Հավելյալ սնուցման հաճախականությունը, քանակը և խտությունը
6-8 ամսական երեխային խորհուրդ է տրվում օրական 2–3 անգամ հավելյալ սնունդ տալ, 9–23 ամսականին՝ 3–4 անգամ: Հիմնական կերակրումների միջև խորհուրդ է տրվում երեխային 1-2 անգամ քիչ քանակությամբ լրացուցիչ սնունդ տալ, որը երբեմն կոչում են միջանկյալ ուտեստ: Լավ միջանկյալ ուտեստը պետք է հեշտությամբ պատրաստվի և սննդարար լինի: Այն չպետք է շփոթել քաղցրավենիքի, թխվածքաբլիթների, չիպսի կամ նման այլ սննդատեսակների հետ: Լավ միջանկյալ ուտեստի օրինակներ են մածունը կամ այլ կաթնամթերքը, կարագով հացը կամ թխվածքը, միրգը, եփած ձուն կամ կարտոֆիլը:
Երեխայի սնուցողական և էներգետիկ պահանջները բավարարելու համար շատ կարևոր է նաև սննդի խտությունը: Ջրիկ սննդատեսակները աղքատ են էներգիայով, լցնում են երեխայի ստամոքսը, բայց բավարար էներգիայով չեն ապահովում: Խիտ սնունդն ավելի հարուստ է էներգիայով և կարող է լրացնել դրա պակասը: Հավելյալ սնունդը պետք է այնքան խիտ լինի, որ գդալից չծորա:
Վեց ամսական երեխան կարող է ուտել համասեռ դարձրած (փափուկ), տրորած կամ կիսակոշտ սնունդ: Ութ ամսականին մոտ երեխան արդեն կարող է ձեռքով վերցնել որոշ ուտելիքներ և ուտել, մեկ տարեկանին մոտ երեխաների մեծամասնությունը կարող է ուտել նույն սննդատեսակները, ինչ ուտում են ընտանիքի մյուս անդամները, սակայն նրանք կարիք ունեն ավելի սննդարար ուտելիքների, և ընտանեկան սննդատեսակները պետք է հարստացնել: