Skip to main content
Հետադարձ կապ

Ձեր առաջին եռամսյակի ուղեցույցը

Շնորհավորու՜մ ենք. շուտով դուք մայր եք դառնալու: Ծնող դառնալու լուրը շատ հուզիչ է, բայց այն, երբեմն, կարող է նաև ճնշող լինել և, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ շատ հարցեր են առաջանում: Այդպես էլ պետք է լինի: Հուսով ենք, որ այս ուղեցույցը օգտակար ուղեկից կդառնա ձեզ համար և կօգնի ձեզ ողջ հղիության ընթացքում: Հղիության առաջին 13 շաբաթվա ընթացքում ձեր և երեխայի մարմինն աճում և փոփոխվում են: Ահա, թե ինչ պետք է իմանալ, երբ միասին սկսում եք այս զարմանահրաշ ճանապարհորդությունը:

Ձեր ինքնազգացողությունը

Ձեր մարմինը պատրաստվում է որոշ լուրջ փոփոխությունների ենթարկվել, քանի որ պատրաստվում է նոր կյանք արարելուն:

Ձեզ մոտ կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը կամ հոգնածությունը, կարող եք նաև էներգիայի մակարդակի բարձրացում զգալ: Հետևեք ձեր օրգանիզմի նշաններին և, անհրաժեշտության դեպքում, փոփոխեք ձեր կենսակերպը: Յուրաքանչյուր կին տարբեր է, և յուրաքանչյուր հղիություն կարող է տարբեր ընթացք ունենալ:

Հղիության վաղ նշաններն ու ախտանիշները

Հղիության ամենավաղ նշանը բաց թողնված դաշտանն է՝ այն կանանց համար, ովքեր ամսական կանոնավոր դաշտանային ցիկլ ունեն: Հղիության ընթացքում, թեև երբեմն կարող է թույլ արյունահոսություն լինել՝ նմանվելով թեթև դաշտանին կամ արտադրության, այնուհանդերձ, հղիության ընթացքում արյունահոսություն ունենալու դեպքում անպայման պետք է դիմել բժշկի:

Հղիության առաջին շաբաթների ընթացքում հորմոնների փոփոխությունները կարող են ազդել ձեր ամբողջ օրգանիզմի վրա: Չնայած յուրաքանչյուր հղիություն տարբեր է, առաջին եռամսյակի ընթացքում բոլորը կարող են ունենալ նման ախտանիշներ.

  • Կրծքերի զգայունություն
  • Տրամադրության ծայրահեղ փոփոխություններ
  • Սրտխառնոց կամ փսխում (առավոտյան սրտխառնոց)
  • Հաճախակի միզարձակում
  • Քաշի ավելացում կամ կորուստ
  • Ծայրահեղ հոգնածություն
  • Գլխացավեր
  • Այրոց
  • Ոտքերի սպազմ
  • Մեջքի ստորին հատվածի և կոնքային ցավեր
  • Որոշակի կերակուրների նկատմամբ անհաղթահարելի ցանկություն
  • Որոշակի կերակուրների նկատմամբ առաջացած հակակրանք
  • Փորկապություն

Ինքնախնամք

Հղիության վաղ ախտանիշները կարող են, մեղմ ասած, տհաճ լինել: Դրանք մեղմելու համար փորձեք հետևել այս խորհուրդներին՝միայն նախապես ձեր բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Սրտխառնոցի կամ փսխման դեմ փորձեք կոճապղպեղ, երիցուկ, B6 վիտամին և / կամ ասեղնաբուժություն:

Ոտքերի սպազմերի դեպքում փորձեք մագնեզիում կամ կալցիում:

Փորկապության դեպքում, եթե ձեր բժշկի առաջարկած սննդակարգային փոփոխությունները չեն օգնում, օգնության կարող են հասնել ցորենի թեփը կամ այլ մանրաթելային հավելումները:

Առողջ սնունդը և կանոնավոր մարզումները կարևոր են հղիության ամբողջ ընթացքում: Շարունակեք ձեր ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեզ նեղություն չի պատճառում: Որքան ավելի ակտիվ լինեք հղիության ընթացքում, այնքան հեշտ կլինի ձեզ հարմարվել ձեր փոփոխվող մարմնին: Ապահովեք ձեր և ձեր երեխայի աճող մարմինները սննդարար կերակուրով: Համոզվեք, որ առողջ սնվելով ստանում եք բավարար էներգիա, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ բանջարեղեն, միս, լոբի, ընդեղեն, պաստերիզացված կաթնամթերք և մրգեր:

Ինչպես է աճում ձեր երեխան

Այս ժամանակահատվածը ամենակարևորն է ձեր երեխայի զարգացման համար: Առաջին եռամսյակի ընթացքում սկսում են ձևավորվել երեխայի ներքին օրգան-համակարգերը և մարմինը: Սկսում են ձևավորվել երեխայի

  • Ուղեղը և ողնաշարը
  • Ներքին ականջը
  • Սրտի հյուսվածքները
  • Սեռական օրգանները
  • Մատների եղունգները
  • Լյարդը
  • Կոպերը
  • Ենթաստամոքսային գեղձը
  • Երիկամները
  • Վերջույթների, ձեռքերի, ոտնաթաթերի շարակցական հյուսվածքը
  • Բերանի, աչքերի և քթի մկանները
  • Ձեռքերի և ոտքերի մատների բաժանումները
  • Թոքերը

Պտղի աճը կարող է զգալիորեն տատանվել մի շարք պատճառներից ելնելով, բայց առաջին եռամսյակի ընթացքում ձեր երեխան կաճի մոտ 0,64 սմ-ից առաջին ամսվա վերջին (բրնձի հատիկից փոքր), մինչև 10 սմ 12-րդ շաբաթվա վերջում, իսկ քաշը կլնի մոտ 28 գրամ: [Տվյալները՝ Քլիվլենդի կլինիկայից

Ե՞րբ դիմել բժշկի

Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում պետք է առնվազն մեկ հանդիպում ունենաք ձեր բժշկի հետ և որքան հնարավոր է, շուտ:

Ըստ ՀՀ-ի՝ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի՝ յուրաքանչյուր զույգ և յուրաքանչյուր ոք իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Զգոն եղե՛ք

Հղիության ընթացքում անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե զգաք՝

  • ուժգին կծկումներ,
  • 38 ° C- ից բարձր ջերմություն (100 ° F),
  • հոտավետ հեշտոցային արտադրություն,
  • ցավոտ միզարձակում,
  • հեշտոցային արյունահոսություն,
  • ուժգին փսխումներ:

Նույնաբովանդակ այլ նյութեր