Skip to main content
Հետադարձ կապ

Քույրերի և եղբայրների մրցակցություն

Քույրերն ու եղբայրները խանդոտ և թշնամական կարող են լինել միմյանց հանդեպ: Պայքարը կարող է արտահայտվել մրցակցության մեջ: Մրցակցության միջոցով իրենց հակադրությունը ավելի շատ հակված են արտահայտելու տարիքով ավելի մեծ երեխաները, մինչդեռ փոքրերը պարզապես բոթում, խլում, հարվածում և ծաղրում են միմյանց: Նույն ընտանիքի երեխաների միջև այդ պայքարը գալիս է երեխաների վախից, որ իրենց եղբայրը կամ քույրը կարող է ընտանիքում ավելի կարևոր տեղ գրավել և ավելի սիրված դառնալ: Փոքր երեխաների մոտ շատ ուժեղ արտահայտվում է մրցակցության զգացումը, երբ ընտանիքում նոր երեխա է հայտնվում: Երեխան կարող է անթաքույց թշնամանք ցուցաբերել, վերադառանալ «մանկական լեզվին», թրջել անկողինը և «լցնել տակը», կամ ցույց տալ, որ զայրացած է ծնողների վրա: Այս երևույթները, որոշ ժամանակ կարող են նորմալ համարվել, սակայն երկարատև լինելու դեպքում պետք է դիմել մանկական հոգեբանի աջակցությանը:

Խնդրին նպաստող հանգամանքները

Քույրերի և եղբայրների միջև վիճաբանությունները շատ բնական երևույթ են: Կողք կողքի ապրելն անխուսափելիորեն որոշակի լարվածություն է առաջացնում, ընտանիքն էլ միշտ հանդուրժող մթնոլորտ է ապահովում, որտեղ մարդիկ կարող են առանց կաշկանդվելու արտահայտել իրենց զգացմունքները՝ առանց վախենալու, թե տհաճ տպավորություն կգործեն կամ կմերժվեն: Իսկ քույրերի և եղբայրների միջև մանր խոսքակռիվները կարող են սովորեցնել երեխաներին, թե ինչպես է պետք վարվել տնից դուրս մրցակցության և պայքարի դեպքում: Ընտանեկան այդ մրցակցությունը փորձադաշտ է սովորելու համար, թե ինչպես է պետք լուծել խնդիրները և հարգել մեկմեկու: Այն կարող է նաև սովորեցնել երեխաներին, թե ինչպես պետք է պաշտպանել սեփական դիրքերը, արտահայտել զգացմունքները և լուծել կոնֆլիկտները: Այդուհանդերձ, երբ քույրերի և եղբայրների միջև մրցակցային այդ հարաբերությունները չափազանցված են դառնում, դա կարող է ամբողջ կյանքում շարունակվող դառը զգացողությունների հանգեցնել: Քույրերն ու եղբայրները կարող են երբեմն ագրեսիվ ազդել մեկմեկու վրա և թշնամանքի ու անտարբերության երկարատև զգացմունքներ տածել միմյանց նկատմամբ:

Ինչ կարող են անել ծնողները

  • Հաշվի առեք, թե զարգացման որ փուլում են գտնվում երեխաները: Ընտանիքի անդամների միջև վիճաբանությունները նորմալ են բոլոր տարիքների համար, նույնիսկ երկու տարեկաններն են ստիպված երբեմն փնթփնթալ, հրել, հարվածել և խլել:
  • Համոզվեք, որ դուք ինքներդ չեք նպաստում խնդրին՝ նախապատվություն ցույց տալով երեխաներից որևէ մեկին:
  • Գիտակցեք, որ եթե երեխաներից մեկը որոշակի տաղանդի տեր է կամ ակնհայտորեն գերազանցում է մյուսին ակադեմիական գիտելիքների կամ սպորտի բնագավառում, ապա ամենայն հավանականությամբ դա խանդ կառաջացնի, հատկապես, եթե երկու երեխաներն էլ նույն սեռին են պատկանում: Հատուկ շեշտեք, որ դուք գնահատում եք նաև պակաս տաղանդավոր երեխային:
  • Հավասար ժամանակ տրամադրեք՝ ուշադրություն դարձնելով ընտանիքի բոլոր երեխաների հատուկ հետաքրքություններին: Հավասար գումարներ ծախսեք յուրաքանչյուր երեխայի համար հագուստ գնելիս: Փոքր երեխաները դատապարտված չեն միայն իրենց մեծ եղբայրների ու քույրերի հագած շորերը մաշելու:
  • Մի համեմատեք երեխաներին: Շեշտեք յուրաքանչյուրի ուրույն և յուրօրինակ առանձնահատկություններն ու բնավորության գծերը:
  • Խուսափեք մի երեխային ավելի շատ գուրգուրելուց, քան մյուսին, հատկապես, եթե նրանք տարիքով մոտ են:
  • Խուսափեք ընտանեկան մականուն կպցնելուց երեխաներից միայն մեկին: Ամեն օր առանձին ժամանակ անցկացրեք երեխաներից ամեն մեկի հետ:
  • Երեխաներին տարածք տրամադրեք իրենց պատկանող իրերը պահելու և առանձնանալու համար: Պահանջեք, որ ընտանիքի բոլոր անդամները հարգեն սեփականության և առանձնության միմյանց իրավունքները:
  • Երբ երեխաների համար տոնական նվերներ կամ ճանապարհորդությունից  հուշանվերներ եք գնում, ամեն մեկի համար մի տարբեր բան ընտրեք, որ համապատասխանի նրա հատուկ հետաքրքրություններին:
  • Զսպեք ընտանեկան հատուկ միջոցառման համար բոլոր երեխաներին նույնատիպ «սիրունիկ» հագուստը գնելու ցանկությունը:
  • Տնային հանձնարարությունների շուրջ վիճաբանությունները կանխելու համար ընտանեկան պարտականությունների շաբաթվա օրակարգ կազմեք, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ պիտի արվի, և ով պիտի անի դա: Հավասարաչափ բաշխեք «կեղտոտ աշխատանքը»:
  • Ընտանեկան ժողովներ հավաքեք կարևոր որոշումներն ընդունելու և բողոքները ներկայացնելու համար: Թույլ տվեք, որ երեխաներն իրենք որոշեն, թե ինչ գործողություններ կհետևեն կանոնների խախտմանը:
  • Հստակ ժամանակ հատկացրեք յուրաքանչյուր երեխային, որից ավել նա չի կարող խոսել հեռախոսով կամ նստել համակարգչի առաջ: Որոշակի համակարգ մշակեք որոշելու համար, թե ով պիտի ընտրի, թե ինչ նայել հեռուստացույցով:
  • Կազմակերպեք, որ երեխաները որոշ ժամանակ իրարից առանձին անցկացնեն՝ իրենց սեփական հետաքրքրություններով և իրենց ընկերների հետ:
  • Մի ստիպեք, որ ավելի մեծ քույրերը կամ եղբայրները փոքրերին իրենց հետ տանեն:
  • Չափից ավելի մի վստահեք ավելի մեծ երեխաներին՝ ստիպելով նրանց մնալ տանը և հոգալ իրենցից փոքր քույրերի կամ եղբայրների մասին:
  • Թույլ մի տվեք, որ ավելի մեծերը հաճախ ծաղրեն կամ դիտողություն անեն իրենցից փոքրերին: Հասկացրեք մեծերին, որ կարգապահությանը հետևելը ձեր գործն է:
  • Չափից ավելի մի պաշտպանեք ավելի փոքրերին, դա կարող է միայն ավելորդ լարվածություն մտցնել մեծերի հետ նրանց հարաբերություններում:
  • Միշտ նախապես պատրաստեք փոքր երեխային նոր քույրիկի կամ եղբոր ծնվելուն: Թույլ տվեք, որ մեծ երեխաներն օգնեն ձեզ փոքրիկին խնամելու գործում: Նվերներ գնելիս, պետք է միշտ որևէ բան ունենաք բոլոր երեխաների համար, այլ ոչ միայն նորածնի:
  • Կազմակերպեք այնպես, որ հնարավոր լինի օրվա մեջ որոշ ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքով միասին: Մի մոռացեք, որ քույրերի և եղբայրների մրցակցությունը կարող է գալ նաև նրանից, որ երեխաները չափից ավելի կախված են ծնողական սիրուց և ուշադրությունից:
  • Աշխատեք հնարավորին չափ անտեսել երեխաների մեջ ընթացող խոսքային կռիվները: Գիտակցեք, որ գրեթե անհնար է անկողմնակալ դատավոր լինել, եթե դուք ինքներդ վկա չեք եղել միջադեպին:
  • Խրախուսեք երեխաներին բաց և անկեղծ արտահայտել իրենց զգացմունքները:
  • Հստակ սահմանազատեք, թե ինչը թույլատրելի է, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ, ոչ մի դեպքում չի թույլատրվում հարվածել, վիրավորական խոսքեր ասել, ծաղրել քրոջ կամ եղբոր խոցելի տեղերը:
  • Հիշեք, որ երեխաներից մեկի կողմն ընդունելը միայն կխթանի երեխաների մրցակցությանը: Օգնեք երեխաներին գիտակցել, որ իրենց քույրը կամ եղբայրը ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ձեր սիրո համար: