Skip to main content
Հետադարձ կապ

Նեոնատոլոգիա

Ո՞վ է նեոնատոլոգը, արդյո՞ք նրա կարիքն ունեն բացառապես բոլոր նորածինները, ի՞նչ դերակատարում ունի նեոնատոլոգը երեխայի կյանքումԱյս հարցերի շուրջ զրուցել ենք նեոնատոլոգ-մանկաբույժ Արթուր Ջանազյանի հետ: Ստորև ներկայացնում ենք զրույցի հիմնական կետերը:

  • Նեոնատոլոգիան նորածինների աճը, զարգացումը, ֆիզիոլոգիան ու հիվանդություններն ուսումնասիրող գիտություն է: Նեոնատոլոգիան, իբրև մանկաբուժությունից առանձին գիտություն ձևավորվել է մոտավորապես 20-րդ դարակեսին: Ամենայն հավանականությամբ, ուղղակի հասունացավ ընկալումը, որ նորածինը նույն 10 տարեկան երեխան չէ փոքր մարմնի մեջ. նրա բիոմեխանիզմները, ֆիզիոլոգիան բոլորովին այլ են և պահանջում են այլ մոտեցում: Ավելին՝ կան նորածիններ ու կան անհասներ, խորը անհասներ, որոնց հետ աշխատանքում արտահայտվում են նեոնատոլոգի հիմնական գործառույթները:
  • Նեոնատոլոգիան խոշոր հաշվով նորածինների ինտենսիվ թերապիայի մասին է, հետևաբար նեոնատոլոգն առողջ նորածնի հետ առանձնապես շատ գործ չունի անելու: Առողջ նորածնին ավելի շատ պետք է մայրիկ, քան նեոնատոլոգ: Առողջ նորածնի պարագայում նեոնատոլոգն ավելի շատ նոր ծննդաբերած կնոջն է պետք, որպեսզի խորհուրդ տա նորածնի խնամքին, կերակրմանն առնչվող հարցերում
  • Նեոնատոլոգիան սերտորեն կապված է մանկաբարձությանը և գինեկոլոգիային: Որքան զարգանում են վերջին երկուսը, այնքան անելու շատ գործ է ունենում նեոնատոլոգը: Պարզաբանենք՝ գինեկոլոգիայի և մանկաբարձության ձեռքբերումների շնորհիվ, շատ կանայք, որոնք նախկինում չէին կարողանում հղիանալ, այժմ հղիանում են, շատ կանայք, որոնք չէին կարողանում պահպանել հղիությունը, այժմ պահպանում են: Արդյունքում՝ հղիությունը, որը նախկինում մեծ հավանականությամբ կավարտվեր վիժումով, այսօր ավարտվում է ծննդաբերությամբ, բայց ծնվում են անհաս երեխաներ, իսկ երեխան, որը նախկինում ծնվում էր ժամանակից շուտ, այսօր ծնվում է ժամանակին, բայց ուղեկցող խնդիրներով: Այդ փոփոխություններն ավելի պարզ տեսանելի են թվաբանական պատկերով՝ նախկինում հղիության 28-րդ շաբաթից շուտ ծնված երեխան համարվում էր ոչ թե նորածին, այլ պտուղ: Հիմա պտուղ է համարվում մինչև 22 շաբաթականը ծնված երեխան, իսկ հղիության 22-րդ շաբաթից հետո ծնվածը՝ նորածին: Սա բերում է նոր մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարեն նեոնատոլոգները:
  • Նեոնատոլոգի աշխատանքը հիմնականում կապված է անհաս փոքրիկների հետ, բայց շատ հաճախ անգամ ժամանակին լույս աշխարհ եկած նորածիններն ունենում են խնդիրներ ներարգանդային ինֆեկցիաներ, որոնք կարող են դրսևորվել թոքաբորբով, սեփսիսով և այլն զարգացման բնածին արատներ, որոնք պահանջում են հատուկ խնամք կամ խնդրի վիրահատական լուծում, որին դարձյալ պետք է հաջորդի նեոնատոլոգի խնամքը հեմոլիտիկ հիվանդություն, որն արտահայտվում է ինտենսիվ դեղնուկով և այլն:
  • Նեոնատոլոգի համար ամենամեծ մարտահրավերը խորը անհասներն են, ավելի ստույգ՝ նրանց այն վիճակին հասցնելը, որ չունենանք անհագստություն նրանց կյանքի որակի համար: Մեկ կիլոգրամից ցածր կշռող խորը անհասի հայտնվելը բաժանմունքում պահանջում է բոլոր ուժերի լարում: Ինձ համար աննախադեպ էր 86 օր նույն երեխայի հետ, նույն երեխայի համար աշխատելը: 86 օր, դա չափազանց բարդ, բոլոր ռեսուրսները պահանջող ճանապարհ էր, որը պատվով անցանք:
  • Իհարկե, պետք է նաև հաշվի առնել, որ հաջողության շատ պատմությունների կուլիսներում մնում են նաև անդառնալի կորուստների պատմությունները: Երբեմն ծնողներն ուղիղ ասում են՝ մենք գիտենք, որ խորը անհաս երեխաներն էլ ապրում են կամ ասում են, որ տեղյակ են իմ այս կամ այն հաջողված պատմությանը: Ես, իհարկե, ասում եմ, որ այո, ապրում են, բայց դա չի նշանակում, որ բոլոր դեպքերը նույնն են ու բոլորը պետք է նույն ելքն ունենան: Մենք աշխատում ենք ու հավատում ենք, որ ամեն բան լավ կլինի, բայց երաշխիքներ չկան: Ինչ-որ իմաստով պետք է պատրաստ լինել կամ պատրաստվել ցանկացած տիպի ելքի:
  • Որպես կանոն, խորը անհաս փոքրիկները շնչառական աջակցող սարքերի կարիք ունեն, ծծելու և կլման ակտերի մասին էլ չենք խոսում: Այս ժամանակահատվածում փոքրիկը մայրական կաթը ստանում է զոնդի միջոցով: Զուգահեռաբար, ներերակային ճանապարհով ստանում է ածխաջրեր, սպիտակուցներ և այլն: Վերը թվարկած միջոցներից հրաժարումը տեղի է ունենում աստիճանաբար:
  • Խորը անհասների դեպքում ազգային օրացույցով նախատեսված պատվաստումները ևս որոշ ժամանակ «սպասում» են: Քանի դեռ երեխան ստանում է որևէ բուժում՝ նրան չեն պատվաստում: Եթե մենք ավարտել ենք բուժումը, երեխան շնչում է սենյակային օդով, ունի ադեկվատ սատուրացիայով օքսիգենացիա, չունի ախտաբանական որևէ խնդիր, իսկ քաշը 2 կիլոգրամ և ավելի է, ապա երեխան վակցիանացիայի թեկնածու է՝ պայմանով, որ բուժման ընթացքում արյան որևէ բաղադրամաս չի ստացել՝ օրինակ արյան պլազմա, էրիտրոցիտար զանգված կամ տրոմբոցիտար զանգված, քանի որ այդ պատրաստուկները հետաձգում են վակցինացիան:

Դիտե՛ք ամբողջական զրույցը

Նույնաբովանդակ այլ նյութեր