Հեռավար ուսուցում, նստակյացություն. սննդային փոփոխություններ՝ երեխայի առողջության համար
Նախաքովիդյան իրականություն՝ երեխան արթնանում է դպրոց գնալուց մոտ մեկ ժամ առաջ, լվացվում, հագնվում, նախաճաշում և դուրս գալիս տնից։ Քովիդյան իրականություն՝ ոչինչ չի խանգարում երեխային արթնանալ առցանց դասից րոպեներ առաջ ու մեծ հաջողությամբ ՄՈՌԱՆԱԼ լվացվելու և նախաճաշելու մասին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացնում է մասնագետի խորհուրդները, որոնք կօգնեն կարգավորել երեխայի սնվելու ռեժիմը:
Քովիդ-19-ի կանխարգելման նպատակով հեռավար կրթության ռեժիմը փոփոխությունների է ենթարկել նաև սովորողների սնվելու ռեժիմը: Համակարգչի առաջ՝ դասին ռուգահեռ, սնվելու ձևից մինչև սեղանի ափսեի պարունակություն՝ միրգ, կոնֆետ, անուշեղեն. Օգուտներ թե՞ վնասներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգիչ հարցերի պատասխանների համար դիմել է Ուիգմոր կլինիկայի բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանին /Լ.Ա./:
Ինչու՞ է պարտադիր նախաճաշը:
Լ․Ա․ - Ապացուցված է՝ այն երեխաները, որոնք նախաճաշում են, ունեն ավելի բարձր առաջադիմություն, քան այն երեխաները, որոնք բաց են թողնում նախաճաշը։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է «պահանջում» ուսումնական գործընթացը՝ ճիշտ կողմնորոշվել տարածության մեջ, լսել, կարդալ, հասկանալ, մտապահել, վերարտադրել… Նշածս բոլոր կետերը չեն գործում այնպես, ինչպես հարկն է, եթե երեխան չի ունեցել բարդ ածխաջրերով և սպիտակուցով հագեցած նախաճաշ (միրգն ու բանջարեղենը նույնպես պարտադիր են, բայց դրանք կարելի է թողնել որպես միջուտեստ):
Ածխաջուրը մեր օրգանիզմի «վառելիքն» է՝ էներգիայի աղբյուրը։ Եթե երեխան նախաճաշին չի ստացել բավարար քանակությամբ բարդ ածխաջրեր, որտեղի՞ց նրան էներգիա ուսումնական պրոցեսներին ակտիվ մասնակցելու համար։ Իմ դիտարկումների համաձայն հայ երեխաների գերակշիռ մասը (քովիդից և՛ առաջ, և՛ հետո) կա՛մ բաց են թողնում նախաճաշը, կա՛մ թերի են նախաճաշում։
- Ո՞րն է համարվում թերի նախաճաշ…
Լ․Ա․ - Հաստատ նկատեցիք, որ ես երկու անգամ շեշտեցի բարդ ածխաջրերի մասին։ Գոյություն ունեն նաև պարզ ածխաջրեր, այլ կերպ կարող ենք ասել՝ փուչիկ, դատարկ ածխաջուր, որի հիմնական աղբյուրը շաքարն է։ Ասելով թերի նախաճաշել ես նկատի ունեմ այն երեխաներին, որոնք ամեն առավոտ խմում են քաղցր թեյ, ուտում են թխվածք, վաֆլի-պեչենիներ կամ շոկոլադ ու գնում են դպրոց։ Հենց դրա համար էլ ածխաջրի այս տեսակը կոչվում է պարզ, որովհետև սպառվում է արագ, ինչի արդյունքում երեխան շատ արագ ստանում է էներգիա, իրեն ակտիվ է զգում, բայց այդ «էֆեկտը» տևում է առավելագույնը մինչև առաջին դասաժամի ավարտը։ Դրանից հետո տեղի է ունենում էներգիայի կտրուկ անկում։ Բացի այդ, պարզ ածխաջուրը, որը նույն շաքարն է՝ զուրկ է որևէ օգտակարությունից, ճիշտ հակառակը՝ միայն վնասում է առողջությանը՝ հող նախապատրաստելով ավելորդ քաշի, ճարպակալման, ատամների կարիեսի և շատ ու շատ այլ խնդիրների համար։
- Քաղցր թեյ և թխվածք = թերի նախաճաշ
- Շիլա, միրգ և կաթ = լիարժեք նախաճաշ
- Որոնք են ու ինչպես են գործում բարդ ածխաջրերը։
Լ․Ա․ - Բարդ ածխաջրերի աղբյուր են հացահատիկները՝ ցորենը, գարին, հաճարը, սպիտակաձավարը, հնդկաձավարը, բրինձը, վարսակը և այլն։ Դրանք օրգանիզմին մատակարարում են սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ, ածխաջրեր, բջջանյութ, ինչպես նաև կալցիումի, կալիումի, մագնիումի, երկաթի, ցինկի աղեր, սպառվում են դանդաղ՝ շարունակաբար գլյուկոզա հասցնելով երեխայի գլխուղեղ։
- Առցանց դասերը և դրանց հաջորդող տնային աշխատանքները (հատկապես, եթե դեռահասները մնում են տանը մենակ) ենթադրում է արագ և չբալանսավորված սննդի չարաշահում։ Ինչպե՞ս պայքարել։
Լ․Ա․ - Եթե անկեղծ, մինչև այս հարցը ստանալը հակված էի մտածել, որ առցանց ուսուցումն ավելի լավ է թեկուզ միայն այն բանի համար, որ անորակ խաչապուրիների ու երշիկով բուտերբրոդների փոխարեն երեխաները ցերեկը կսնվեն տանը, բայց հիմա հասկանում եմ, որ շատերն իսկապես կօգտվեն առիթից՝ կսնվեն համակարգչից պոկ չգալով, «կզբաղեցնեն» իրենք իրենց ձեռքի տակ ընկած կոնֆետներով ու թխվածքաբլիթներով, ինչն ուղղակի սարսափելի է։ Ծնողներն այստեղ շատ անելիքներ ունեն։ Համավարակի սկզբում բոլորս էլ համոզված էինք, թե այս իրադրությունը երկար չի տևի, բայց հիմա հասկանում ենք, որ պարբերաբար հնարավոր է բախվենք այս իրականությանը, հետևաբար լավ կլինի նաև նոր սովորույթներ մշակել։ Առաջարկում եմ խմբավորել դրանք․
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՈՒՏԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԴԻՄԱՑ
Ուտելու գործընթացին ակտիվ մասնակցում է նաև ուղեղը։ Համակարգչի դիմաց, դասի ժամին ուտելու ընթացքում ուղեղը զբաղված է այլ բանով, ինչի պատճառով էլ երեխան ուտում է, բայց «չի հասկանում», որ կերավ։ Արդյունքում սովածության զգացողությունն ավելի շուտ է վրա հասնում։ Եթե երեխան շարունակաբար սնվի այդկերպ, ապա մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում գործ կունենանք սննդային վարքի խանգարման հետ, ինչպիսին են անորեքսիան և բուլեմիան։ Ի հակադրություն վերը բերվածի, ճաշի նստելիս ուղեղն ակտիվ միանում է այդ գործընթացին՝ նախապատրաստվում է։ Երեխաներին պետք է ներգրավել սեղան գցելու գործում՝ սպասքը դասավորել, հացը բերել և այլն։ Այսկերպ երեխան մտնում է պրոցեսի մեջ, կենտրոնանում ուտելու վրա և թույլ է տալիս ուղեղին «հասկանալ»՝ ինչ կերավ, ինչքան կերավ։
- Մտապահե՛ք և բացառե՛ք այս տեսարանը․ երեխան պետք է սնվի սեղանի մոտ։ Ցանկալի է ներգրավել երեխային սեղան գցելու գործընթացին։
ՀԻՇԵԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դպրոցում՝ դասամիջոցների ժամանակ, երեխաները վազվզում էին, դասարանից դասարան գնում, վերջապես ֆիզկուլտուրայի դասին էին մասնակցում։ Պատկերը շեշտակի փոխվել է՝ շատ երեխաներ՝ հաշվի առնելով, որ խմբակների զգալի մասը փակ է, օրերով տանից դուրս չեն գալիս։ Առջևում երկար ու ձիգ ձմեռն է, այսինքն՝ բակային խաղեր էլ չկան։ Այո, տխուր հեռանկար է բացվում, որի դեմ պետք է ու կարելի է պայքարել։ ՍԱՀՄԱՆԵՔ ՆՈՐ ՌԵԺԻՄ ձեր երեխաների համար, որի անխախտ կետերից մեկն էլ կլինի օրական երկու անգամ ֆիզիկական ակտիվություն ենթադրող գործողություններ կատարելը։ Օրինակ՝ դասերից հետո (նախքան տնային աշխատանքներին անցնելը) ակտիվ խաղեր կազմակերպեք տան պայմաններում, մարզվեք, պարեք, երեխային ուղարկեք կամ միասին գնացեք վազելու, հեծանիվ քշելու և այլն։ Երեկոյան կարելի է դուրս գալ քայլելու։ Զարկ տվեք երևակայությանը, հիշեք՝ ինչ է սիրում ձեր երեխան, բայց ի սեր Աստծո, թույլ մի տվեք էկրանից էկրան կամ բազմոցից բազմոց անցնել 24/7 ծավալով։ Ֆիզիկական ակտիվությունը, օրինակ՝ պարը, սպորտը, ակտիվ խաղերը նպաստում են արյան շրջանառությանը՝ մեծացնելով ուղեղին հասնող թթվածնի ծավալը, ինչն էլ դրական է ազդում երեխայի մտավոր զարգացման և առաջադիմության վրա։
ՉԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՄԻՋՈւՏԵՍՏԸ
Համակարգչի դիմաց պասիվ նստելու արդյունքում ձեռքերն ակամա ձգվում են դեպի ուտելիքը։ Իսկ ինչ է սովորաբար դրված լինում հյուրասենյակի կամ խոհանոցի սեղանին՝ քաղցրավենիք կամ մանր-մունր աղի, կծու, թթու «ուտելիք»: Հարկավոր է ընդունել, որ մարդու սննդային սովորույթների վրա մեծապես ազդում են աչքերը։ Եթե երեխայի աչքի դիմաց կամ նրան հասանելի տեղերում միշտ դրված են վնասակար ուտեստներ, նա ակամա ձգվելու է դրանց։ Ժամանակն է վնասկար սովորությունը փոխարինել օգտակարով։ Առաջարկում եմ փոքրիկ էքսպերիմենտ անել՝ երեխայի տեսադաշտում թողեք կտրատած միրգ-բանջարեղեն ու ես երաշխավորում եմ՝ ժամեր անց կնկատեք, որ ափսեի պարունակությունը նվազել է կամ սպառվել։ Իսկ եթե առհասարակ հրաժարվեք ամեն տեսակի «անպիտան» սնունդ տուն բերելուց՝ շատ ավելի լավ կլինի։
Չենք մոռանում, որ երեխաներին օրական անհրաժեշտ է հինգ բաժին միրգ-բանջարեղեն։ Վնասակար միջուտեստները միրգ-բանջարեղենով փոխարինելով կլուծեք նաև այս հարցը։
- Երեխայի տեսադաշտից վերացրե՛ք քաղցր, աղի թխվածքաբլիթները, կոնֆետներն ու շոկոլադը։
- Կտրատած միրգն ու բանջերեղենը կդառնան նույնչափ հաճելի, երբ երեխայի աչքը սովորի դրանց։
- Նկատի ունենալով, որ երեխաների ֆիզիկական ակտիվությունը նվազել է դպրոց չգնալու պատճառով, կարո՞ղ ենք ենթադրել, որ պետք է կրճատել երեխայի սննդի ծավալը։
Լ. Ա․ - Միջինում, դպրոցահասակ երեխան օրական ծախսում է 500-700 կիլո կալորիա միայն առօրյա ակտիվության վրա՝ քայլել, վազել, նստել, կանգնել և այլն։ Առցանց ուսուցման պայմաններում այդ ակտիվությունը նվազել է գրեթե երկու անգամ։ Սա նշանակում է, որ երեխայի ակտիվության նվազմանը զուգահեռ պետք է նվազեցնել նաև նրա ընդունած/սննդի միջոցով/ կալորիաների քանակը:
- Կա՞ն սննդատեսակներ, որոնց պետք է նախապատվություն տալ՝ նկատի ունենալով ողնաշարի և տեսողության վրա հեռավար ուսուցմամբ պայմանավորված ծանրաբեռնվածության փոփոխությունները։
Լ․Ա․ - Տեսողության և հենաշարժիչ համակարգի համար կարևոր է առողջ սննդակարգը՝ սնունդը պետք է լինի բազմազան։ Ժամանակ առ ժամանակ կերած մեկ բուրգերը կամ ֆրին, ինքնին չեն կարող ճակատագրական վնաս հասցնել երեխայի օրգանիզմին, բայց եթե երեխայի սննդակարգը մեծապես կազմում են տապակած, արագ պատրաստվող, չափից շատ համեմված (իսկ արագ սնունդն այլ կերպ չի լինում) ուտեստները, ապա վաղ թե ուշ երեխայի մոտ կարող է լինել ճարպակալում, և, միաժամանակ, երեխայի օրգանիզմը կունենա օգտակար սննդի պակաս: Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ այո, երեխան ուտում է, այո, երեխան սոված չէ, բայց նրա օրգանիզմը քաղցած է մնում, քանի որ չի ստանում ոչ մի օգտակար նյութ։ Այդպիսի ուտելիքի սննդարարությունը ԶՐՈ է։ Հիմա ասեք՝ ի՞նչ տարբերություն կա այդ երեխայի և աղքատ երկրներից որևէ մեկի բնակիչ երեխայի միջև, որն օրական մեկ անգամ է սնվում, այն էլ փշրանքներով։ Առաջինը՝ ճարպակալած «սոված» է, իսկ երկրորդն՝ ուղղակի սոված։
Հենաշարժիչ համակարգի կայուն զարգացման համար խիստ անհրաժեշտ է կաթնամթերքը։ Դպորցական երեխան օրական պետք է ստանա երեք բաժին կաթնամթերք, որպես կալցիումի և ֆոսֆորի աղբյուր։ Օրինակ՝ առավոտյան 50գր․ կաթնաշոռ, ցերեկը՝ 30գր․ պանիր, երեկոյան՝ 150գր․ մածուն։ Եթե հետևել այս պարզագույն կանոնին՝ երեխան պարզապես չի իմանա, թե ինչ բան է կալցիումի դեֆիցիտը կամ վիտամին D-ի ներծծման խանգարումը։
Մանկական տարիքում ձևավորված առողջ սննդային սովորույթները հասուն տարիքում կարող են կանխել բազմաթիվ հիվանդություններ, պարարտ հող հանդիսանալ մարդու ֆիզիկական և մտավոր առաջընթացի համար:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: