Կրծքով կերակրման 5 ամենատարածված խնդիրներ
Տարածված մոլորության համաձայն՝ կրծքով կերակրումը հեշտ է։ Կրծքով կերակրումը թե՛ մայրերից, թե՛ երեխաներից ժամանակ ու վարժանք է պահանջում։ Շատ մայրեր կրծքով կերակրելիս խնդիրների են բախվում, սակայն ճիշտ օգնությամբ դրանք հնարավոր է հաղթահարել։
Եթե կրծքով կերակրելիս խնդիրներ եք ունենում, ապա դիմեք ձեր մանկաբարձին, կրծքով կերակրման մասնագետին կամ բուժաշխատողին՝ ձեզ օգնելու համար։ Ստորև ներկայացվում են կրծքով կերակրման առավել տարածված խնդիրները, ինչպես նաև մեր խորհուրդները՝ լուծում գտնելու համար։
1. Ինչպե՞ս վստահ լինել, որ երեխաս կուրծքը ճիշտ է բռնում։
Կուրծքը ճիշտ բռնելը չափազանց կարևոր է, քանի որ օգնում է խուսափել ճաքերից և այլ բարդություններից, ինչպես նաև երեխայի համար ապահովում կաթի անհրաժեշտ քանակ ու քաշի աճ։ Որպեսզի վստահ լինեք, որ երեխան կուրծքը ճիշտ է բռնել.
- Երեխայի քիթը մոտեցրեք պտուկին
- Թողեք, որ գլուխը փոքր-ինչ հետ հակվի, որպեսզի ստորին շուրթը դիպչի պտուկին։ Այս կերպ երեխայի բերանը կբացվի։
- Երբ երեխայի բերանն արդեն լայն բացված է, գլուխը հետ և ծնոտն առաջ բերած դիրքով արագ մոտեցրեք կրծքին։ Այս ձևով ձեր երեխան կուրծքը միանգամից բերանը կտանի, այլ ոչ թե միայն պտուկը։
- Կուրծքը պետք է ճիշտ խորությամբ տեղավորված լինի երեխայի բերանում, իսկ պտուկը երեխայի բերանի փափուկ մասում գտնվի։ Դա կօգնի, որ ցավ չզգաք, իսկ երեխան իրեն անհրաժեշտ կաթի չափաքանակն ստանա։
Ճիշտ բռնելու նշաններից են.
- Հարմարավետության զգացում՝ առանց որևէ ցավի
- Արեոլան (հարպտկային շրջանը) ավելի շատ տեսանելի է երեխայի բերանի վերևի, քան ներքևի մասում
- Երեխայի բերանը լայն բացված է
- Ստորին շուրթը հետ է ծալված
- Ծնոտը դիպչում է, կամ գրեթե դիպչում է ձեր կրծքին
2. Ի՞նչ կարող եմ անել, եթե կաթի քանակն անբավարար է։
Եթե ձեր նորածնի քաշը չի ավելանում կամ նա բավարար քանակով չի միզում, ապա դա ոչ բավարար սնվելու նշաններից է: Եթե մտահոգված եք ձեր կաթի քանակով, դիմեք ձեր մանկաբույժին. նա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է կատարվում:
Կաթի սակավության տարածված պատճառները ներառում են.
- Կրծքով կերակրումն ուշ սկսելը
- Մաշկը մաշկին շփման բացակայություն կամ չափազանց քիչ շփում նորածնի հետ
- Կաթի քանակի սակավություն՝ կապված ծննդաբերական բարդությունների, հիվանդության կամ դիաբետի հետ
- Երեխան կուրծքը ճիշտ չի բռնում
- Ֆիքսված ժամերին կերակրում
- Կարճատև կերակրում
- Գիշերային կերակրման բացակայություն
- Ոչ հաճախակի կերակրում
- Անհանգստություն և սթրես
- Վստահության բացակայություն
- Կապվածության պակաս
- Կրծքով կերակրման նկատմամբ ցանկության բացակայություն
- Հոգնածություն
Կաթնարտադրության պակասի կանխարգելման և երեխայի համար անհրաժեշտ քանակի կաթ ապահովելու համար՝
- Ծննդաբերությունից անմիջապես հետո ապահովել մաշկից մաշկ շփումը և կրծքով կերակրումը
- Ծննդաբերությունից հետո դիմել ԿԿ խորհրդատուի կամ մասնագետի, որը կօգնի, որ երեխան կուրծքը լավ բռնի և ճիշտ ծծի
- Առաջին ամիսներին օրական 24 ժամ երեխայի հետ միևնույն սենյակում գտնվել ու քնել
- Երեխային բացառապես կրծքով կերակրեք, բացի այն դեպքերից, երբ կրծքի կաթի փոխարինումը բժշկական տեսանկյունից անհրաժեշտ է և ցուցված մասնագետի կողմից
3. Ի՞նչպես բուժել գերլցված կրծքերը։
Գերլցված կրծքերը կարող են չափազանց ցավոտ լինել: Մինչդեռ լցված կուրծքը կարող է անհարմարություն պատճառել, գերլցված կրծքերը միանգամայն այլ խնդիր են։
Լիքը կուրծք |
Գերլցված կուրծք |
Կրծքերը տաք են, ծանր և կոշտ |
Ցավոտ են, խիստ ուռած և ձիք: Մաշկը փայլուն է և կարմիր |
Կաթի հոսք կա |
Կաթի հոսք չկա |
Ջերմություն չունեք |
24 ժամ շարունակ կարող եք ջերմել |
Գերլցված կրծքերի կանխարգելման հիմնական պատճառները և կանխարգելման եղանակները.
Գերլցվածության պատճառները |
Գերլցվածության կանխարգելման եղանակները |
Կաթի առատություն |
Կուրծքը հաճախակի դատարկել (ձեռքով կամ կթող սարքով կթել) և կրծքով կերակրումը հնարավորինս վաղ սկսել |
Կրծքով կերակրման ուշ սկիզբ |
Կրծքով կերակրումը ծննդաբերությունից հետո հնարավորինս շուտ սկսել |
Երեխան կուրծքը ճիշտ չի բռնում |
Ճիշտ դիրքավորում ապահովել |
Կուրծքը ոչ բավարար է դատարկվում կամ կերակրման տևողության սահմանափակ է |
Ըստ պահանջի անսահմանափակ կրծքով կերակրում |
Գերլցված կրծքերի դեպքում ձեր բժշկին դիմե՛ք։
4. Ինչպե՞ս կարող եմ կրծքով կերակրելու դեպքում խուսափել պտուկների ճաքից:
Ցավոտ կամ ճաքած պտուկները սովորաբար նշան են այն բանի, որ կերակրման ժամանակ ձեր երեխան ճիշտ չի բռնում կուրծքը։ Ընդհատեք կերակրումն ու հավաստիացեք, որ երեխան ճիշտ է բռնում կուրծքը։ Եթե մեկ կամ երկու կրծքերի պտուկները սկսում են ճաքել կամ արնահոսել, հնարավորինս շուտ դիմեք բժշկի՝ օգնություն ստանալու համար։ Երեխային կերակրելուց հետո կրծքի կաթը տարածեք պտուկներին։ Այն օժտված է բուժիչ հատկություններով, որոնք կանխարգելում են ցավը։
5. Ո՞րն է մաստիտի և խցանված կաթնածորանների պատճառը։ Ինչպե՞ս կանխարգելել դրանք։
Կրծքի կաթը ձեր կրծքի կաթնածորաններով հոսում է ցած՝ երեխային հասնելու համար։ Երբեմն այդ ծորանները կարող են խցանվել, որը թույլ չի տալիս, որ կաթն անարգել հոսի։ Խցանված ծորանները կարող են ցավոտ լինել։ Մաստիտը՝ կրծքագեղձի բորբոքումը կարող է տեղի ունենալ, երբ խցանված ծորանը չի մաքրվում կամ երբ կրծքում կուտակված կաթը բորբոքում է առաջացնում։ Եթե խցանված կաթնածորանների ցավ եք զգում, դիմեք կրծքով կերակրման ձեր խորհրդատուին կամ բուժաշխատողին։
Խցանված կաթնածորանների և մաստիտի որոշ պատճառներն են.
- Կարճատև կամ ոչ հաճախակի կրծքով կերակրում
- Կրծքերի ոչ բավարար դատարկում
- Կրծքի վնասված հյուսվածք
- Պտուկի ճաքով ներթափանցած մանրէ
Ցավի մեղմացման և ախտանշանների բուժման համար փորձեք հետևյալը.
- Կաթը լրիվ կթել
- Կուրծքը բռնելու երեխայի ճիշտ դիրք
- Ոչ կիպ կրծկալ և հագուստ կրել
- Ավելի հաճախակի կերակրել
- Նրբորեն մերսել դեպի պտուկ տանող հատվածը
- Ցավոտ մասում տաք թրջոց դնել
- Կերակրման տարբեր դիրքեր փորձել
- Վերոնշյալ մեթոդների համադրում, օրինակ՝ կերակրման ընթացքում տաք թրջոցով մերսում:
Կերակրումը միմյայն մայրիկի գործը չէ: Ցանկացած մտահոգության դեպքում դիմեք ձեր բուժաշխատողին և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք ընտանիքի անդամներից, ընկերներից կամ մտերիմներից: