Կրծքագեղձերի կթում
Կուրծքը կթելը կարող է օգտակար լինել կրծքով կերակրումը հաջողությամբ սկսելու ու շարունակելու հարցում, այդ պատճառով ցանկալի է, որ Դուք իմանաք, թե անհրաժեշտության դեպքում ինչպես կարելի է կթել կրծքի կաթը:
Եթե որևէ պատճառով ստիպված եք ժամանակավորապես դադարեցնել կրծքով կերակրումը, օրինակ՝ ժամանակավորապես հեռու եք երեխայից, կամ երեխան չի կարող կուրծքը ծծել, ապա կաթնարտադրությունը պահպանելու և կրծքերի հետ կապված բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է կրծքերը 3 ժամը մեկ կթել ցերեկը և գոնե մեկ անգամ՝ գիշերը, իսկ հետագայում որքան հնարավոր է շուտ վերսկսել կերակրումները:
Գոյություն ունեն կրծքի կաթը կթելու տարբեր հարմարանքներ, որոնցից առավել հարմարավետ են օրինակ՝ էլեկտրական կթիչները: Սակայն միշտ չէ, որ ձեռքի տակ լինում են էլեկտրական կթիչներ:
Մի քանի խուրհուրդ կուրծքը ձեռքով կթելու համար:
- Կրծքի կաթը կթելու համար նախօրոք պետք է տարան ախտահանել. լվացե՛ք այն օճառով և ջրով, մեջը լցրե՛ք եռման ջուր և թողե՛ք մի քանի րոպե և երբ պետք լինի կթել կաթը, ջուրը թափե՛ք: Լվացված տարրան սրբիչով կամ անձեռոցիկով չորացնել չի կարելի։
- Լավ լվացե՛ք Ձեր ձեռքերը և հարմարավետ տեղավորվե՛ք:
- Բթամատը դրեք հարպտկային շրջանի ՎԵՐԻՆ մասում, իսկ ցուցամատը՝ պտուկի և հարպտկային շրջանի ՍՏՈՐԻՆ մասում՝ բթամատի դիմաց: Մյուս մատները պետք է պահեն կուրծքը:
- Կուրծքը թեթևակի սեղմեք բթամատով և ցուցամատով՝ կրծքավանդակի պատի ուղղությամբ: Չպետք է չափազանց խորը սեղմել, հակառակ դեպքում կաթնածորանները կարող են խցանվել:
- Բթամատով և ցուցամատով սեղմե՛ք կուրծքը պտուկի և հարպտկային շրջանակի մասում: Այնուհետև պարբերաբար սեղմե՛ք և բաց թողե՛ք:
- Նույն ձևով սեղմեք հարպտկային շրջանի կողքի մասերից՝ համոզվելու համար, որ կաթը կթվում է կաթնագեղձի բոլոր մասերից:
- Խուսափեք պտուկները սեղմելուց: Հնարավոր չէ կթել՝ պտուկները սեղմելով կամ ձգելով: Դա նման է նրան, որ երեխան ծծի միայն պտուկը:
Կթված կրծքի կաթը կարող եք պահել մաքուր, փակ ամանում՝ սառնարանում՝ մինչև 2-3 օր, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ մինչև 6-8 ժամ: 37°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում կաթը չի կարելի պահել: