Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես վերադառնալ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո

Մայր, խորհրդատու և կարերիայի մարզիչ Մարի Բեթ Ֆերանտեն աշխատանքի վերադառնալը պլանավորելու խորհուրդներ է պատրաստել մայրիկների համար։ Բոլորիս էլ հայտնի է, թե որքան բարդ ու ծանր կարող է լինել երեխա ունենալուց հետո աշխատանքի վերադառնալը։ Քեզ անընդհատ տանջում է «մեղքի» զգացումը, որ թողնում ես երեխայիդ և գնում աշխատանքի, ու նաև վախը, որ զգում ենք երկար արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալիս։ Գիտենք, որ ձեր մտքում պարբերաբար այս հարցերն են պտտվում.

  • Արդյո՞ք կհիշեմ, թե ինչպես էի անում աշխատանքս։
  • Գուցե նրանք արդեն մեկին գտե՞լ են, որ ինձնից լավ է անում այդ աշխատանքը։
  • Ինչպե՞ս կարող եմ համատեղել լավ մայրիկի ու լավ աշխատակցի դերերը։

Եկեք լսենք մի մայրիկի, ով այս ամենի միջով անցել է։ Հավատացե՛ք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Վստահաբար ժամանակ է պետք ամեն ինչին հարմարվելու համար, բայց իմացե՛ք, որ հնարավոր է համատեղել աշխատաքային ու մայրական պարտականությունները։ Ահա մի քանի մոտեցումներ, որոնք կհեշտացնեն աշխատանքի վերադառնալը՝ մայրիկ դառնալուց հետո:

Մինչև աշխատանքի վերադառնալը խոսեք ձեր ղեկավարի հետ

Երեխայի խնամքի արձակուրդ մեկնելուց առաջ, հավանաբար, աշխատանքի վերադարձի մոտավոր ժամկետ եք նշել։ Արձակուրդի ավարտից առաջ տեղեկացրեք ձեր ղեկավարին, որ պատրաստվում եք վերադառնալ և համոզվեք, որ երկուսդ էլ վերադարձի նույն ժամկետն եք դիտարկում, որպեսզի թե՛ դուք, թե՛ ձեր ղեկավարը հասցնեք պատրաստվել և առաջին աշխատանքային օրն ընթանա առանց անակնկալների։

Խոսեք ձեր նոր կարիքների մասին

Փոքրիկի ծնվելուց հետո ձեր աշխատանքային գրաֆիկը կարող է վերանայվել: Եթե նախկինում կարող էիք աշխատավայրում մնալ մինչև ուշ երեկո, կամ աշխատել հանգստյան օրերին, ապա, երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո կարևոր է սահմանել աշխատանքի նոր ձևաչափ։

Հստակեցրեք՝ ի՞նչն է ձեզ համար կարևոր: Ստիպվա՞ծ եք լինելու երբեմն դուրս գալ գրասենյակից երեխային վերցնելու համար։ Ուզու՞մ եք երեկոներն անցկացնել ձեր փոքրիկի հետ և ամբողջ ուշադրությունն ուղղել նրան։ Ձեզ նախապես պետք է տեղեկացնեն ոչ աշխատանքային ժամերին կազմակերպվող միջոցառումների և գործուղումների մասին։ Որքան ինքներդ բաց ու անկեղծ ներկայացնեք ձեր կարիքները, այնքան մարդիկ ավելի կհարգեն դրանք։

Գտեք երեխայի խնամքի վստահելի տարբերակներ

Ձեր աշխատանքային ժամերին երեխայի խնամքը այլ անձի վստահելու պարագայում, կարևոր է, որ վստահ լինեք ձեր ընտրության մեջ, չանհանգստանաք երեխայի համար և կարողանաք կենտրոնանալ աշխատանքի վրա։

Գտեք երեխայի խնամքի այնպիսի տարբերակ, որ վստահ լինեք, որ ձեր երեխան ապահով է, սիրված և խնամված։ Հանգիստ դիտարկեք բոլոր տարբերակները, այցելեք այն հաստատություններ, որոնք ընտրել եք, հարցազրույցներ անցկացրեք դայակի թեկնածուների հետ և իհարկե, կարծիք հարցրեք այլ ծնողներից:

Վերադարձից մեկ-երկու շաբաթ առաջ սկսեք ձեզ և փոքրիկին կամաց-կամաց սովորեցնել նոր առօրյային։ Օրինակ՝ երեխային մի քանի ժամով թողեք տատիկի մոտ կամ նրա հետ միասին մանկապարտեզում մեկ օր անցկացրեք կամ դայակին խնդրեք աշխատանքի գալ աշխատանքի վերադառնալուն նախորդող շաբաթվա ընթացքում ևս։ Ավելի պատրաստված լինելն ու զգալը հաստատ կհեշտացնի այս փոփոխությունը։ Կարևոր է, որ վստահ լինեք, որ դուք անում եք հնարավորը պահը ավելի հեշտացնելու համար։

Եթե պլանավորում եք շարունակել կրծքով կերակրումը, պետք է կուրծքը կթելու գրաֆիկ մշակեք

Աշխատող որ մի մայրիկին էլ հարցնեք, կասի ձեզ, որ աշխատավայրում կուրծք կթելը մի առանձին աշխատանք է։ Սա ցուցակի հաջորդ կետն է, որին պետք է պատրաստ լինեք և որը պետք է պլանավորեք աշխատանքային օրվա ընթացքում։

Մինչ աշխատանքի վերադառնալը տանն արդեն փորձեք ծանոթանալ ձեր կթիչի աշխատանքի հետ, փորձեք տանը մի քանի անգամ կթել կուրծքը։ Մի ցուցակ պատրաստեք՝ նշելով այն իրերը, որոնք պետք է աշխատավայր տանեք կաթը կթելու համար։ Գուցե կթիչի որոշ մասերից երկու հատ գնեք, և դրանք թողնեք աշխատավայրում, այդպես ավելի հարմար կլինի։

Հետո ձեր օրացույցում առանձնացրեք այն ժամերը, երբ պետք է կաթ կթել: Եթե բացառապես կրծքով եք կերակրում ձեր փոքրիկին, ապա ավելի հաճախ պետք է կթեք։ Բայց իմացեք, որ նորմալ է ,եթե աշխատանքի պատճառով, մի քիչ ուշ կամ մի քիչ շուտ եք կթում։ Երբ հնարավոր լինի, նորից աշխատեք հարմարվել երեխայի սնվելու ռեժիմին, և ուղղակի հետևեք, որ կթելը բաց թողնելը պարբերական բնույթ չկրի։

Հրատապ իրավիճակների համար կարելի է տանը սառցախցիկում շաբաթական մեկ-երկու բաժին կթած կաթ թողնել:

Շատ մայրիկների մոտ աշխատանքի վերադառնալուց հետո կաթը պակասում է: Եթե ձեզ մոտ էլ է այդպես, ապա նախ համոզվեք, որ բավարար քանակով ջուր եք խմում։ Անգամ երբ շատ զբաղված եք, աշխատեք բավարար քանակով ջուր խմել և «նորմալ» սնվել, որպեսզի կաթը չքչանա։ Եթե այս ամենից հետո էլի խնդիրներ ունեք, ապա խորհրդակցեք կրծքով կերակրման մասնագետի հետ։

Եղեք համբերատար

Իզուր չէ, որ այս գործընթացն «անցումային» է կոչվում, հարմարվելու համար ժամանակ է պետք։ Իհարկե, դուք գիտեք, թե ինչպես անել ձեր աշխատանքը, հիմա գուցե նաև զգում եք, որ լավ էլ գլուխ եք հանում ծնողավարությունից, բայց երկուսը միաժամանակ դեռ չեք փորձել։ Գուցե աշխատանքային առաջին օրը կամ դեռ մի վեց ամիս, զգաք, որ ոչինչ չի ստացվում։ Կարևորը, որ բարի և համբերատար լինեք ձեր հանդեպ, և հասկանաք, որ դուք հնարավոր ամեն բան անում եք։ Իմացե՛ք՝ նորմալ է աշխատանքից հաճույք ստանալը, բավարարվածության զգացում ունենալը: Նաև նորմալ է հանդիպումից անմիջապես հետո տուն վազելը։ Հնարավոր է այս ամենը ձեր նախատեսածի նման չէ, սակայն դուք հաստատ կհաջողեք։

Երբ ես առաջին անգամ երեխա ունենալուց հետո վերադարձա աշխատանքի, հիշում եմ, թե ինչպես մի տարեց աշխատակից ինձ ասաց, որ ժամանակի հետ կհեշտանա։ Անկեղծ ասած՝ այդ ժամանակ մտածեցի, թե «գժվել է»։ Բայց նա իրականում ճիշտ էր։ Իսկապես ամեն ինչ ժամանակի հետ հեշտանում է, դուք կարող եք լինել լավ մայր և լավ աշխատակից։ Դուք կարող եք վերադառնալ աշխատանքի, ուղղակի պետք է մի քիչ պատրաստվեք ու համբերատար լինեք։

 

Մայր, խորհրդատու, կարերիայի մարզիչ Մերի Բեթ Ֆերանտեն աշխատող ծնողների իրավունքների ջատագով է։ Որպես Ապրել։ Աշխատել։ Ղեկավարել կազմակեպության ղեկավար՝ նա համագործակցում է այլ կազմակերպությունների հետ՝ աշխատավայրի մշակույթը փոխելու և աշխատող ծնողներին աջակցելու ուղղությամբ՝ վերապատրաստելով և խորհրդատվություն տրամադրելով ծնողներին։ Նա նաև ներգրավված է Ֆորբսի՝ կանանց համար նախատեսված, հանդեսում։