Skip to main content
Հետադարձ կապ

Հետքովիդյան ախտանիշ «մշուշ գլխում». ի՞նչ է դա, և ինչպե՞ս անցկացնել

Մեզնից շատերը ծանոթ են «գլխում մշուշ» (շշմածություն,  բառացի թարգմանությամբ՝ «մշուշված ուղեղ») արտահայտություններին: Սա իրական զգացողություն է: «Գլխում մշուշ» նշանակում է մտավոր կարողության ժամանակավոր թուլացած վիճակ, որն արտահայտվում է կենտրոնանալու, հստակ մտածելու կամ տրամաբանելու անկարողությամբ:

Գլխում երկարատև մշուշը նյարդաբանական ախտանիշ է, որը սովորաբար նկատվում է Քովիդ-19-ով վարակված մարդկանց մոտ: Որոշ դեպքերում շշմածության զգացողությունը կամ ճանաչողական (կոգնիտիվ) խանգարումը կարող է տևել հիվանդության անցնելուց հետո շատ ամիսներ: Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ այն Քովիդ-19-ի հետևանք լինի:

Անշուշտ, ձեզ հետ պատահել է, որ դուք չեք կարողացել սթափ մտածել, երբ հիվանդացել եք գրիպով կամ մեկ այլ հիվանդությամբ: Գուցե ժամային գոտիների փոփոխության պատճառով խախտվել է ձեր քունը, և դանդաղ էիք մտածում, քանի որ թվում էր, թե գիշերվա ժամը 2-ն է: Կամ գուցե ընդունել եք հակահիստամինային կամ այլ դեղամիջոց, որը մի քանի ժամ մթագնել է ձեր մտածողությունը: Յուրաքանչյուր դեպքում դուք, հավանաբար, պարզապես սպասել եք նորմալ վիճակին վերադառնալուն՝ անկախ նրանից՝ դա կնշանակեր վերականգնվել հիվանդությունից, հարմարվել նոր ժամային գոտուն, թե սպասել դեղորայքի կողմնակի ազդեցության թուլացմանը:

 

Ինչպե՞ս է Քովիդ-19-ը ազդում գլխուղեղի վրա:

Քովիդ-19-ը գլխուղեղը վնասելու շատ ուղիներ ունի: Որոշ ազդեցություններ կարող են լինել կործանարար, ինչպիսիք են էնցեֆալիտը, կաթվածները և ուղեղի թթվածնի պակասը: Սակայն այլ ազդեցությունները, ինչպիսիք են, օրինակ` չինացի հետազոտողների կողմից նշված ուշադրության կայունության խանգարումները, կարող են ավելի թույլ լինել:

Բացի ուղեղի վրա անմիջական ազդեցություններից՝ Քովիդ-19-ը կարող է նաև երկարաժամկետ ազդեցություն ունենալ այլ օրգան համակարգերի վրա: Այսպես կոչված երկարատև բուժվողները կարող են ունենալ այլ տևական ախտանիշներ՝ հոգնածություն, մարմնի ցավեր, մարզվելու անկարողություն, գլխացավ և քնելու դժվարություն: Այս խնդիրների մի մասը կարող է պայմանավորված լինել թոքերի, սրտի, երիկամների կամ այլ օրգանների վնասված լինելով: Այս օրգանների վնասումը կամ նույնիսկ միայն ինքնին ախտանիշները կարող են խաթարել մտածողությունը և հիշողությունը և առաջացնել գլխում մշուշ: Օրինակ, ինչպե՞ս կարող եք հստակ մտածել, եթե հոգնած եք, և ձեր մարմինը ցավում է: Ինչպե՞ս կարող եք կենտրոնանալ, եթե ուշ գիշերին արթնացել էիք գլխացավից:

Ի՞նչ պետք է անել, եթե կարծում եք, որ ունեք հետքովիդյան շշմածություն

Առաջին և ամենակարևոր բանը, որ պետք է անեք, այցելե՛ք ձեր բժշկին և պատմե՛ք նրան ձեր բոլոր երկարատև ախտանիշների մասին՝ շշմածության և այլ նյարդաբանական ախտանիշներ (թուլությունը, թմրածությունը, քորը, հոտի կամ համի կորուստը), ինչպես նաև ծանր շնչառությունը, սրտխփոցը, անկանոն միզումը կամ կղկղումը:

Նպաստող այլ գործոններից են վատ քունը, ընկճախտը, մենության, սթրեսի կամ տագնապի զգացողությունները, սննդակարգի փոփոխությունները, ֆիզիկական ակտիվության նվազումը կամ որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները:

 

Որո՞նք են շշմածության հետևանքները:

Գլխում մշուշը կարող է ունենալ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հետևանքներ, որոնք կարող են լինել ֆիզիկական և հոգեբանական:

Ֆիզիկական հետևանքները ներառում են քաշի ավելացում, ցավ կամ մաշկային հիվանդություններ: Մարդիկ կարող են ավելի շատ անորակ սնունդ ուտել և գիրանալ: Շատերի մոտ նկատվում է ցավ մարմնի տարբեր մասերում միաժամանակ: Այս ախտանիշով գլխացավեր նույնպես հաճախ են լինում: Գլխում մշուշը կարող է առաջացնել մաշկային հիվանդություններ՝ գրգռիչ ազդակներ ուղարկելով ձեր մարմնի տարբեր մասեր: Որոշ մարդկանց մոտ կարող են հայտնվել պզուկներ և գունազրկված մասեր:

Հոգեբանական հետևանքները ներառում են կենտրոնացման, հիշողության թուլացում, անհատականության փոփոխություն և արտադրողականության նվազում: Այս ախտանիշով անձինք չեն կարող բավականաչափ կենտրոնանալ իրենց աշխատավայրում՝ պահանջվող խնդիրները լուծելու համար: Գլխում մշուշը կարող է նաև վատացնել ձեր հիշողությունը և դարձնել ձեզ մոռացկոտ:

Ոմանց մոտ կարող են գերիշխել անհանգստությունն ու սթրեսը: Դա նշանակում է, որ նրանք կարող են ուրիշների նկատմամբ լինել կոպիտ կամ անտարբեր, ինչը կարող է փոխել իրենց հանդեպ ընկերների և ընտանիքի անդամների վերաբերմունքը: Երբ աշխատավայրում չեք կարողանում սթափ մտածել, ցուցաբերում եք ցածր արտադրողականություն, դա կարող է բերել աշխատանքում ձեր արդյունավետության վատ գնահատականի:

Ինչպե՞ս կանխել կամ անցկացնել շշմածության զգացողությունը:

1. Ավելի քի՛չ ժամանակ անցկացրեք էկրանի առջև

Նույնիսկ եթե ձեր աշխատանքը պահանջում է, որ օրվա ընթացքում շատ ժամեր անցկացնեք էկրանի առջև, ընդմիջո՛ւմ արեք մեկ կամ երկու ժամը մեկ: Դա կարող է թարմացնել ձեր ուղեղը և վերացնել ճանաչողական անբավարարության բոլոր ախտանիշները:

2. Մարզվե՛ք հնարավորինս հաճախ

Ֆիզիկական վարժությունները կարող են ստիպել ձեզ ավելի քիչ մտածել և բավարարվածության հորմոններ ներզատել ձեր արյան մեջ: Ձեր ուղեղում քիմիական անհավասարակշռություն այլևս չի զարգանա: Փորձե՛ք կատարել աերոբիկական վարժություններ: Անհրաժեշտ է սկսել մարզվել օրվա մեջ մի քանի անգամ երկու-երեք րոպե: Թեև ուղեղի առողջությունը բարելավելու համար ֆիզիկական վարժությունների հաստատված «չափաբաժին» չկա, բայց սովորաբար խորհուրդ է տրվում մարզվել շաբաթը հինգ օր, օրը 30 րոպե:

3. Առո՛ղջ սնվեք և պարբերաբա՛ր ընդունեք հավելանյութեր

Ապացուցված է, որ առողջ սննդակարգը՝ ներառյալ ձիթայուղը, միրգն ու բանջարեղենը, ընկույզը և լոբին, հացահատիկները, բարելավում են մտածողությունը, հիշողությունը և ուղեղի առողջությունը: Խուսափե՛ք ալկոհոլից և թմրանյութերից: Տվե՛ք ձեր ուղեղին ապաքինման լավագույն հնարավորությունը՝ խուսափելով այնպիսի նյութերից, որոնք կարող են բացասաբար ազդել դրա վրա: Հավելանյութերը, որոնք բարելավում են ձեր հիշողությունը և ձեր ուղեղի աշխատանքը, կարող են ձեր մարմնին տալ անհրաժեշտ սննդանյութեր` շշմածության զգացողությունից խուսափելու համար:

4. Մասնակցե՛ք հասարակական միջոցառումներին, բայց խուսափե՛ք տոքսիկ մարդկանցից

Մենք սոցիալական էակներ ենք: Հասարակական միջոցառումները ոչ միայն բարձրացնում են մեր տրամադրությունը, այլև նպաստում են մեր մտածողությանը և հիշողությանը: Այնուամենայնիվ, այն անձինք, որոնք իրենց պահվածքով ստիպում են կորցնել ձեր ինքնատիրապետումը կամ խորացնում են ընկճախտը, ավելի լավ է հեռու մնան ձեզնից: Նախընտրե՛ք շփվել իսկական ընկերների հետ, որոնք կարող են լսել ձեր խնդիրները և զվարճացնել ձեզ:

5. Ժամանա՛կ անցկացրեք բնության գրկում

Կանոնավոր էքսկուրսիաները կարող են ձեզ ավելի շատ էներգիա հաղորդել՝ զբաղված առօրյան բնության գրկում հաղթահարելու և մշուշոտ վարագույրը ձեր ուղեղից հեռացնելու համար: Էլ չասած, որ բնությունը կարող է ավելի հագեցնել ձեր ուղեղի բջիջները թթվածնով՝ ևս մեկ ծանրաբեռնված շաբաթ հանգիստ աշխատելու համար:

6. Լա՛վ քնեք

Քունն այն ժամանակահատվածն է, երբ ուղեղն ու մարմինը կարող են հեռացնել տոքսինները և վերականգնվել: Համոզվե՛ք, որ ձեր մարմնին տալիս եք անհրաժեշտ քունը:

Այս հոդվածը հիմնված է Էնդրյու Է. Բուդսոնի հոդվածի վրա: Ի՞նչ է հետքովիդյան «գլխում մշուշը», և ինչպե՞ս կարող եք անցկացնել այն - Harvard Health, հրապարակվել է 2021 թվականի մարտի 8-ին:


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ինքնախնամք