Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով կերակրման հիմնական դիրքերը

Թեև երեխաները ծնվում են մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով, շատ մայրեր աջակցության կարիք ունեն՝ երեխային կրծքով կերակրման համար դիրքավորելու, երեխան կրծքին ճիշտ դնելու համար: Կրծքով կերակրումը թե՛ մայրերից, թե երեխաներից ժամանակ ու վարժանք է պահանջում։

Որպեսզի թե՛ դուք, թե՛ երեխան առավելագույնս շահեք կրծքով կերակրումից, ներկայացնում ենք որոշ դիրքեր (գոյություն ունեցող բազմաթիվներից), որոնք կարելի է փորձել։ Հիշեք, որ ամենակարևորն այն է, որ ձեր երեխան լավ սնուցվի: Կարող է մի քանի փորձ պահանջվել՝ նախքան երկուսիդ համար լավագույն տարբերակը գտնելը։

Կրծքով կերակրելու վերաբերյալ հարց կամ մտահոգություն ունենալու դեպքում անպայման խոսեք մանկաբարձի, լակտացիայի գծով մասնագետի կամ այլ բուժաշխատողների հետ։

 

Խորհուրդներ կրծքով կերակրման համար

Կուրծքը լավ բռնելու նշաններ

  • Հարմարավետության զգացում՝ առանց որևէ ցավի
  • Արեոլան (հարպտկային շրջանը) ավելի շատ տեսանելի է երեխայի բերանի վերևի, քան ներքևի մասում
  • Երեխայի բերանը լայնորեն բացված է
  • Ստորին շուրթը հետ է ծալված
  • Ծնոտը հպվում է, կամ գրեթե հպվում է ձեր կրծքին

Լավ դիրքավորման նշաններ

  • Երեխայի գլուխն ու մարմինը մի գծի վրա են։ Եթե երեխայի գլուխը թեքված է կամ ծուռ է դրված, ապա երեխան դժվարությամբ է կուլ տալիս կամ ծծում:
  • Ձեր երեխայի մարմինը մոտ է ձեր մարմնին. երեխան չի կարող լավ հարմարվել կրծքին, եթե մարմնով ձեզ կպած չէ։
  • Ձեր երեխայի ամբողջ մարմինը հենված է ձեր ձեռքին՝ երեխայի մեջքի երկայնքով: Սա կարևոր է հատկապես նորածնային տարիքում և այն երեխաների համար, ովքեր դեռ ինքնուրույն նստել չեն կարող։ Ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում մարմնի միայն վերևի մասը պահելը լիովին բավարար է։
  • Ձեր երեխան կրծքին մոտենում է քթով դեպի պտուկ գնալով, որպեսզի կրծքին պտուկի ներքևի մասից մոտենա։

Արդյունավետ կլման նշանները

  • Երեխան դանդաղ, խորը ծծում է կաթը, երբեմն դադար առնելով։
  • Մեկ կամ երկու անգամ ծծելուց հետո կարող եք տեսնել կամ լսել երեխայի կլման ձայնը։
  • Երեխայի կաթ ուտելու ընթացքը հարմարավետ է և ձեզ ցավ չի պատճառում։
  • Երեխան ավարտում է ուտելը, բաց է թողնում կուրծքը և բավարարված ու հանգիստ տեսք ունի։
  • Կերակրելուց հետո ձեր կուրծքը փափուկ է։

Մաշկը մաշկին շփման առավելությունները

  • Հանգստացնում և թուլացնում է թե՛ ձեզ, թե՛ երեխային։
  • Մաշկը մաշկին շփումը կարգավորում է երեխայի ջերմաստիճանը, սրտի զարկերը և շնչառությունը։
  • Այն խթանում է մարսողությունը և հետաքրքրությունը կերակրման նկատմամբ։
  • Ապահովում է պաշտպանություն վարակներից։

Կրծքով կերակրման դիրքերը

ԿԿ դիրք

1. Օրորելու դիրք

Օրորոցի դիրքն ամենատարածվածն է և օգնում է վայելել կերակրման ընթացքը, ինչպես նաև նպաստում երեխայի և մայրիկի միջև կապվածության ձևավորմանը։

Նստեք հարմար տեղում, օրինակ՝ բազկաթոռին կամ բազմոցին, որպեսզի կարողանաք ձեռքը ճիշտ բարձրության վրա պահել։ Անհրաժեշտության դեպքում բարձերով հարմարեցրեք ձեր ձեռքը։

Փոքրիկին դրեք ձեր գրկում այնպես, որ գլուխը ձեր արմնկին հենվի։

  • Երեխայի կրծքավանդակը պետք է ձերին հպվի, որպեսզի ստիպված չլինեք գլուխը թեքել դեպի կուրծքը։ Անհրաժեշտության դեպքում երեխայի գլխի տակ բարձ դրեք։

ԿԿ դիրք

2. Հակադարձ օրորելու դիրք

Այս դիրքն օգտակար է կրծքով կերակրելու սկզբնական շրջանում. այն քաշով փոքր երեխաների համար լավ տարբերակ է։ Այն երեխայի գլուխը կարգավորելու հնարավորություն է տալիս՝ օգնելով նրան լավ բռնել կուրծքը։ Հակադարձ  օրորելու դիրքն ընդունելու համար երեխայի գլուխը պահեք ձեր ձեռքում, այլ ոչ թե արմնկին:

ԿԿ դիրք

3. Ֆուտբոլի կամ ռեգբիի գնդակի դիրք

Եթե կրծքերը գերլցված են կամ պտուկները ցավում են, ապա կարող եք այս խիստ հարմար դիրքը փորձել։ Ֆուտբոլի կամ ռեգբիի գնդակի դիրքն օգնում է կանխել կաթնածորանների խցանումը՝ երեխային դիրքավորելու այնպես, որ դատարկի նաև կրծքի ներքևի հատվածի կաթնածորանները, որից երկուսդ էլ կշահեք։

  • Կողքի կիսապառկած դիրքով երեխային ֆուտբոլի կամ ռեգբիի գնդակի դիրքով պահեք ձեր նախաբազուկին՝ երեխայի մարմինը ձեր բազուկին ևւ դեմքով դեպի կուրծքը։
  • Երեխայի ոտքերը ձեր բազկի տակ պահեք։
  • Մյուս ձեռքով պահեք ձեր կուրծքը։

Ֆուտբոլի կամ ռեգբիի գնդակի դիրքն օգտակար է հատկապես կեսարյան հատումից հետո և եթե երեխային կերակրման ժամանակ չեք կարողանում տեղադրել ձեր ստամոքսին։

ԿԿ դիրք

4. Կողքի պառկած դիրք

Եթե ձեզ և երեխային պառկած դիրքն ավելի հարմար է, ապա կարող եք այս դիրքը փորձել։

  • Պառկեք կողքի վրա և երեխային տեղադրեք կողքի՝ դեմքով դեպի ձեզ, գլուխը կրծքին։
  • Ձեր մեջքի հետևում բարձեր դրեք հենվելու համար և համոզվեք, որ երեխայի քիթը խցանված չէ։

ԿԿ դիրք

5. Հետ թեքված դիրք

Եթե ձեր փոքրիկը դժվարանում է կուրծք բռնել կամ անհանգիստ է և լալիս է, ապա կարող եք այս հանգստացնող դիրքը փորձել։ Իրականում, այս դիրքը երբեմն կոչվում է «կենսաբանական սնուցում»:

Բարձերով հարմարեցրեք ձեր դիրքը և բավականաչափ հետ թեքվեք, որպեսզի երեխան լիարժեք հարմարեցվի ձեր հետ թեքված, բայց ոչ լրիվ հորիզոնական պառկած մարմնին։

Երեխային պառկեցրեք ձեր կրծքավանդակին։ Մաշկը մաշկին շփում ապահովելու համար մերկ մանկիկին պառկեցրեք ձեր մերկ կրծքավանդակին և հաճույք ստացեք ձեր փոքրիկի հետ մտերմիկ շփման այս պահերից։

Վայելե՛ք ձեր երեխային կերակրելու և փոխադարձ կապի ձևավորման այս հատուկ պահերը։ Եվ հիշե՛ք, որ կրծքով կերակրման հմտության զարգացումը ժամանակ է պահանջում։ Համբերատար եղեք ինքներդ ձեզ հանդեպ և անհրաժեշտության դեպքում դիմեք բուժաշխատողի օգնությանը։

Նույնաբովանդակ այլ նյութեր