Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով կերակրումն աշխատանքի վերադառնալուց հետո

Աշխատանքի և ընտանիքի համատեղումը հաճախ կարող է դժվար լինել։ Կրծքով կերակրող մայրերի համար ծննդաբերությունից հետո աշխատանքի վերադառնալը կարող է խիստ հոգնեցնող լինել։

Կրծքով կերակրումը երեխաների կյանքի ամենաառողջ մեկնարկն է: Կրծքի կաթը երեխայի առաջին պատվաստանյութն է, որը խթանում է ուղեղի զարգացումը և պաշտպանում կնոջ առողջությունը։ Դա է պատճառը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱԿՀ-ն կառավարություններին ու գործատուներին կոչ են անում ընտանիքների համար բարենպաստ քաղաքականություններ մշակել, որոնք մայրերին կրծքով կերակրման համար անհրաժեշտ ժամանակ, հարմարեցված վայր և աջակցություն կտրամադրեն։

Ստորև ներկայացվում են որոշ գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն նախապես պլանավորել և դյուրացնել աշխատանքի վերադարձի անցումը կրծքով կերակրող մայրիկների համար:

Վաղօրոք պլանավորե՛ք

Ձեր ընտանիքին, ընկերներին և գործընկերներին տեղեկացրեք կրծքով կերակրելու որոշման մասին և կրծքով կերակրման աջակցության խմբեր գտեք։ Նրանք կարող են ձեզ օգնել լուծումներ գտնել և աջակցել ողջ ընթացքում։

Ահա՛ որոշ մեթոդներ, որոնց օգնությամբ կանայք կարող են աշխատելու հետ միաժամանակ շարունակել կրծքով կերակրել երեխաներին։

  • Երեխաներին պահել իրենց հետ և օրվա ընթացքում կերակրել։
  • Եթե աշխատավայրը մոտիկ է, օրվա ընթացքում տուն գնացեք կերակրելու համար կամ թող որևէ մեկը երեխային բերի ձեզ մոտ։
  • Եթե աշխատավայրը հեռու է, ապա օգտվեք ցերեկային խնամքի մոտակա կենտրոնից, որտեղ աշխատանքային օրվա ընթացքում կարող եք գնալ և կերակրել երեխային։
  • Եթե աշխատաժամերի ընթացքում երեխայի կերակրումն անհնարին է, ապա սովորեք կաթ կթել և թողնել այն երեխային խնամողի մոտ, որպեսզի նա կերակրի։

Աջակցություն կրծքով կերակրմանն աշխատավայրում

Պարզեք՝ ձեր գործատուն որևէ աջակցություն տրամադրում է, թե ոչ: Օրինակ՝ աշխատավայրում երեխայի խնամքի համար տարածքի տրամադրում կամ մայրը կարող է իր երեխային աշխատավայր բերել։

Ձեր գործատուն պետք է առնվազն ապահովի մայրության արձակուրդի և աշխատավայրում կրծքով կերակրմանն աջակցության վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների կատարումը։

_______________________________________________________________________________

Ահա, թե ինչ է ամրագրված ՀՀ Աշխատանքային օրենսգրքում.

 

Հոդված 251. Գործատուի սանիտարահիգիենիկ սենյակները

1. Կազմակերպությունում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան` հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:

Հոդված 258. Մայրության պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:

2. Աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:

3. Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը:

4. Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

5. Կրծքով կերակրող կնոջը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդհանուր ընդմիջման ժամերից, նորածնին կերակրելու համար ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ժամը մեկ, տրամադրվում են լրացուցիչ ընդմիջումներ` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Կնոջ ցանկությամբ նորածնին կերակրելու համար ընդմիջումները կարելի է միավորել և միացնել ընդհանուր ընդմիջմանը կամ տեղափոխել աշխատանքային օրվա վերջ` աշխատանքային օրվա տևողությանը համապատասխան կրճատումով: Նորածնին կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վճարվում է միջին աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

Հարցրեք, թե ձեր աշխատավայրում երեխայի կրծքով կերակրման ի՞նչ քաղաքականություն է գործում։ Կա՞ արդոք կրծքով կերակրման համար նախատեսված սենյակ։ Եթե նման սենյակ չկա, խոսեք ձեր անմիջական ղեկավարի կամ Մարդկային ռեսուրսների բաժնի հետ՝ պարզելու, թե ինչ աջակցություն կարող է տրամադրվել, օրինակ՝ առանձին սենյակի հնարավորություն։

Եթե ձեր աշխատավայրում դեռևս կրծքով կերակրման վերաբերյալ քաղաքականություն չկա, ապա կարող եք նրանց տրամադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունները:

Միանգամից հնգօրյա աշխատանքային շաբաթին վերադառնալու փոխարեն փորձեք պարզել, թե կարո՞ք եք արդյոք ճկուն գրաֆիկով աշխատել։ Հնարավորության դեպքում աստիճանական վերադարձը, ժամանակավոր կես դրույքով կամ հեռավար աշխատանքը կարող են օգնել ձեզ հարմարվել կրծքով կերակրման ռեժիմին:

Եթե գիշերային հերթափոխով եք աշխատում, կարող եք ճշտել առավոտյան հերթափոխի անցնելու հնարավորությունը, որ կօգնի գիշերվա ընթացքում կրծքով կերակրել։

Հիշե՛ք, որ ձեր գործատուն պատասխանատու է աշխատավայրում ձեր անվտանգության ապահովման համար, ինչպես նաև պետք է արգելի աշխատավայրում հղիության, կրծքով կերակրման կամ ընտանեկան կարգավիճակի հիմքով խտրականության դրսևորումները։

 

🤱🏽 Ինչպիսի՞ն պետք է լինի կերակրման սենյակը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունները.

Ի՞նչ է կրծքով կերակրման սենյակը

Կրծքով կերակրման սենյակը պետք է լինի մաքուր, հարմարավետ, անվտանգ և առանձնացված տարածք աշխատավայրում, որտեղ մայրերը կարող են կրծքով կերակրել իրենց երեխաներին, կթել կրծքի կաթը և պատշաճ կերպով պահպանել այն:

Ի՞նչ պետք է լինի կրծքով կերակրման սենյակում

Կրծքով կերակրման սենյակը պետք է ունենա հարմարավետ աթոռ, գերադասելի է հատուկ բազկաթոռ՝ կարգավորելի բարձրությամբ և մեջքի լավ հենարանով: Այն պետք է պատրաստված լինի այնպիսի նյութից, որը կարելի է հեշտությամբ լվանալ և ախտահանել:

Կրծքի կաթը պահպանելու համար անհրաժեշտ է ունենալ սառը պահեստավորման համակարգ, օրինակ՝ սառնարան կամ սառցարան՝ նախատեսված միայն այս սենյակում գործածության համար:

Կրծքով կերակրման սենյակը պետք է ունենա նաև ձեռքերը լվանալու հարմարանքներ և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են՝ ջուր, հեղուկ օճառ, ձեռքերը ախտահանող միջոց, մակերեսների մաքրող միջոց և թղթե սրբիչներ:

Գտնվելու վայրը և մատչելիությունը

Կրծքով կերակրման սենյակը պետք է լիովին առանձնացված լինի և գտնվի կամ աշխատավայրում կամ վերջինիս մոտ վայրում: Այն պետք է հեռու լինի զուգարաններից:

Տարածքը պետք է լինի ամբողջությամբ հասանելի աշխատանքային օրվա ընթացքում:

Անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքից ելնելով դռները պետք է բանալիով փակվեն: Ավելին, այն պետք է այնպես նախագծված և կահավորված լինի, որ սենյակում գտնվող մայրերը դրսից տեսանելի չլինեն: Սենյակը պետք է հասանելի լինի միայն կրծքով կերակրող կանանց և մաքրող անձնակազմի համար:

Լուսավորություն, օդափոխություն և հիգիենա

Նախընտրելի է բնական լույսը, բայց եթե դա հնարավոր չէ տարածքի սահմանափակության պատճառով, ապա պետք է ապահովվի համապատասխան արհեստական լուսավորություն, օդափոխություն և ջեռուցում: Համապատասխան ջերմաստիճանը պահպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օդորակիչ:

Մաքրումը պետք է կատարվի առանց հոտի, սննդամթերքի համար անվտանգ նյութերով:

Խորհուրդ է տրվում, որ սենյակի պատերը, հատակը և կահույքն ունենան հարթ մակերեսներ, որպեսզի դրանք հեշտությամբ լվացվեն և ախտահանվեն: Պետք է խուսափել ցանկացած դեկորային իրերից, որոնք հնարավոր չէ լվանալ (գորգեր, վարագույրներ):

Ավելի մանրամասն կարող եք կարդալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հատուկ ուղեցույցում՝ Կրծքով կերակրման աջակցություն աշխատավայրում. ուղեցույց գործատուների համար​​​​​​​

Ստուգացանկ (to-do list)՝ աշխատանքի վերադառնալուց առաջ

Փորձեք պլանավորել ձեր աշխատանքային օրը և ներառել կերակրման ժամերը: Հետևելու համար հիշեցումներ դրեք կամ նշեք ձեր օրացույցում:

Աշխատանքի վերադառնալուց առաջ փորձարկեք ձեր նոր գրաֆիկը։ Դա կօգնի կանխատեսել առաջացող խնդիրները և լուծումներ գտնել։

Վերցրե՛ք ձեզ հետ.

  • Կրծկալի մեջ ներդիրներ կամ կտորներ, որպեսզի կաթը հետքեր չթողնի հագուստի վրա
  • Կաթի պահեստավորման տարաներ
  • Պիտակներ և գրիչ
  • Ջերմամեկուսիչ սառեցնող սարք՝ սառույցով կամ սառը փաթեթներով
  • Կուրծքը կթող սարք և այն մաքրելու նյութեր։

Կրծքի կաթը կարելի է պահել ամուր կափարիչով փակվող մաքուր ապակու կամ կոշտ BPA-ից զերծ պլաստիկ շշերի մեջ։ Պահպանման տարաները պետք է լվալ տաք ջրով և սպասք լվանալու հեղուկով: Կան նաև կրծքի կաթի սառեցման համար նախատեսված տոպրակներ։ Պահպանման տարայի վրա ամսաթիվը և ժամը գրեք այնպիսի գրիչով, որը խոնավ վիճակում, հատկապես կաթի սառեցման պարագայում, չլղոզվի տարայի վրա (օրինակ՝ հատուկ ժապավենի վրա՝ չջնջվող մարկերով):

Կրծքի կթումն ու կաթի պահպանումը աշխատավայրում։

Աշխատավայրում փորձեք կթել կրծքի կաթը երեխային կերակրելու ձեր սովորական հաճախությամբ և ամուր փակվող տարաներում պահել այն։ Չմոռանաք տարաների վրա նշել կթելու օրը և ժամը։

Տարաները սառնարանում կամ ջերմամեկուսիչ պայուսակում պահեք՝ բազմակի օգտագործման սառույցի  փաթեթների մեջ։ Սառնարանում կրծքի կաթը պահեք հետևամասում, որտեղ ջերմաստիճանը մշտապես կայուն է։ Կրծքի կաթը սառնարանի դռան վրա մի՛ տեղադրեք, քանի որ ամեն անգամ դուռը բացելիս ջերմաստիճանը փոքր-ինչ բարձրանում է, բակտերիաների բազմացման  հավանականությունը նույնպես։

Կրծքի կաթի տեղափոխումը և պահեստավորումը տանը

Կթված կրծքի կաթը տուն տանելիս տեղադրեք ջերմամեկուսիչ պայուսակում։ Որպես ընդհանուր սկզբունք, ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում են հետևյալը.

  1. Նոր կթած կաթը, որը պետք է ձեր երեխան օգտագործի 24 ժամվա ընթացքում, ավելի լավ է պահել սառնարանի հետևամասում, որտեղ ջերմաստիճանը հնարավորինս կայուն է մնում:
  2. Այն կաթը, որը 24 ժամվա ընթացքում չպետք է օգտագործվի, սառցարանում ավելի երկար է պահպանվում։ Փոքր քանակությամբ սառեցնելն ավելի պրակտիկ է, քանի որ օգնում է խուսափել կրկնակի սառեցումից/հալեցումից կամ թափելուց։
  3. Սառնարանի բացակայության դեպքում կրծքի կթած կաթը կարելի է մոտ 8 ժամ սենյակային ջերմաստիճանում պահել։

Ցանկացած հարմար պահի կրծքով կերակրեք երեխային։

Աշխատավայրում կրծքի կաթը կթելը և երեխային հնարավորության դեպքում կերակրելը նպաստում է կաթնարտադրությանը։ Եթե կրծքերը կանոնավոր կերպով չեն դատարկվում, դա կարող է հանգեցնել կաթնածորանների խցանմանը, մաստիտի և կաթնարտադրության կրճատմանը։

Աշխատանքի գնալուց առաջ և տուն գնալուց հետո լավագույնը երեխային անմիջապես կերակրելն է։ Ձեր երեխայի խնամողին հանձնարարեք, որ ձեր տուն հասնելուց մեկ ժամ առաջ երեխային կուշտ չկերակրի։ Հակառակ դեպքում երեխան կկշտանա և չի ցանկանա կերակրվել։

Հնարավորության դեպքում բաց մի թողեք գիշերային կերակրումները, քանի որ դա խթանում է կաթնարտադրությունը։

Երեխայի ծնվելուց հետո աշխատանքի վերադառնալն այնքան էլ հեշտ չէ և կարող են լինել պահեր, երբ ամեն ինչ չափազանց ծանր թվա։

Հիշե՛ք, որ այս վիճակը ժամանակավոր է և հարմարվելու համար ժամանակ է անհրաժեշտ։

Եվ վերջապես. կրծքով կերակրումը միմիայն մայրիկի գործը չէ, ուստի մի՛ վարանեք ընտանիքի անդամներից, ընկերներից և գործընկերներից օգնություն խնդրել։

Նույնաբովանդակ այլ նյութեր