Սննդային վարքի խանգարումներ
Սննդային վարքի խանգարումների շարքից են նյարդային անորեքսիան, նյարդային բուլիմիան, անկառավարելի ուտելու նոպայանման խանգարումը, խուսափողական ընտրողական սննդային վարքի խանգարումը և այլն: Մի քանիսն արտահայտվում են դեռևս նախադպրոցական տարիքում, մյուսները գլուխ են բարձրացնում դեռահասության փուլում:
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ զրուցել ենք սննդային վարքի խանգարման ամենից հաճախ հանդիպող տեսակների մասին, քանի որ դրանց վաղ հայտնաբերումն էականորեն կրճատում է բուժման ժամանակահատվածն ու թույլ է տալիս նվազեցնել երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը սպառնացող վնասները:
Սննդային խանգարումների տարածված տեսակներն են
Անկառավարելի ուտելու նոպայանման խանգարում - Binge-eating disorder (BED)
Թեև զանգվածային լրատվամիջոցներով ու տարբեր ֆիլմերում ավելի հաճախ լսում ենք նյարդային անորեքսիայի և նյարդային բուլիմիայի մասին, այդուհանդերձ աշխարհում շատ ավելի մեծ տարածում ունի անկառավարելի ուտելու նոպայանման խանգարումը: Ճարպակալում ունեցողների 30-35%-ն ունի սննդային վարքի տվյալ խանգարումը:
Նյարդային բուլիմիա
Նյարդային բուլիմիան անկառավարելի ուտելու նոպայանման խանգարումից տարբերվում է նրանով, որ ունի կոմպենսացիոն վարքագիծ՝ ուտում են ու փսխում, ուտում են ու «նիհարեցնող» դեղամիջոց օգտագործում, ուտում են ու մարզադահլիճ գնում: Այդ է պատճառը, որ նյարդային բուլիմիայի դեպքում գրեթե չունենք քաշի ավելացում:
Խուսափողական ընտրողական սննդային վարքի խանգարում - Avoidant/restrictive food intake disorder (ARFID)
Սա այն երեխաների մասին է, որոնք մոտավորապես 3 տարեկանում սկսում են հրաժարվել սննդից՝ սննդացանկում թողնելով 5-6 մթերք: Որպես հետևանք առանձնացնում ենք.
- ցածր քաշ,
- միկրոէլեմենտների դեֆիցիտ,
- վախ սննդից,
- խուսափողական վերաբերմունք սննդի նկատմամբ:
Սրա պատճառը ոչ թե մարմնի կառուցվածքի խնդիրն է, այլ վախը (կամ զզվելը) սննդից:
Որոնք են սննդային վարքի խանգարման պատճառները
Սննդային վարքի խանգարման պատճառները հասկանալու համար դիտարկենք նյարդային անորեքսիայի օրինակը: Նյարդային անորեքսիայի ձևավորմանը կարող է հանգեցնել պատճառների մի ամբողջ համակարգ՝ դեռահասության տարիքում արտաքինի կտրուկ փոփոխություն, գենետիկ որոշակի հատկանիշների առկայություն, շրջապատում առկա գեղեցկության և գրավչության խիստ չափանիշներ, ընտանիքում և դպրոցում դեռահասի արտաքին տեսքին ուղղված քննադատական, վիրավորական արտահայտություններ:
Պարզ օրինակ, եթե երեխան ունի շաքարային դիաբետ, կատարվում է արյան քննություն, ախտորոշվում է խնդիրը և այդ պահից սկսած՝ բոլոր ջանքերն ուղղվում են բուժմանը:
Սննդային վարքի խանգարման առնչությամբ ծնողներին հաճախ շփոթեցնում է այն, որ նրանք չեն տեսնում խնդիրը, չի կատարվում հետազոտություն, ժամանակն անցնում է, մինչդեռ, օրինակ, ARFID-ի դեպքում դա անթույլատրելի է, քանի որ հետևանքները կարող են լինել ճակատագրական:
Ռիսկի գործոն է համարվում նաև ծնողը, որը կենտրոնացած է իր մարմնի քաշի ու կազմվածքի վրա, անվերջ դժգոհում է իր արտաքինից, մի դիետայից մյուսին է անցնում, անընդհատ քննադատում է ինքն իրեն ու իր արտաքինը: Այս բոլորը պարբերաբար տեսնող ու լսող երեխան կարող է վախ ունենալ, որ եթե ինքը գիրանա՝ ծնողն իրեն էլ չի սիրի:
Դեռահասի կողմից սեփական կյանքը կառավարելու հնարավորության բացակայությունը նույնպես կարող է սննդային վարքի խանգարման պատճառ հանդիսանալ: Երբ ծնողները չեն հարգում դեռահասի կարծիքը, նրա փոխարեն կայացնում են որոշումներ՝ դպրոցական ծրագրի, ում հետ ուր գնա, ապագայի համար ինչ մասնագիտություն ընտրի և այլն, այս դեպքում դեռահասը կարող է ենթագիտակցաբար զգալ կամ հասկանալ, որ ինքն իր կյանքի տերը չէ, որ չի կառավարում իր կյանքի կարևոր առանցքներից և ոչ մեկը ու գալիս է եզրահանգման (դարձյալ ենթագիտակցաբար), որ միակ բանը, որի վրա ինքն ունի ազդեցություն՝ սնունդն է, ավելի ստույգ այն, թե ինչ կուտի ու ինչքան: Կառավարելով ընդունած սննդի քանակը նա ստանում է սեփական կյանքը կառավարելու զգացում:
Սովորաբար ծնողները դիմում են մասնագետի, երբ դեպքն արդեն հատել է ծայրահեղ ծանրի սահմանը: Այդ դեպքերի պարագայում մասնագետի աշխատանքը կարող է տևել 1-1,5 տարի: Մինչդեռ սննդային վարքի խանգարումները կարելի է նկատել վաղ ու չուշացնել բուժումը:
Ինչպես նկատել սննդային վարքի խանգարումները
Կոչ ենք անում բոլոր ծնողներին ուշադիր լինել դեռահաս զավակների նկատմամբ և քայլեր ձեռնարկել, եթե նկատում եք, որ ձեր երեխան.
- սկսել է քիչ ուտել,
- չափից շատ է նայում հայելու մեջ,
- ամեն անգամ սնվելուց հետո գնում է զուգարան. պետք է զգուշությամբ հասկանալ՝ գուցե փսխում է կերածը:
- սոցցանցերում հիմնականում հետևում է դիետաներ, քաշը նվազեցնելու տարբերակներ առաջարկող էջերի:
Զգույշ եղեք, սոցցանցերում կան փակ խմբեր, որոնք վարում են նյարդային անորեքսիա կամ նյարդային բուլիմիա ունեցող մարդիկ, որոնք հստակ ցուցումներ են տալիս խմբակիցներին, խորհուրդ են տալիս ինչ դեղեր խմել նիհարելու համար, ինչ միջոցներով կառավարել քաշը: Նման ազդեցությունը դառահասի համար կարող է կործանարար լինել:
Ինչպես կանխարգելել սննդային վարքի խանգարումները
Անչափ կարևոր է վստահելի և ամուր հարաբերություններ կառուցել երեխաների հետ ու օգնել սահուն հաղթահարել դեռահասության փուլը, որն անխուսափելի է: Կարդացե՛ք ավելին դեռահասության ճգնաժամի և միջանձնային հարաբերություններ ձևավորելու մասին:
Պետք է բացատրել, որ դեռահասությունը հավերժ չէ, անցնելու է, իսկ ծնողները երեխայի կողքին են միշտ, կօգնեն և կաջակցեն: Ապրումակցումն այստեղ շատ մեծ տեղ ունի:Կարևոր է նաև երբեք չպիտակավորել երեխային՝ անգամ մեկ դառը արտահայտությունը կարող է մեծ հետք թողել նրա ինքնագնահատականի և վարքի վրա:
Ինչպես բուժել սննդային վարքի խանգարումները
Կախված խնդրի տեսակից և բարդության աստիճանից, բուժումը կարող է իրականացվել մի քանի մասնագետների համալիր աշխատանքով՝ բժիշկ-դիետոլոգ, հոգեբան, հոգեբույժ, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ և այլն:
Պետք է ընդունել նաև, որ մասնագետը կամ մասնագետների խումբը բուժման ճանապարհը միայն երեխայի (դեռահասի) հետ չի անցնելու։ Երեխան (դեռահասը) շաբաթական մի քանի ժամ է լինելու մասնագետների միջավայրում, իսկ մնացած ժամանակն անցկացնելու է ընտանիքի գրկում, հետևաբար անչափ կարևոր է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հասկանա, որ պետք է թիմ կազմի մասնագետների հետ՝ միասին հաղթահարելու խնդիրը։
Որոշ երկրներում, օրինակ Ավստրալիայում, սննդային վարքի խանգարումների հետ աշխատանքը սկսվում է հենց ընտանեկան թերապիայից՝ սկսած խոսքային ձևակերպումներից մինչև շատ ավելի բարդ ու նուրբ հասկացություններ՝ ընտանիքում սխալ մոտեցումների և մասնագետների հետ չհամագործակցելու պատճառով այդ նույն մասնագետների ու երեխայի բոլոր ջանքները կարող են ի չիք լինել: