Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես բարելավել երեխայի սնվելու սովորությունները

Ինչպես բարելավել երեխայի սնվելու սովորությունները

Ճիշտ սնվելը յուրաքանչյուր երեխայի համար եզակի նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից ձևավորեն առողջ սնվելու սովորություններ, որոնք նրանք կպահպանեն ամբողջ կյանքի ընթացքում:

Սննդաբան Մելինա Կարիպիդուն ներկայացնում է մի քանի պարզ խորհուրդ՝ սովորեցնելու մեր երեխաներին ճիշտ սնվելու և ֆիզիկական առողջության կարևորությունը՝ նպաստելով նրանց ավելի առողջ սնվելու սովորությունների և, հետևաբար, ավելի առողջ կենսակերպի ձևավորմանը:

1. Օրինա՛կ ծառայեք Ձեր երեխայի համար։

Երեխաներն ընդօրինակում են իրենց ծնողների և խնամակալների վարքագիծը: Եթե ծնողներն առողջ և բալանսավորված են սնվում, ապա երեխաները մեծ հավանականությամբ կհետևեն նրանց օրինակին: Ցո՛ւյց տվեք սննդակարգում բազմազանության կարևորությունը և ընտրե՛ք մրգեր, բանջարեղեն, ամբողջական հացահատիկներ, կաթնամթերք:

2. Մի՛ պիտակավորեք։

Մի՛ մեկնաբանեք կամ մի՛ դատեք ուրիշների սնվելու վարքագիծը: Մի՛ պիտակավորեք մարդկանց՝ հիմնվելով նրանց մարմնի քաշի կամ ֆիզիկական ակտիվության վրա: Մի՛ մեկնաբանեք, թե ինչպես և որքան ժամանակ է յուրաքանչյուր մարդ ուտում: Սովորաբար երեխաները դանդաղ են ուտում:

3. Սահմանափակե՛ք փաթեթավորված և շաքարով և/կամ աղով և/կամ ճարպով հարուստ մթերքների օգտագործումն ու հասանելիությունը։

Շաքարավազի և փաթեթավորված մթերքների շատ օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման և առողջության խնդիրների: Սահմանափակե՛ք նման մթերքները տանը և ընտրե՛ք ավելի օգտակար սնունդ, օրինակ՝ թարմ մրգեր կամ ամբողջահատիկ ալյուրով թխված խմորեղեն, կալցիումով հարուստ քաղցրավենիք և այլն: Մի՛ մոռացեք, որ երեխաներն ընտրում են այն, ինչ հասանելի է իրենց:

4. Երեխաներին ներգրավե՛ք ուտեստների պատրաստման գործընթացում։

Երբ երեխաները ներգրավված են ուտեստի պատրաստմանը, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կփորձեն նոր ուտեստներ և պատասխանատվություն կզգան հավասարակշռված սնվելու համար: Դուք կարող եք առաջարկել նրանց ընտրել, թե որ բանջարեղենն օգտագործեք, կամ օգնել պատրաստման գործընթացում:

Միասին գնացե՛ք սուպերմարկետ, մթերային խանութ, գյուղատնտեսական շուկա: Այս կերպ նրանք կսովորեն սննդի սեզոնայնության, գույների, ձևերի և այլնի մասին:

Պատրաստե՛ք միասին։ Կազմե՛ք ընտանիքի շաբաթվա ճաշացանկը նրանց հետ: Պատրաստե՛ք նրանց դպրոցի նախաճաշը միասին:

Թող նրանք պատրաստեն հանգստյան օրերի նախաճաշը, որը դուք բոլորդ միասին կվայելեք:

Խնդրե՛ք երեխաներին ընտրել և ձեզ տալ իրենց նախընտրած մրգերով լի զամբյուղ՝ մրգային աղցան պատրաստելու համար:

5. Սահմանե՛ք սնվելու կայուն ռեժիմ։

Առօրյա ռեժիմ կազմելը օգնում է երեխաներին իմանալու, թե երբ սպասեն ուտեստներին և միջուտեստներին՝ նվազեցնելով ոչ օգտակար սնունդ խնդրելու կամ անվերահսկելիորեն ուտելու հավանականությունը: Առաջարկե՛ք առողջ նախուտեստներ՝ միրգ, մածուն կամ ընկույզ:

Օրական առնվազն 1 անգամ ճաշե՛ք միասին՝ ամբողջ ընտանիքով նստելով սեղանի շուրջը՝ առանց ուշադրությունը շեղելու (էկրաններ, գրքեր և այլն):

6. Առաջարկե՛ք բազմազան մթերքներ։

Սննդակարգում բազմազանությունը կարևոր է: Համոզվե՛ք, որ ձեր երեխաները փորձում են բոլոր տեսակների մթերքներից՝ միրգ, բանջարեղեն, ամբողջական հացահատիկներ և կաթնամթերք: Լավ կլինի ունենալ տարբեր գույների մրգեր և բանջարեղեն՝ սննդանյութերի բազմազանությունն ապահովելու համար: Սա կօգնի նրանց ծանոթանալու տարբեր համերի և զարգացնելու հավասարակշռված համային նախընտրություններ:

7. Երեխաների հետ փորձե՛ք նոր ուտեստներ:

Երեխաների քիչ «ծանոթ» և «չսիրած» ուտելիքները կարելի է համադրել նրանց ծանոթ և սիրելի ուտեստների հետ (օրինակ՝ կարող եք բրոկոլիով մակարոն պատրաստել):

Իրենց ծանոթ և սիրելի ուտեստները ցանկալի է, որ ուտեն շաբաթվա ընթացքում: Մթերքները, որոնք նրանց առանձնապես դուր չեն գալիս, ավելի լավ է, որ ուտեն հանգստյան օրերին, ընտանիքի հետ և հաճելի միջավայրում:

Ձեր երեխան, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի փորձել նոր ուտեստներ: Բայց սա նորմալ է, և չպետք է հուսահատվել: Ընդհակառակը, պետք է դա նրան կրկին առաջարկել, քանի որ ավելի քան 10 փորձ է պահանջվում, որպեսզի երեխան նոր ուտեստ համտեսի, և նույնիսկ ավելի շատ ժամանակ, մինչև այն դառնա նրա համար ծանոթ և սիրելի:

Ամբողջ ընտանիքը պետք է նույն ուտեստն ուտի։ Փորձե՛ք պատրաստելու կամ մատուցելու տարբեր եղանակներ՝ շեշտը դնելով «արտաքին տեսքի» վրա, քանի որ երեխան ավելի հավանական է, որ ուտի իր համար գրավիչ կերակուր։

8. Մի՛ օգտագործեք սնունդը որպես պարգևատրում կամ պատիժ

Դուք չպետք է օգտագործեք սնունդը որպես երեխայի համար պարգևատրում կամ պատիժ: Օրինակ՝ մի՛ պարգևատրեք նրան լավ վարքագծի համար՝ առաջարկելով իր սիրելի, բայց ոչ առողջարար սնունդ (օրինակ՝ քաղցր և աղի ուտելիք կամ միջուտեստներ): Անհրաժեշտ է հիշել, որ երբ սնունդն առաջարկվում է որպես պարգև, երեխայի մեջ կարող են թյուր պատկերացումներ ձևավորվել դրա վերաբերյալ՝ ենթադրելով, որ որոշ մթերքներ (օրինակ՝ քաղցր նախուտեստները) ավելի «կարևոր» են, քան մյուսները (օրինակ՝ բանջարեղենը), քանի որ առաջինները «լավ» վարքագիծը պարգևատրելու միջոց են:

Պարգևը կարող է լինել նյութական կամ ոչ նյութական: Ոչ նյութական պարգևները (Շատ ապրե՛ս: Դու ինձ շատ օգնեցիր այսօր գնումներ կատարելիս, այնպես որ մենք կարող ենք գնալ այգի այսօր կեսօրին) սովորաբար ավելի արդյունավետ են, քան նյութական պարգևները (օրինակ՝ խաղալիք գնելը): Բացի այդ՝ ոչ նյութական պարգևները սովորաբար ծախսատար չեն և կարող են անմիջապես և ավելի հաճախ տրվել երեխային:

9. Սովորեցրե՛ք երեխաներին ուշադրություն դարձնել իրենց մարմնի նշաններին։

Սովորեցրե՛ք երեխաներին ուշադրություն դարձնել իրենց օրգանիզմի հուշումներին․ ուտել, երբ քաղցած են, և դադարեցնել ուտելը, երբ կշտացել են: Մի՛ ստիպեք, որ ուտեն մինչև վերջ, կամ ուտեն, երբ սոված չեն, քանի որ դա կարող է անառողջ սովորություններ ձևավորել:

10. Ստեղծե՛ք հաճելի մթնոլորտ ճաշի ժամանակ։

Փորձե՛ք ճաշել հաճելի և հանգիստ միջավայրում, առանց ճնշումների և լարվածության։ Սա կօգնի երեխաներին սնունդը կապելու դրական հույզերի հետ: