Skip to main content
Հետադարձ կապ

Հեռավար կրթություն. Ինչպես պաշտպանել տեսողությունը

Առցանց կրթությունը՝ որպես Քովիդ-19-ի հետևանք, ստեղծեց նոր իրականություն, որտեղ երեխաներն «օրինականացրել» են համակարգիչների, բջջային հեռախոսների, պլանշետների չարաշահումը։ Բացառել կամ արգելել, սկզբունքորեն, անհնար է, վնասները նվազագույնի հասցնել՝ միանգամայն հնարավոր։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձել է ստանալ խնդրին առընչվող հարցերի պատասխանները:

Ի՞նչ վտանգներ կարող են լինել գաջեթի առաջ երկար մնալուց, ինչպե՞ս կանխել էկրանային ժամանակի ավելացման վնասները, ինչպե՞ս վերականգնել հնարավոր բացասական հետևանքները: Աչքի կառուցվածքի, տեսողության վրա իրական ազդեցություն ունեցող գործոնների մասին մասնագիտական գիտելիք չունենալու դեպքում, անգամ, ենթագիտակցորեն զգում ու հասկանում ենք, որ տեսողության ծանրաբեռնումը ոչ մի լավ բան չի խոստանում մեր երեխաներին։ Քովիդ-19 համավարակի պայմաններում հեռավար կրթություն անցած դպրոցականների տեսողության հնարավոր վտանգների և դրանց կանխարգելման մասին ծնողներին մտահոգող հարցերը ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուղղել է մասնագետին՝ Ուիգմոր կլինիկայի մանկական ակնաբույժ Լիլիթ Մկրտչյանին /Լ.Մ./:

 

- Արդյո՞ք էկրանային ժամանակի ավելացումը սպառնում է երեխաների տեսողությանը։

ԼՄ - Այո, դա իրական սպառնալիք է։ Դպրոցահասակ երեխաներին թույլատրվում է օրական մինչև երկու ժամ անցկացնել էկրանների առջև, մինչդեռ առցանց ուսուցման պարագայում երեխաները մոտավորապես 3 անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում գաջեթների առջև։ Գլխավոր սպառնալիքը կարճատեսության առաջացումն է, ինչպես նաև՝ արդեն իսկ առկա կարճատեսության վատթարացումը։ Ի դեպ, արդեն կարող ենք փաստել, որ կարճատեսության դեպքերի թիվն աճում է։

 

- Հաշվի առնելով, որ համավարակի պայմաններում երեխան նաև պարտադրված է էկրանի առաջ լինել, ինչպե՞ս կարող ենք կանխարգելել հավանական խնդիրները։

ԼՄ -Կարևոր մի քանի կետի մասին է պետք հիշել։

 

ԷԿՐԱՆԻ ՉԱՓԸ

Ապացուցված է՝ ինչքան փոքր է էկրանն, այնքան շատ է լարվում տեսողությունը։ Առցանց ուսուցման գործընթացից պետք է բացառել բջջային հեռախոսների կիրառումը։ 19-27 դյույմ անկյունագծով էկրանը ճիշտ դիրքով կիրառելու պարագայում զերծ կպահի երեխայի աչքերը ավելորդ լարվածությունից։ Եթե տանը դպրոցահասակ մի քանի երեխա կա, իսկ համակարգիչը մեկն է, ապա հարկավոր է բջջայիններից և համակարգչից օգտվելու հերթ սահմանել, որպեսզի բոլոր երեխաներն էլ օրվա մեջ որոշակի ժամանակահատվածով կտրվեն բջջայինի էկրանից ու աշխատեն համակարգչով։

 

ԴԻՐՔ

Երեխաները բջջային հեռախոսով կամ պլանշետով աշխատելիս, ակամա չափազանց մոտ են պահում էկրանն աչքերին ու ազատ են ամեն վայրկյան փոփոխելու դիտանկյունը՝ պառկում են, կանգնում, քայլում են, հենվում… Սեղանին դրած համակարգչի կամ մոնիտորի դեպքում երեխան ստիպված է նստել որոշակիորեն անշարժացած։ Աչքերի և էկրանի միջև նախընտրելի հեռավորությունը 50-70 սմ-ն է։ Երեխայի աչքերը և էկրանի ամենաբարձր կետը պետք է նույն մակարդակում լինեն։շ

ԱԿՆՈՑ-ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԿՆՈՑ

Եթե երեխան այս կամ այն պատճառով արդեն իսկ կրում է ակնոց, ապա համակարգչով աշխատելիս էլ պետք է շարունակի կրել։ Կարծիք կա, թե պաշտպանիչ ակնոցով կարելի է ժամեր շարունակ չկտրվել էկրանից դա սխալ է։ Այդպիսի ակնոցը պաշտպանում է աչքերն էկրանի կապույտ լույսից, բայց որևէ կերպ չի նվազեցնում աչքերի լարվածությունը։

Ըստ էության, գոյություն չունեն տեսողական այնպիսի խնդիրներ, որոնց դեպքում երեխային առհասարակ կարգելվի ուսուցման առցանց տարբերակը, բայց եթե երեխան ունի որոշակի խնդիրներ՝ ակնաբույժի հավելյալ խորհրդակցությունը չի խանգարի։

 

ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ

Ոսկե կանոն է՝ 20 րոպե էկրանային ժամանակից հետո երեխան պետք է 20 վայրկյան նայի դեպի հեռու նախընտրելի է նայել լուսամուտից դուրս կամ ընտրել որևէ կետ սենյակի կամ տան խորքում և 20 վայրկյան նայել դրան։ Այս կանոնի իրագործմանը կարող են հետևել ուսուցիչները՝ քսան րոպեն մեկ քսան վայրկյան տևողությամբ այդպիսի ընդմիջում հայտարարելով։ Ի դեպ, ուսուցիչներին դա նույնպես խիստ անհրաժեշտ է։

Ընդմիջման տեսակ է նաև ֆիլմի կամ մուլտֆիլմի դիտումը, բայց դա չի կարելի անել դասից անմիջապես հետո, այլապես կստացվի, որ մեկ էկրանը փոխարինվում է մեկ ուրիշով։ Դասաժամերի և տնային առաջադրանքների միջակայքում պետք է գոնե մեկ ժամանոց ընդմիջում լինի, որի ընթացքում երեխան կարող է հաց ուտել, խաղալ, զբոսնել, հեծանիվ քշել, բայց ոչ մի դեպքում չանցնել մի էկրանից մյուսը։

 

- Հաճախ ենք լսում աչքերի համար նախատեսված վարժությունների մասին, նույնիսկ հատուկ հավելվածներ գոյություն ունեն։ Դրանք իսկապե՞ս օգնում են։

ԼՄ - Իհարկե, օգնում են։ Կառաջարկեմ հինգ վարժություն, որոնք կարելի է կիրառել 2-3 ժամ ձգված տեսողական ինտենսիվ աշխատանքից հետո։

  1. «Թիթեռնիկ» - Խնդրեք երեխային արագ-արագ թարթել։ Ապացուցված է՝ մոնիտորի առջև մեր աչքերը ծուլանում են թարթել, իսկ դա վնասում է տեսողությունը։
  2. «Ճոճանակ» - Երեխային առաջարկեք գլուխն ուղիղ պահել ու նայել իր դիմաց։ Առանց գլուխը շարժելու նախ պետք է նայի դեպի աջ, ապա դանդաղ տեղափոխի հայացքը դեպի ձախ։ Ուշադրություն՝ ակնագնդերը չպետք է ցավեն այս վարժության ընթացքում։

3. «Մատիտ» - Մատիտ տվեք երեխային ու խնդրեք, որ ձեռքը ձգի առաջ (մատիտը՝ ուղղահայաց դիրքում): Առաջադրանքը շատ պարզ է՝ ձեռքը դանդաղ տանել մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ՝ անդադար նայելով մատիտի ծայրին (գլուխը պետք է մնա անշարժ)։

4. «Հիասքանչ հեռուն» - Երեխային կանգնեցրեք պատուհանի մոտ ու խնդրեք նախ մի քանի վայրկյան նայել տեսադաշտում առկա ամենահեռավոր կետին, իսկ հետո՝ քթի ծայրին։ Սա հիանալի վարժանք է աչքերի մկանների համար։ Վարժությունը կրկնել մի քանի անգամ։

5. «Մերսում» - Առաջարկեք երեխային փակել աչքերն ու ցուցամատերով զգույշ մերսել կոպերը: 30 վայրկյանը բավական է։

 

- Տարիքային (6-18տարեկան) առանձնահատկությունները որևէ կերպ անդրադառնո՞ւմ են տեսողության վրա։

ԼՄ - Տարիքային տարբերությունները շատ էական չեն, բայց կան։ Համեմատաբար խոցելի դիրքում են դեռահասները, քանի որ ավելի շատ ունեն շփման ու ժամանցը կազմակերպելու կարիք, հետևաբար ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում և ժամանցային կայքերում։ Գումարում ենք առցանց ուսուցումն ու հասկանում, որ դեռահասներն ավելի շատ են չարաշահում էկրանային ժամանակը։ Ծնողները պետք է ավելի զգոն լինեն ու հստակ սահմանափակումներ դնեն նրանց առջև։ Ի դեպ, գործուն տարբերակ է թայմերի կիրառումը՝ ժամանակը լրացավ, էկրանն անջատե՛լ։

- Շատ ծնողներ վստահ են, որ չի կարելի օգտվել գաջեթներից մութ սենյակում։ Այդ համոզմունքն ունի՞ հիմքեր։

ԼՄ - Գրեթե չկա տարբերություն՝ լուսավոր սենյակում է երեխան, օրիանակ, ֆիլմ դիտում, թե՝ մութ։ Ավելի կարևոր է այն, որ քնելուց առնվազն 2 ժամ առաջ երեխան չպետք է էկրանի առջև ժամանակ անցկացնի։ Ֆիլմերն ու խաղերը ենթադրում են ինֆորմացիայի առատ հոսք, որը միանշանակ խանգարելու է երեխային հանգիստ քնել։ Մութ սենյակում գաջեթի կիրառումը նաև ենթադրում է, որ երեխան պետք է պառկած լինի, իսկ մենք արդեն գիտենք, թե ինչ դիրքում պետք է լինեն էկրանն ու աչքերը պառկած վիճակում դա գրեթե անհնար է։

- Էկրանի առաջ շատ ժամանակ անցկացնելու պատճառով պե՞տք է կրճատել ընթերցանությանը տրամադրվող ժամանակը։

ԼՄ - Էկրանային ժամանակի աճը ընթերցանության հակացուցում չէ, եթե պահպանում ենք ընթերցանության տարրական կանոնները։ Դրանք են՝ կարդալ ընդմիջումներով (կես ժամ կարդալ, 10 րոպե ընդմիջում անել), կարդալ ցերեկային լույսի ժամերին, նստել այնպես, որ լույսն ընկնի գրքի վրա երեխայի ձախ կողմից, գիրքը պահել աչքերից 30-35 սմ հեռու, չկարդալ պառկած։


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: