Կրծքով կերակրման դիրքերը
Հետևե՛ք, որ երեխան կուրծքն արդյունավետ ծծի: Կուրծքն առաջարկե՛ք այնպես, որ երեխան այն հնարավորին չափ խորը բռնի, հատկապես ստորին շրթունքի կողմից: Այդ դեպքում երեխայի կզակը հպվում է մոր կրծքին, հարպտկային մուգ շրջանակն ավելի շատ երևում է վերին շրթունքից վերև, քան ստորին շրթունքից ներքև, երեխայի բերանը լայն բացված է, ստորին շուրթը դուրս է շրջված, թշիկները կլոր են և լսվում կամ երևում է, թե ինչպես է երեխան կուլ տալիս: Մայրը ցավ չի զգում, և պտուկները չեն ճաքճքում կամ բորբոքվում:
Եթե կերակրումը շատ երկար է տևում (1-1,5 ժամ), երեխան շատ հաճախ է կերակրում պահանջում, կամ մայրը ցավ է զգում կերակրելիս, ապա հավանաբար երեխան ճիշտ չի մոտեցվում կրծքին: Երեխայի դիրքը շտկելու համար խորհրդակցե՛ք Ձեր մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ բուժքրոջ հետ: Երբ երեխայի կերակրման դիրքը շտկվի, նրա ծծելն ավելի արդյունավետ կդառնա, նա ավելի արագ կավարտի կերակրումը, և պտուկների վնասման հավանականությունը կնվազի:
Դուք երեխային կարող եք կերակրել տարբեր դիրքերով.
-
նստած (դասական դիրք). երեխային պահե՛ք առաջարկվող կրծքի կողմի ձեռքի վրա՝ երեխայի գլուխը՝ նախաբազկին, ճիշտ կրծքի դիմաց,
-
նստած (հակառակ ձեռքի դիրք). պահե՛ք երեխայի մարմինն ամբողջ երկարությամբ այն ձեռքի վրա, որը կերակրող կրծքի հակառակ կողմում է: Այդ ձեռքով կարելի է երեխային մի կրծքից տեղափոխել դեպի մյուսը՝ առանց դիրքը փոխելու, և կարելի է կարգավորել նրա գլխի շարժումները. հարմար է կուրծքը դժվարությամբ վերցնող և անհաս նորածիններին կերակրելու համար,
-
նստած (ֆուտբոլի գնդակի դիրք). երեխային պահե՛ք թևի տակ և ձեռքով պահեք երեխայի ուսերը, գլուխն ու պարանոցը՝ առաջարկելով նույն կողմի կուրծքը. հարմար է կեսարյան հատումից հետո, երկվորյակների համար և խցանված կաթնածորանների դեպքում,
-
պառկած. երեխային պառկեցրե՛ք Ձեր կողքին՝ դեմքով և ողջ մարմնով դարձած դեպի Ձեզ և շատ մոտիկ. այս դիրքը Ձեզ հանգստանալու հնարավորություն կտա:
Երեխայի ճիշտ և սխալ դիրքավորումը
-
Երեխան պետք է ամբողջ մարմնով դարձած լինի դեպի Ձեզ, լավ հպված Ձեր մարմնին, նրա գլուխը և մարմինը պետք է լինեն նույն հարթության/մեկ գծի վրա:
-
Պետք է երեխայի իրանի ամբողջ երկարությամբ հենարան ստեղծել (մինչև հետույք):
-
Երեխայի բերանը պետք է լայն բացված լինի, շրթունքները դեպի դուրս շրջված, ներքևից կարող է երևալ լեզվի ծայրը:
-
Երեխայի կզակը պետք է հպված լինի կրծքին:
-
Արեոլան (հարպտկային մուգ շրջանակը) պետք է ավելի շատ երևա վերին շրթունքից վեր, քան ստորին շրթունքից ցած:
-
Երբեմն կարող է լսվել երեխայի կուլ տալու ռիթմիկ ձայնը:
-
Կերակրման վերջում երեխան պետք է լինի հանգիստ և բավարարված, ինքը թողնի կուրծքը կամ քնի:
-
Պտուկներում ցավի զգացում չպետք է լինի (երբեմն հնարավոր է թեթև ծակոցի զգացում):
-
Կերակրումից հետո կուրծքը պետք է լինի փափուկ, մաշկը առողջ տեսք ունենա:
Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխայի աճի բավարար ցուցանիշները (ըստ պերցենտիլային աղյուսակների ), ինչպես նաև նորմալ արտազատական ֆունկցիաները (միզարձակում և կղազատում) հավաստի նշաններ են, որ երեխան բավականաչափ կաթ է ստանում: