Ձեր առաջին եռամսյակի ուղեցույցը
Շնորհավորու՜մ ենք. շուտով դուք մայր եք դառնալու: Ծնող դառնալու լուրը շատ հուզիչ է, բայց այն, երբեմն, կարող է նաև ճնշող լինել և, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ շատ հարցեր են առաջանում: Այդպես էլ պետք է լինի: Հուսով ենք, որ այս ուղեցույցը օգտակար ուղեկից կդառնա ձեզ համար և կօգնի ձեզ ողջ հղիության ընթացքում: Հղիության առաջին 13 շաբաթվա ընթացքում ձեր և երեխայի մարմինն աճում և փոփոխվում են: Ահա, թե ինչ պետք է իմանալ, երբ միասին սկսում եք այս զարմանահրաշ ճանապարհորդությունը:
Ձեր ինքնազգացողությունը
Ձեր մարմինը պատրաստվում է որոշ լուրջ փոփոխությունների ենթարկվել, քանի որ պատրաստվում է նոր կյանք արարելուն:
Ձեզ մոտ կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը կամ հոգնածությունը, կարող եք նաև էներգիայի մակարդակի բարձրացում զգալ: Հետևեք ձեր օրգանիզմի նշաններին և, անհրաժեշտության դեպքում, փոփոխեք ձեր կենսակերպը: Յուրաքանչյուր կին տարբեր է, և յուրաքանչյուր հղիություն կարող է տարբեր ընթացք ունենալ:
Հղիության վաղ նշաններն ու ախտանիշները
Հղիության ամենավաղ նշանը բաց թողնված դաշտանն է՝ այն կանանց համար, ովքեր ամսական կանոնավոր դաշտանային ցիկլ ունեն: Հղիության ընթացքում, թեև երբեմն կարող է թույլ արյունահոսություն լինել՝ նմանվելով թեթև դաշտանին կամ արտադրության, այնուհանդերձ, հղիության ընթացքում արյունահոսություն ունենալու դեպքում անպայման պետք է դիմել բժշկի:
Հղիության առաջին շաբաթների ընթացքում հորմոնների փոփոխությունները կարող են ազդել ձեր ամբողջ օրգանիզմի վրա: Չնայած յուրաքանչյուր հղիություն տարբեր է, առաջին եռամսյակի ընթացքում բոլորը կարող են ունենալ նման ախտանիշներ.
- Կրծքերի զգայունություն
- Տրամադրության ծայրահեղ փոփոխություններ
- Սրտխառնոց կամ փսխում (առավոտյան սրտխառնոց)
- Հաճախակի միզարձակում
- Քաշի ավելացում կամ կորուստ
- Ծայրահեղ հոգնածություն
- Գլխացավեր
- Այրոց
- Ոտքերի սպազմ
- Մեջքի ստորին հատվածի և կոնքային ցավեր
- Որոշակի կերակուրների նկատմամբ անհաղթահարելի ցանկություն
- Որոշակի կերակուրների նկատմամբ առաջացած հակակրանք
- Փորկապություն
Ինքնախնամք
Հղիության վաղ ախտանիշները կարող են, մեղմ ասած, տհաճ լինել: Դրանք մեղմելու համար փորձեք հետևել այս խորհուրդներին՝միայն նախապես ձեր բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Սրտխառնոցի կամ փսխման դեմ փորձեք կոճապղպեղ, երիցուկ, B6 վիտամին և / կամ ասեղնաբուժություն:
Ոտքերի սպազմերի դեպքում փորձեք մագնեզիում կամ կալցիում:
Փորկապության դեպքում, եթե ձեր բժշկի առաջարկած սննդակարգային փոփոխությունները չեն օգնում, օգնության կարող են հասնել ցորենի թեփը կամ այլ մանրաթելային հավելումները:
Առողջ սնունդը և կանոնավոր մարզումները կարևոր են հղիության ամբողջ ընթացքում: Շարունակեք ձեր ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեզ նեղություն չի պատճառում: Որքան ավելի ակտիվ լինեք հղիության ընթացքում, այնքան հեշտ կլինի ձեզ հարմարվել ձեր փոփոխվող մարմնին: Ապահովեք ձեր և ձեր երեխայի աճող մարմինները սննդարար կերակուրով: Համոզվեք, որ առողջ սնվելով ստանում եք բավարար էներգիա, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ բանջարեղեն, միս, լոբի, ընդեղեն, պաստերիզացված կաթնամթերք և մրգեր:
Ինչպես է աճում ձեր երեխան
Այս ժամանակահատվածը ամենակարևորն է ձեր երեխայի զարգացման համար: Առաջին եռամսյակի ընթացքում սկսում են ձևավորվել երեխայի ներքին օրգան-համակարգերը և մարմինը: Սկսում են ձևավորվել երեխայի
- Ուղեղը և ողնաշարը
- Ներքին ականջը
- Սրտի հյուսվածքները
- Սեռական օրգանները
- Մատների եղունգները
- Լյարդը
- Կոպերը
- Ենթաստամոքսային գեղձը
- Երիկամները
- Վերջույթների, ձեռքերի, ոտնաթաթերի շարակցական հյուսվածքը
- Բերանի, աչքերի և քթի մկանները
- Ձեռքերի և ոտքերի մատների բաժանումները
- Թոքերը
Պտղի աճը կարող է զգալիորեն տատանվել մի շարք պատճառներից ելնելով, բայց առաջին եռամսյակի ընթացքում ձեր երեխան կաճի մոտ 0,64 սմ-ից առաջին ամսվա վերջին (բրնձի հատիկից փոքր), մինչև 10 սմ 12-րդ շաբաթվա վերջում, իսկ քաշը կլնի մոտ 28 գրամ: [Տվյալները՝ Քլիվլենդի կլինիկայից]։
Ե՞րբ դիմել բժշկի
Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում պետք է առնվազն մեկ հանդիպում ունենաք ձեր բժշկի հետ և որքան հնարավոր է, շուտ:
Ըստ ՀՀ-ի՝ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի՝ յուրաքանչյուր զույգ և յուրաքանչյուր ոք իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Զգոն եղե՛ք
Հղիության ընթացքում անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե զգաք՝
- ուժգին կծկումներ,
- 38 ° C- ից բարձր ջերմություն (100 ° F),
- հոտավետ հեշտոցային արտադրություն,
- ցավոտ միզարձակում,
- հեշտոցային արյունահոսություն,
- ուժգին փսխումներ: