Skip to main content
Հետադարձ կապ

Անվտանգ կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի օրերին

Կորոնավիրուսային հիվանդության այս ժամանակահատվածում բնական է, որ հղի կանանց և կերակրող մայրերին անհանգստացնում են իրենց փոքրիկի առողջությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը։

Առկա ապացույցները միանշանակ խոսում են հօգուտ կրծքով կերակրման։  Կրծքով կերակրման կամ կրծքի կաթի միջոցով ՔՈՎԻԴ-19 վարակի փոխանցում չի հայտնաբերվել։ Մաշկը մաշկին շփումն ու հնարավորինս վաղ, բացառապես կրծքով կերակրումը նպաստում են երեխայի զարգացմանը, և որևէ պատճառ չկա դադարեցնել կրծքով կերակրումը ՔՈՎԻԴ-19վիրուսի պատճառով։

Ահա նոր ծննդաբերած և հղի կանանց ամենաշատը անհանգստացնող հարցերի պատասխանները։ Ներկայացնում ենք մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ և ձեր փոքրիկին այս ամենի միջով անվտանգ անցնել՝ անկախ այն հանգամանքից, առողջ եք, թե՝ կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ ունեք։

Արդյո՞ք կարող եմ կրծքով կերակրել համավարակի ժամանակ։

Ցայսօր կորոնավիրուսի ակտիվ մասնիկների փոխանցումը փոքրիկին կրծքի կաթի միջոցով հայտնաբերված չէ։ Կրծքի կաթի միջոցով փոքրիկներին հակամարմիններ են փոխանցվում։ Դրանք բոլոր փոքրիկների առողջության հիմնաքարն են և պաշտպանում են նրանց բազմաթիվ վարակներից։

Կրծքով կերակրելը զգալիորեն նվազեցնում է նորածինների և փոքրիկների մահվան վտանգը, երեխաների համար ապահովում է ողջ կյանքի ընթացքում առողջություն և բարելավում է նաև մայրերի առողջությունը:

Մաշկ-մաշկին շփվեք ձեր նորածնի հետ: Փոքրիկին ձեզ մոտ պահելը հնարավորություն է տալիս կրծքով կերակրելն ավելի վաղ սկսել: Ժամանակի կառավարումը շատ կարևոր է, և խորհուրդ է տրվում սկսել կրծքով կերակրելը ծննդաբերությունից հետո առաջին ժամվա ընթացքում:

Եթե ձեր փոքրիկը վեց ամսական է կամ ավելի փոքր, նրան պետք է բացառապես կրծքով կերակրել։ Երբ փոքրիկն արդեն վեց ամսական է, շարունակե՛ք կրծքով կերակրել՝ հարստացնելով նրա սննդակարգը առողջարար և անվտանգ հավելյալ սննդով։

>> Կարդացեք մեր կերակրման մասին խորհուրդները 6-12 ամսական երեխաների համար

 

Կորոնավիրուսային վարակը կարո՞ ղ է փոխանցվել փոքրիկին կրծքի կաթի միջոցով։

Առ այսօր կորոնավիրուսային հիվանդության ակտիվ մասնիկների փոխանցումը կրծքի կաթի միջոցով (թե՛ կրծքով կերակրելիս, և թե՛ կրծքի կթած կաթով կերակրելիս) չեն հայտնաբերվել։ Հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են։

>> Դիտեք կրծքով կերակրման մեր փոքրիկ վարպետության դասը՝ ծնողների համար

 

Արդյոք կարո՞ղ եմ կրծքով կերակրել, եթե վարակված եմ կորոնավիրուսով կամ կասկածում եմ, որ վարակված եմ։

Այո՛։ Շարունակե՛ք կրծքով կերակրել՝ համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին հետևելով։ Կրծքի և կրծքով կերակրման միջոցով COVID-19-ի փոխանցման դեպքեր չեն հայտնաբերվել:

Շարունակե՛ք կրծքով կերակրել՝ համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին հետևելով։ Դրանց թվին են պատկանում դիմակ կրելը ձեռքերը օճառով լվանալը կամ ախտահանիչով մաքրելը փոքրիկին դիպչելուց առաջ և հետո, ինչպես նաև՝ շփման մակերեսները պարբերաբար մաքրելն ու ախտահանելը։ Կրծքավանդակը հարկավոր է լվանալ միայն այն դեպքում, եթե հենց նոր հազացել եք։ Այլապես, կրծքերը յուրաքանչյուր կերակրելուց առաջ լվանալ հարկավոր չէ։

>> COVID-19 և դիմակներ. Խորհուրդներ ընտանիքներին

Պե՞տք է արդյոք պատվաստվեմ ՔՈՎԻԴ-19-ի դեմ, եթե կրծքով կերակրում եմ երեխայիս:

Այո, ՔՈՎԻԴ-19- ի դեմ պատվաստանյութերը խորհուրդ են տրվում այն առողջ մարդկանց, ովքեր կրծքով կերակրում են կամ կթում են կաթը և տալիս երեխային:

 

Արդյո՞ք անվտանգ է շարունակել կրծքով կերակրելը ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութ ստանալուց հետո:

Այո, դուք պետք է շարունակեք կրծքով կերակրել նաև պատվաստումից հետո, որպեսզի պաշտպանեք ձեր երեխային: ԱՀԿ-ի կողմից հաստատված ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերից ոչ մեկը, որը ներկայումս օգտագործվում է, կենդանի վիրուս չի պարունակում, ուստի կրծքի կաթով վիրուսը ձեր երեխային փոխանցելու վտանգ չկա:

 

Ի՞նչ անել, եթե այնքան թույլ եմ, որ չեմ կարող կրծքով կերակրել։

Եթե այնքան թույլ եք, որ չեք կարող կրծքով կերակրել, փորձե՛ք այլ անվտանգ եղանակ գտնել կրծքի կաթով փոքրիկին կերակրելու համար։ Կարող եք կթել և կերակրել փոքրիկին մաքուր բաժակով կամ գդալով։ Կարող եք նաև կրծքի կաթի դոնորներից օգտվել, եթե այդպիսիք կան։ Խորհրդակցե՛ք ԿԿ մասնագետի կամ այլ բուժաշխատողների հետ՝ ձեզ հասանելի տարբերակներից օգտվելու համար։

Կթելը նաև կարևոր է կաթնարտադրությունը պահպանելու համար, որպեսզի նորից կերակրե՛ք ձեր փոքրիկին, երբ ձեր առողջությունն արդեն թույլ տա։ Որևէ ֆիքսված ժամանակահատված չկա, որ պետք է անցնի, կրծքով կերակրումը վերսկսելու համար։ 

Եթե կթած կրծքի կաթով կամ դոնորի (ուրիշ կնոջ) կրծքի կաթով կերակրելը հնարավոր չէ, փոքրիկին կրծքով կարող է կերակրել այլ կին, եթե դա Ձեր համայնքում ընդունելի է։ Կաթնախառնուրդով կերակրելը, եթե այն ճիշտ է պատրաստված, անվտանգ է և հասանելի, ևս տարբերակ է։

 

Արդյո՞ք կարող եմ կերակրել, եթե երեխաս հիվանդ է։

Շարունակե՛ք կերակրել ձեր փոքրիկին, եթե նա հիվանդ է կամ վարակված։ Անկախ այն բանից, թե ձեր փոքրիկը վարակվել է կորոնավիրուսով, թե՝ հիվանդացել այլ հիվանդությամբ, կարևո՛ր է շարունակել կրծքով կերակրումը։ Կրծքով կերակրելը խթանում է փոքրիկի իմունային համակարգը, իսկ ձեր հակամարմինները փոխանցվում են փոքրիկին կրծքի կաթի միջոցով՝ օգնելով նրան պայքարել վարակների դեմ։ 

 

Ինչ նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկեմ կրծքով կերակրելիս:

Համոզվեք, որ հետևեք ձեռքի լվացման ուղեցույցներին: Ձեր ձեռքերը պետք է լվանալ օճառով և ջրով ձեր երեխային դիպչելուց առաջ և հետո: Կարող եք նաև օգտագործել ալկոհոլի վրա հիմնված ձեռքի քսում: Կանխարգելիչ միջոցառումներին թվին են պատկանում դիմակ կրելը, ձեռքերն օճառով լվանալը կամ ախտահանիչով մաքրելը փոքրիկին դիպչելուց առաջ և հետո, ինչպես նաև՝ շփման մակերեսները պարբերաբար մաքրելն ու ախտահանելը։ Կրծքավանդակը հարկավոր է լվանալ միայն այն դեպքում, եթե հենց նոր հազացել եք։ Այլապես, կրծքերը յուրաքանչյուր կերակրելուց առաջ լվանալ հարկավոր չէ։

Լվացրե՛ք կրծքի կաթի պոմպերը, կաթի պահեստավորման տարաները և կերակրման պարագաները, յուրաքանչյուր օգտագործումից հետո, ինչպես միշտ:

>> Կարդացեք ծնողների համար կորոնավիրուսային վերջին նորությունները

Ինչպես ապահով շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի պայմաններում


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: