Skip to main content
Հետադարձ կապ

«Հայկական հոգատարություն» և կրծքով կերակրում | Ուղիղ եթեր

Աշխարհն ապրում է նոր իրականությունում, ուր գործում են «խաղի» նոր կանոններ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական հարթակներում ուղիղ միացումների միջոցով մենք փորձում են տարբեր մասնագետների հետ օգնել արագ և հեշտ հաղթահարել նոր իրավիճակում հնարավոր ֆիզիկական և հոգեբանական խնդիրները, թույլ չտալ, որ դրանք խաթարեն ձեր բնականոն կյանքը:

Հերթական թեման՝ կրծքով կերակրում: Ներկայացնում ենք մասնագետի մի քանի դիտարկում, որոնց բախվում են ԿԿ մայրիկները.

ԿԿ և հետծննդաբերական դեպրեսիա

Հղիության ինն ամիսներից և ծննդաբերությունից հետո, կրծքով կերակրումը՝ հատկապես առաջնածին մոր համար մի նոր մարտահրավեր է։ Գիտենք նաև, որ յուրաքանչյուր կնոջ դեպքում չէ, որ այդ գործընթացը սկսում և ընթանում է սահուն, առանց որևէ բարդության: Շատ կանայք ունենում են նաև հետծննդաբերական դեպրեսիա, որի պատճառների շարքում առաջնային են միջավայրային գործոնները՝ ինչպիսի միջավայրում է ապրում մայրը, ինչպես են նրան վերաբերվում, արդյո՞ք ինքն իրեն սիրված և հարգված է զգում և այլն: Այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ մայրն ունի աջակցության կարիք։ Հենց այստեղ է անհրաժեշտ ամուսնու, ընտանիքի անդամների գրագետ ու չպարտադրված հոգատարությունը, որպեսզի նոր ծննդաբերած կինը կարողանա արագ հաղթահարել վախերն ու կպչուն մտքերը:  

«Հայկական» հոգատարություն

Ուզում եմ մեր հասարակությանը շատ բնորոշ մի քանի օրինակ բերել։ Երբեմն, մայրիկին շատ սիրելու արդյունքում, նրա մասին հոգ տանելու ցանկությամբ, երբեմն նրան չվստահելու արդյունքում, անփորձ մայրիկին շրջապատող ավագ սերնդի կանայք կարող են հաճախակի վերցնել երեխային մոր գրկից։ Թվում է, թե պարզ ու անմեղ մի բան է, բայց եթե այդ գործողությունը վերածվում է սովորության, ակամա խանգարում է մոր և երեխայի միջև հուզական կապի ձևավորմանը։ Իսկ այդ կապը՝ մարմինների և հոգիների միջև այդ երկխոսությունը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մայրն ու երեխան սկսեն հասկանալ իրար, «համագործակցեն»։

Երբ բոլորն ուսուցիչ են...

Անփորձ մայրիկներին խանգարող մեկ այլ դրսևորում է անհարկի խորհուրդը։ Անկախ մոր տեղեկացվածության աստիճանից, ծննդաբերությունից հետո շատ կանայք համակվում են տագնապայնությամբ, ինչը բացատրվում է պատասխանատվության բարձր գիտակցումով։ Հատկապես առաջնածին մայրերը և նրանք, որոնց երեխաների աճն ու զարգացումը հապաղում են կամ երեխան ծնվել է ժամանակից շուտ․․․ Այս մայրերն ունեն հազար ու մի վախեր, անհանգստություններ և շատ ավելի հեշտ են ենթարկվում տարատեսակ ազդեցությունների։ Նրանք կարող են լսել ու հետևել խորհուրդների, որոնք ոչ միշտ են ճիշտ: Մի բան, ինչը չի կարելի ասել երկրորդ, երրորդ երեխան ունեցող մայրերի մասին նրանք ավելի ինքնավստահ են և ունակ են զատել՝ որ խորհրդին ականջ դնել, իսկ որն՝ անտեսել։

Քովիդ-19. Նոր իրականություն

Վերը թվարկված բոլոր՝ թվում է, թե օրինաչափ հանգամանքներին այսօր գումարվել է Քովիդ-19-ը՝ անհանգստության, վախերի ու կասկածների մի նոր պատճառ։

Շատ մայրեր այսօր տարակուսում են՝ արդյո՞ք կարելի է կերակրել երեխային, եթե դառնան Քովիդ-19 վարակակիր։ Այս դեպքում էլ պետք է անտեսել մտացածին կարծիքներն ու խորհուրդները և հետևել միայն մասնագետների ցուցումներին։ Մեր երկիրն էլ այս հարցում առաջնորդվում է ԱՀԿ մոտեցումներով, այն է՝ շարունակել կրծքով կերակրումը Քովիդ-19 վարակակիր լինելու դեպքում, քանի որ կրծքով կերակրման դադարեցման վտանգներն ավելի շատ են ու ծանր, քան Քովիդ-19-ով պայմանավորված հավանական վտանգները։

Իհարկե, կան տագնապային մարդիկ, բայց պետք է հասկանալ մի բան՝ մենք գիտենք, թե ինչ է պետք անել վարակից խուսափելու համար. հաճախակի լվացվել, ախտահանել ձեռքերը և հաճախ կիրառվող մակերեսները, սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակ կրել։ Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք այս ամենը չիմանայինք, այլ կերպ ասած՝ չիմանայինք վարակի կանխարգելման միջոցները, ինչպիսի՞ն կլիներ մեր արձագանքն այդ դեպքում։ Բայց մենք գիտենք՝ ինչ է պետք անել, և նա, ով պահպանում է կանոնները, վստահաբար, ավելի հանգիստ է իր առողջության համար, քան նա, ով չի հետևում կանոններին։

Ի դեպ, սևեռուն մտքերի առաջացմանը նպաստում է նաև չափից շատ տեղեկացված լինելը։ Գիտեմ մարդկանց, որոնք առավոտից երեկո կարդում են, դիտում են, լսում են, քննարկում են համավարակի հետ կապված նյութեր։ Դա անօգուտ զբաղմունք է։ Այո, իմանալ պետք է, բայց դա չպետք է զբաղեցնի Ձեր օրվա զգալի մասը: Ծանոթացա՞ք պաշտոնական լրահոսին, կարդացի՞ք հետաքրքող մեկ-երկու հոդված, բավական է։ Քիչ խոսեք, քիչ քննարկեք նորությունները, մահվան նոր դեպքերը։ Այս օրերին որքան կարևոր է ֆիզիկական հիգիենան, նույնքան էլ կարևոր է հոգեբանական հիգիենան: Թույլ մի տվեք, որ Ձեր միտքն ու հոգին ծանրաբեռնվի անպիտան տեղեկատվությամբ։

Նկատենք դրականը

Մի լավ բան, այնուամենայնիվ, այս ամենի մեջ կա: Հետևելով համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին ու սահմանափակումներին, մարդիկ, այսօր ավելի քիչ են միմյանց հյուր գնում: Դրանից կարող են օգտվել նոր ծննդաբերած կանայք՝ քիչ հյուրեր, քիչ խորհուրդներ, խրատներ ու քննադատություն։

Եթե, այնուամենայնիվ, մայրն իր վրա ճնշում է զգում, պետք է հասկանա կարևոր մի բան՝ ինքն ու երեխան մեկ թիմ են, պետք է լինել հաստատակամ ու պաշտպանել սեփական տեսակետը, մոտեցումներն ու սկզբունքները։

Ինչ անի հայրիկը...

Խիստ կարևոր է ամուսնու, հոր դերը։ Հարկ է նկատել, որ մայրիկներին օգնող կանայք շատ հաճախ նսեմացնում են հայրերի դերն ու, կարծես, դուրս մղում նրանց երեխայի խնամքի գործընթացից։ Այնինչ, կրծքով կերակրման գործընթացի կայացման հարցում տղամարդիկ ոչ պակաս կարևոր դեր ունեն: Երբ ասում ենք՝ աջակցել մորը, նախ և առաջ նկատի ունենք տղամարդուն, որի հոգատարության, ուշադրության ֆոնին շատ խնդիրներ կարող են հեշտ ու հանգիստ լուծվել:

Մի բան հաստատ է՝ բնությունը հոգացել է, որ երեխայի կյանքի առաջին ամիսներին մայրերը կողմնակի որևէ սննդի կարիք չունենան: Մա՛յրը և միայն մա՛յրը կարող է իր երեխային տալ լավագույն սնունդն աշխարհում և նրան խանգարող ամենաէական գործոններից մեկը վստահության պակասն է։ Եթե մորը չխանգարել անհարկի դիտողություններով, խորհուրդներով ու ակնարկներով, ապա կրծքով կերակրման գործընթացը վստահաբար շատ արագ կկարգավորվի։

3 պայման

Եթե սիրում ես երեխայիդ, ապա պետք է խնամքով վերաբերվես ինքդ քեզ՝ քո առողջությանը, քո զգացմունքներին։ Գնալ զոհողությունների ինչ-որ բաներ ապացուցելու համար, անել մի բան, որը չես ուզում՝ միևնույն ժամանակ զրկելով քեզ երեխայիդ հետ առանձնանալու կոնկրետ պահի պահանջից պետք չէ, ճիշտ չէ։

Դուք մենակ չեք, դուք ունեք թիմ, ձեր թիմը ձեր երեխան է։ Եթե այդ թիմին միանում է նաև հայրիկը կամ ընտանիքի մեկ այլ անդամ, շատ ավելի լավ։

Երբեք մի մեղադրեք Ձեզ։ Դժվարությունները շատ են ու բնական է, որ ինչ-որ բան չի ստացվելու կամ չի ստացվելու այնպես, ինչպես դուք կուզեիք: Դուք պետք է վստահ լինեք, որ այն, ինչ անում եք ճիշտ է, լավ է ու եթե օգնության կարիք ունեք, ապա կարող եք դիմել մարդկանց, որոնց վստահում եք։ Բայց եթե նկատում եք տրամադրության երկարատև անկում, երեխայի հետ շփման մեջ ուրախության բացակայություն, մեղքի խորը զգացում, երկար լաց լինելու ցանկություն, քնի խանգարումներ, ապա, ամենայն հավանականությամբ, գործ ունեք հետծննդաբերական դեպրեսիայի հետ: Անպայման դիմեք մասնագետի օգնությանը։

Ուղիղ միացման ամբողջական ձայնագրությունը կարող եք դիտել մեր Ֆեյսբուքյան էջում՝ այս հղմամբ։ 

Մեջբերումները՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, հոգեբան Անուշ Ալեքսանյանի ֆեյբուքյան ուղիղ հարցուպատասխանից:

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: