
Ինչո՞ւ են նորածինները լացում
Սովորե՛ք հասկանալ Ձեր երեխայի առաջին լեզուն՝ լացը։
Առաջին բանը, որ նորածինների ծնողները հասկանում են, այն է, որ փոքրիկները սովորաբար շատ են լաց լինում։ Գիտեի՞ք, որ մինչև մեկ ամսականը նորածինները լաց են լինում օրական երկու ժամ կամ ավելի։ Բայց մի՛ անհանգստացեք, դա բնական է, և երկուսից չորս ամսականում լացի տևողությունը, որպես կանոն, նվազում է։
Թեև նորածնի լացը կարող է հոգնեցուցիչ լինել, այնուամենայնիվ, դա կարևոր ազդանշան է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Եկեք միասին փորձենք «վերծանել» Ձեր ընտանիքի նոր անդամի լացը և հասկանանք՝ ինչպես հանգստացնել նրան։
Ինչո՞ւ է լացում իմ երեխան
Լացը միջոց է, որով նորածինները հայտնում են իրենց կարիքները։ Ձեր երեխայի լացին ուշադրություն դարձնելը կօգնի Ձեզ ավելի լավ հասկանալու նրան և ամրապնդելու կապը նրա հետ։ Երեխայի լացը դադարեցնելու փոխարեն փորձե՛ք պարզել դրա պատճառը։ Ե՞րբ է նա վերջին անգամ կերել կամ քնել։ Հնարավո՞ր է, որ նա շատ տաք կամ շատ թեթև է հագնված։ Որքան շուտ արձագանքեք, այնքան շուտ նա կհանգստանա։
Նորածինը լաց է լինում մի շարք պատճառներով, այդ թվում.
· չափազանց գրգռված է,
· ձանձրանում է,
· հոգնած է,
· սոված է,
· տակդիրը փոխելու կարիք ունի,
· փքվածություն ունի,
· գգվանքի կարիք ունի,
· հիվանդ է կամ ցավեր ունի,
· շոգում է կամ մրսում։
Գիտեի՞ք…
Մինչև 4 ամսականը, կախված նրանից՝ քաղցած է, ցավեր ունի թե հոգնած է, նորածնի լացի ձայնը փոխվում է:
Ի՞նչ է աղեխիթը (աղիքների սուր ցավ)
Աղեխիթը վիճակ է, երբ նորածինները հաճախակի և երկարատև լաց են լինում: Եթե Ձեր երեխան շատ է լաց լինում (օրական ավելի քան երեք ժամ, շաբաթական երեք օր՝ առնվազն մեկ շաբաթ), ապա խնդիրը կարող է լինել աղիքների սուր ցավը: Դրա պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն այն տարածված է շատ նորածինների շրջանում: Կարող է սկսվել մի քանի շաբաթականում և սովորաբար
անցնում է վեց ամսականում: Թեև դա կարող է շատ անհանգստացնող և սթրեսային լինել ծնողի համար, վստա՛հ եղեք, որ ժամանակավոր է և կանցնի:
Ցավոք, Դուք չեք կարող անել ավելին, քան փորձել հանգստացնել նրան: Եթե երեխան շարունակում է հաճախ լաց լինել, և Դուք մտահոգվում եք նրա համար կամ դժվարանում եք հանգստացնել նրան, դիմե՛ք Ձեր մանկաբույժին:
Ի՞նչ անեմ, եթե իմ երեխան գիշերը լաց է լինում։
Հիշե՛ք, որ մինչև չորս ամսականը երեխաները դեռևս չեն կարող հարմարվել ռեժիմի։ Եթե Ձեր նորածինը գիշերը լաց է լինում և Դուք ուշադրություն չեք դարձնում կամ արձագանքում, դա նրան ստիպում է զգալ, որ իր հանդեպ անտարբեր են, և որ ինքն անտեսված է։
Երեխաների սնվելու և գուրգուրանքի կարիքներին արձագանքելը օգնում է նրանց զգալ պաշտպանված և դադարել լացել:
Ինչպե՞ս կարող եմ հանգստացնել իմ երեխային։
Եթե երեխան լացում է, փորձե՛ք հետևյալ միջոցները՝ նրան հանգստացնելու համար.
· կերակրե՛ք նրան,
· ստուգե՛ք նրա տակդիրը և անհրաժեշտության դեպքում փոխե՛ք այն,
· հանգիստ ձայնով երգե՛ք և խոսե՛ք նրա հետ կամ մեղմ հնչյուններ կամ երաժշտությո՛ւն միացրեք,
· մեղմորեն օրորե՛ք նրան կամ զբոսանքի՛ տարեք,
· գրկե՛ք նրան՝ Ձեր ուսին կամ կրծքին մոտ պահած,
· սեղմե՛ք նրան Ձեր կրծքին այնպես, որ հպվի Ձեր մաշկին,
· շոյե՛ք նրա մեջքը թեթև և ռիթմիկ շարժումներով՝ նրան գրկած կամ ծնկների վրա պահած։
Լացելու պահին երեխային գրկելը օգնում է նրան զգալու սիրված և անվտանգ, նույնիսկ եթե նա անմիջապես չի դադարում լաց լինել։
Ինչպե՞ս կարող եմ հանգիստ մնալ, երբ իմ երեխան լաց է լինում։
Երբ Ձեր երեխան որոշ ժամանակ անընդմեջ լաց է լինում, ապա դա կարող է անհանգստացնել Ձեզ, հատկապես, եթե քիչ եք քնել։ Մայրերը հաճախ նման պահերին սթրեսի և ճնշվածության զգացում են ունենում: Փորձե՛ք հնարավորինս հանգիստ մնալ և համբերատար լինել։ Հիշե՛ք՝ երեխան կարող է զգալ Ձեր լարվածությունը։
Երբեմն նույնիսկ երբ թվում է՝ ամեն ինչ փորձել եք, երեխան կարող է շարունակել լաց լինել։ Նման պահերին կարելի է պարզապես մեղմորեն գրկել նրան կամ հնարավորության դեպքում օգնություն խնդրել որևէ մեկից։ Կարևոր է աջակցություն խնդրել ձեր ընտանիքի անդամներից, որոնց վստահում եք, որպեսզի օգնեն Ձեզ հոգ տանելու Ձեր առողջության մասին։ Եթե զգում եք, որ լարված եք, ապա հավաստիացեք, որ երեխան ապահով է և կարճատև ընդմիջո՛ւմ արեք (5-10 րոպե), այնուհետև նորի՛ց փորձեք։
Անկախ նրանից, թե որքան լարված եք, երբեք մի՛ ցնցեք, մի՛ հարվածեք երեխային կամ մի՛ գոռացեք նրա վրա։
Այս ընթացքում ինքներդ Ձեզ հանգստանալու ժամանա՛կ տվեք։ Փորձե՛ք.
· Խորը շնչառության կամ հանգստացնող այլ վարժություններ անել
· Հանգիստ երաժշտություն լսել,
· թեյ խմել,
· գիրք կարդալ,
· զանգահարել ընկերուհուն,
· խոսել Ձեր ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի հետ։
Մի՛ վախեցեք ամուսնուց, ընտանիքի անդամներից և ընկերներից օգնություն խնդրելուց։ Խոսե՛ք այլ ծնողների հետ նրանց փորձի մասին կամ զանգահարե՛ք Ձեր մանկաբույժին՝ խորհրդատվության համար։ Պարզե՛ք՝ արդյոք Ձեր բնակավայրում կան ծնողավարման խմբեր կամ ծնողների աջակցության ծրագրեր՝ ներառյալ խորհրդատվական ծառայություններ, որոնք կարող են հիանալի միջոց լինել՝ այլ մայրերի հետ կապ հաստատելու, փորձի փոխանակման և ծնողավարման նոր հմտություններ ձեռք բերելու համար:
> Կարդացե՛ք․ Հոգեկան առողջության մասնագետները ներկայացնում են ծնողների ինքնախնամքի իրենց խորհուրդները
> Կարդացե՛ք․ Ինչպես նվազեցնել սթրեսը
English link - Ինչո՞ւ են նորածինները լացում։ | Ծնողավարում, ՅՈՒՆԻՍԵՖ