդու օրգանիզմից մթնոլորտ են թափանցում ծխախոտի ծխում առկա վնասակար մասնիկները։ 

Կարելի է ու պետք է փակ պահել լուսամուտները քամու ժամանակ։ Պետք է հրաժարվել կամ խիստ հազվադեպ դարձնել հոտազերծիչ, բուրումնավետ սփրեյերի, մոմերի օգտագործումը տանը։

5. Արդեն իսկ աղտոտված օդի դեմ պայքարելու գործուն միջոց են օդը մաքրող սարքերը, տունը հետևողականորեն օդափոխելը՝ հատկապես օրվա այն ժամերին, երբ օդի աղտոտվածության մակարդակը ցածր է (օրինակ՝ լուսադեմին)։

6. Երեխաներին օդի աղտոտվածության բարձր մակարդակներից պաշտպանելու գործում կարևոր քայլ է բնակության ձեր վայրի օդի աղտոտվածության ինդեքսն իմանալը։ Դա կարելի է անել տարբեր հավելվածների օգնությամբ։ Իսկ եթե այդպիսիք չկան ձեր բջջայինում, պարզապես կարող եք մուտք գործել iqair.com կայքն ու իրական ժամանակում իմանալ, թե՛ ձեր բնակավայրի, թե՛ դրա առանձին հատվածների օդի աղտոտվածության ինդեքսը։ Նման տեղեկատվության տիրապետումը հնարավորություն կտա այնպես կազմակերպել երեխայի օրը, այդ թվում, դրսում զբոսանքը, որ նա խուսափի օրվա կտրվածքով օդի աղտոտվածության ամենաբարձր ինդեքս ունեցող փողոցներից և հանրային այլ վայրերից։

7. Оդի աղտոտվածության մակարդակը ցույց տվող մինչև 50 թիվը համարվում է նորմա, դրանից բարձր ցուցանիշները դասակարգվում են ըստ խմբերի՝ անառողջ խոցելի խմբերի համար, անառողջ, խիստ անառողջ և այլն։ Կայքերում ու հավելվածներում հաճախ տրվում են հստակ ցուցումներ, թե ինչ է պետք անել օդի աղտոտվածության այս կամ այն ինդեքսի դեպքում։ Այդպես, որոշ դեպքերում կարելի է տեսնել դրսում (կոնկրետ տարածքում) դիմակ կրելու մասին խորհուրդ։ Նման դեպքերում, իհարկե, ցանկալի է, որ երեխան դրսում կրի դիմակ: 

Օդի աղտոտվածությունը հանրային առողջապահության ոլորտիարտակարգ իրավիճակ է, ևմինչև կառավարություններն ու բիզնեսներըդրա նվազեցմանն ուղղվածորոշակի քայլեր չձեռնարկեն երեխաներըկշարունակեն ամենաշատը տուժել։

Նույնաբովանդակ այլ նյութեր