Skip to main content

Ագրեսիվ վարքագիծ

  • Վաղ հասակում ագրեսիվ վարքագիծը երեխայի նորմալ զարգացմանը բնորոշ է :
  • Զարգացման ընթացքում գտնվող խոսքային ունակությունները, անկախ լինելու բուռն ցանկությունը և սեփական վարքի անբավարար վերահսկողությունը երեխային մղում են ֆիզիկական բռնության:
  • Ծնողը միշտ պետք է երեխայի կողքին լինի և իր մշտական աջակցությամբ հասկացնի նրան, որ ագրեսիվությունն անընդունելի է, սեփական զգացմունքներն արտահայտելու այլ ձևեր մատնանշի՝ օգնելով, որ ընտրություն կատարի և շտկի իր վարքագիծը:

Ինչո՞ւ է դա տեղի ունենում

Որքան էլ զարմանալի է, ագրեսիվ վարքագիծը բնորոշ է վաղ հասակում գտնվող երեխաներին:

Եվ այն, որ փոքրիկները հարվածում են կամ կծում, որոշ չափով նորմայի շրջանակներում է, քանի որ այդ տարիքում նրանք կենտրոնացած են «Ես»-ի և «Իմ»-ի վրա:

Ի՞նչ կարող է անել ծնողը

  • Պահպանել գործողությունների տրամաբանական հաջորդականությունը: Եթե երեխան խաղալիս առանց որևէ պատճառի սկսում է հարվածել ընկերներին, պետք է դուրս հանել նրան խաղից, նստել կողքին և միասին հետևել մյուս երեխաներին: Միաժամանակ պետք է բացատրել, որ նա կարող է շարունակել խաղը, եթե ոչ մեկին ցավ չպատճառի: Հաճախ դա ավելի արդյունավետ է լինում քան ծնողի զայրույթը: Եթե ծնողը գոռգոռա, հարվածի կամ հանդիմանի երեխային վատ վարքագծի համար, հազիվ թե դրական որևէ արդյունքի հասնի: Ավելին, ծնողի այդօրինակ վարմունքը վատ հետևանքների կարող է հանգեցնել՝ ավելի գրգռելով երեխային: Մինչդեռ ցուցադրելով իր ինքնատիրապետումը՝ ծնողը կօգնի փոքրիկին սեփական խառնվածքի վերահսկման առաջին քայլերը կատարելու:
  • Որոշակի սահմանափակումներ մտցնել և հետևել, որ դրանք պահպանվեն: Պետք է անմիջապես արձագանքել երեխայի ագրեսիվության ցանկացած դրսևորմանը: Չի կարելի սպասել, որ նա երկրորդ անգամ հարվածի եղբորը կամ քրոջը. անհրաժեշտ է անմիջապես ընդհատել նրան «հերի՛ք է» բացականչությամբ: Երեխան հենց նույն պահին պետք է ըմբռնի, որ ինչ-որ բան այնպես չի անում: Ծնողը պետք է միջամտի ագրեսիվ վարքի դրսևորումից անմիջապես հետո՝ մեկ-երկու րոպեի ընթացքում՝ միայնակ մնալու հնարավորություն տալով: Դա երեխային խաղաղեցնելու միջոցներից մեկն է: Այն կօգնի նկատել վարքագծի և դրա հետևանքների միջև եղած կապը: Երեխան  կհասկանա, որ ուրիշներին խփելու կամ կծելու դեպքում որոշ ժամանակով կզրկվի նրանց հետ շփվելու հնարավորությունից:
  • Երեխային հետևողականորեն ընտելացնել կարգապահությանը: Պետք չէ աչքաթող անել կամ անպատասխան թողնել ագրեսիայի դրսևորման և ոչ մի դեպք: Ծնողի կանխատեսելի հակազդումը (օրինակ՝ «ուրեմն այդպես, դու կրկին խփեցիր Արամին, իսկ դա նշանակում է, որ կրկին լինելու է ընդմիջում») ստեղծում է մի մոդել, որը ծանոթ է երեխային, և նա արդեն սպասում է դրան: Տվյալ հանգամանքներում երեխայի համար դա կնշանակի, որ իրեն վատ պահելու դեպքում ինքը կպատժվի «խաղի ընդհատումով», այսինքն՝ կզրկվի շփման հնարավորությունից: Սա երեխային պատժելու լավագույն ձևն է, և չպետք է փոխարինվի պատժի ֆիզիկական միջոցներով: Նույնիսկ հասարակական վայրում, որտեղ երեխայի ոչ համարժեք վարքագիծը ծնողին ուղղակի կարող է «տապալել», պետք չէ թույլ տալ, որ հոգեկան խռովքն ու անհարմարության զգացումը վերածվեն ծեծի կամ ապտակների:
  • Սովորեցնել ընտրություն կատարել: Ծնողը պետք է սպասի միչև երեխայի հանդարտվելը, այնուհետև նրա հետ հագիստ և անկաշկանդ մթնոլորտում քննարկի տեղի ունեցածը: Անհրաժեշտ է շեշտել, որ բարկանալը բնական է, սակայն անընդունելի է զայրույթն արտահայտել կծելով, խփելով կամ քացի տալով: Ծնողը պետք է օգնի երեխային՝ գտնելու հակազդման կամ զայրույթն արտահայտելու ավելի արդյունավետ եղանակ, ենթադրենք՝ վեճը չշարունակել, ուժգին հարվածել գնդակին կամ խնդրել մեծերից որևէ մեկի օգնությունը: Կարելի է երեխայի համար կարդալ այնպիսի մի պատմություն, որտեղ խոսվում է դյուրագրգռության մասին: Համոզելու եղանակով հասեք նրան, որ երեխան հասկանա իր սխալը և պատրաստ լինի ներողություն խնդրելու իր կողմից տուժած երեխայից: Հնարավոր է, որ սկզբում դա չհաջողվի ձեզ, և երեխան անկեղծորեն չզղջա, սակայն վստահ եղեք, որ ձեր ջանքերը զուր չեն անցնի. նա անպայման կտպավորվի դրանից: Իրենց էությամբ երեխաները կարեկցող են, սակայն վաղ մանկական հասակում դյուրագրգիռ բնավորությունը և զայրույթը կարող են ստվերում թողնել խղճմտանքն ու կարեկցանքը: Աստիճանաբար երեխան սովորում է ներողություն խնդրել, երբ որևէ մեկին ցավ է պատճառում:
  • Պարգևատրել երեխային լավ վարքի համար: Չի կարելի երեխայի վրա ուշադրություն դարձնել միայն այն ժամանակ, երբ նա իրեն վատ է պահում: Չափազանց կարևոր է նկատել նաև լավը և խրախուսել նրան: Օրինակ՝ երբ ձեր երեխան ճոճանակի ճոճվելու համար ոչ թե հրում է ուրիշներին՝ փորձելով նրանց տեղը զբաղեցնել, այլ համբերատար սպասում է իր հերթին, պետք է գովել նրան: Երեխան գովասանքի է արժանի նաև այն դեպքում, երբ ագրեսիվ վարք դրսևորելու փոխարեն իր զգացմունքներն արտահայտում է խոսքով: Շատ շուտով նա կզգա բառերի մոգական ուժը:
  • Սահմանափակել հեռուստահաղորդումներ դիտելու ժամերը: Մուլտֆիլմերը և մանկական մյուս հաղորդումները կարող են պարունակել ագրեսիայի տեսարաններ (կռիվներ, սպառնալիքներ, հարվածներ): Այդ իսկ պատճառով պետք է երեխայի հետ միասին դիտել հաղորդումը, հատկապես, եթե նրանում առկա են ագրեսիվ տեսարաններ: Դա թույլ կտա ճիշտ ընտրել հաղորդումները: Ընդհանրապես, խորհուրդ է տրվում մինչև 2 տարեկանը երեխային հեռու պահել հեռուստացույցից: Եթե ծնողը գտնում է, որ երեխան չափից դուրս շատ էներգիա ունի, նրա համար պետք է լիցքաթափվելու հնարավորություն ստեղծի: Ցանկալի է՝ բակում:
  • Չխուսափել աջակցություն խնդրելուց: Երբեմն մանկական ագրեսիան պահանջում է ավելի գործուն միջամտություն, քան կարող են ապահովել ծնողները: Եթե երեխան ավելի շատ ագրեսիվ է քան, հանգիստ, եթե նա վախեցնում կամ վշտացնում է մյուսներին, եթե նրա ագրեսիվ վարքը սանձելու բոլոր ջանքերն ապարդյուն են, ապա ծնողը կարող է դիմել մանկական հոգեբանի: Չպետք է մոռանալ, որ երեխան դեռ շատ փոքր է և կարիք ունի համբերատար ու սրտացավ հոգածության: Միայն ամենօրյա համբերատար, հետևողական աշխատանքի ու ստեղծագործական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել երեխայի ագրեսիվությունը:

Վարքային խնդիրներ