Կարիես. ինչպե՞ս կանխարգելել
Շատ ծնողներ՝ հիշելով սեփական փորձը, կարիեսը համարում են իսկական մղձավանջ՝ գիշերը հանկարծ ծագող սուր ցավ, այտուց, ցավագին բուժում և այլն: Մեր երեխաներն ապագայում կարող են չունենալ նմանօրինակ մղձավանջներ, եթե արդեն այսօր գրագետ կազմակերպենք նրանց ատամների խնամքը, որն ի դեպ, համալիր հասկացություն է: Այս նյութում դուք կգտնեք 6-12 տարեկան երեխաների կարիեսի կանխարգելմանն առնչվող համապարփակ տեղեկատվություն:
Կարիեսի առաջացման հավանականությունը նվազեցնող գործոններից են բերանի խոռոչի լիարժեք հիգիենան, առողջ սննդակարգը և ապրելակերպը, ինչպես նաև ախտահարվածության դեպքում կաթնատամների ժամանակին բուժումն ու խնամքը։
Որո՞նք են երեխաների բերանի խոռոչի լիարժեք հիգիենայի հիմնական կանոնները։
Ի՞նչ միջոցներով կազմակերպել անշարժ օրթոդոնտիկ ապարատներ կրող երեխաների բերանի խոռոչի հիգիենան։
Ինչպե՞ս է սնունդն ազդում ատամների առողջության վրա։
Արդյո՞ք ապրելակերպը և սովորությունները նույնպես ազդում են բերանի խոռոչի և ատամների առողջության վրա։
Որո՞նք են երեխաների բերանի խոռոչի լիարժեք հիգիենայի հիմնական կանոնները։
Հարց ու պատասխան ատամների հիգիենայի մասին․
-Քանի՞ րոպե պետք է մաքրել ատամները։
-3 – 4 րոպե։
-Ի՞նչ հաճախականությամբ պետք է մաքրել ատամները:
-Օրական 2 անգամ՝ առավոտյան, նախաճաշից հետո և գիշերը, քնելուց առաջ։ Ցանկալի է նաև միջուտեստներից հետո նույնպես, հնարավորության դեպքում, գոնե ջրով ողողել բերանը։
Պետք է հաշվի առնել նաև այն, որ հատկապես մեծ թթվայնություն ունեցող ուտեստներ (ցիտրուսներ, քացախով աղցաններ) և ըմպելիք (գազավորված, քաղցր, մրգային հյութեր) ընդունելուց հետո պետք է ողողել բերանի խոռոչը ջրով և դրանից առնվազն 30 րոպե հետո նոր միայն խոզանակել ատամները։ Սննդի թթվայնության հետևանքով տեղի է ունենում ատամների էմալային շերտի ապահանքայնացում և խոզանակումն անմիջապես ուտելուց հետո կարող է վնասել ատամի էմալը։ 30-60 րոպե հետո թուքը չեզոքացնում է թթվային միջավայրը և կատարում էմալի վերահանքայնացում։
Խորհուրդ է տրվում նաև որպես միջուտեստներ (օրինակ դպրոցական լանչի համար) երեխային առաջարկել կոպիտ սնունդ, որը կապահովի ատամների ինքնամաքրումը, օրինակ՝ գազար, խնձոր։ Այսպիսով կնպաստենք նաև երեխայի սննդային առողջ սովորույթների զարգացմանը։
-Ի՞նչ հաճախականությամբ փոխել ատամի խոզանակը։
-Ամենաուշը 3 ամիսը մեկ պետք է փոխել ատամի խոզանակը, նաև երբ նկատում ենք, որ խոզանակի մազիկները ձևափոխվել են։
-Ինչպե՞ս մոտիվացնել երեխաներին լվանալ ատամները:
-Միջոցները բազմաթիվ են.
- Միասին լվանալ ատամները՝ օրինակ ծառայել:
- Սովորույթ դարձնել՝ լվանալ ատամներն ամեն օր նույն ժամին:
- Ավազե փոքրիկ ժամացույցով հետևել՝ արդյոք խոզանակման համար անհրաժեշտ ժամանակն ավարտվել է, թե՝ ոչ։
- Բացի տարիքին համապատասխան մածուկ և խոզանակ ընտրելուց նաև հաշվի առնել երեխայի ցանկությունները գույնի, համի հետ կապված, էլէկտրոնիկայով հետաքրքրվող երեխաներին էլեկտրական խոզանակ առաջարկել:
- Վերջում գովեստի խոսքեր ասել: Հազվադեպ նաև խրախուսական նվերներ տալ:
- Չմոռանալ ստուգել, թե ինչպես է երեխան մաքրել ատամները:
Կան հատուկ գունավորող հաբեր. խոզանակելուց հետո տալիս ենք երեխային, որ ծամի, իսկ վայրկյաններ հետո խնդրում ենք ողողել բերանը։ Եթե ատամների վրա կան վատ մաքրած հատվածներ, ապա դրանք կգունավորվեն, որից հետո ծնողները կարող են օգնել երեխային ավելի լավ խոզանակել այդ հատվածները։
Մածուկ
6-12 տարեկան երեխաների համար նախատեսված ատամի մածուկների տուփի վրա նշված է տարիքային խումբը: Երեխաների ատամի մածուկը պետք է ավելի մեղմ համ ունենա, քան մեծահասակներինը, սակայն չպետք է շատ քաղցր լինի, որպեսզի երեխան չսովորի դրան:
Տարբեր տարիքի երեխաների ատամների մածուկները տարբերվում են ըստ ֆտորի պարունակության։ Այս տարիքային խմբի երեխաների համար նախատեսված ատամների մածուկներում ֆտորի պարունակությունը պետք է լինի նույնն, ինչ մեծահասակների ատամի մածուկներում, որպեսզի նոր ծկթած մշտական ատամները, որոնց էմալը դեռ ավելի փափուկ է, ավելի կայուն լինեն կարիեսի առաջացման դեմ։
12 տարեկանից բարձր երեխաները կարող են օգտվել նաև մեծահասակների մածուկներից, եթե համային տհաճ զգացողություններ չեն ունենում։
Խոզանակ
6 տարեկանից բարձր երեխաների համար իդեալական ատամի խոզանակը պետք է ունենա փոքր գլխիկ (ատամի բոլոր մակերեսներին հասնելու համար), բռնակի հատվածը պետք է ունենա բավարար հաստություն և հարմար լինի երեխայի ձեռքի մեջ տեղավորվելու համար։ Դեռահասները կարող են օգտվել նաև մեծահասակների համար նախատեսված խոզանակներից։
Կարելի է օգտագործել նաև մանկական էլեկտրական խոզանակներ։ Այդ խոզանակները նույնպես հարմարեցված են երեխաների պահանջներին (փոքր գլխիկ, փափուկ մազիկներ, հարմար բռնակ և ցածր տատանումներ): Պետք է հիշել, որ էլեկտրական խոզանակով նույնպես պետք է պահպանել խոզանակման ճիշտ տեխնիկան։ Այն, ճիշտ է, կարող է ինչ-որ չափով հեշտացնել խոզանակումը, սակայն ատամների վրա անշարժ դրած էլեկտրական խոզանակը չի կարող երեխայի փոխարեն կատարել ատամների բավարար մաքրում:
Ատամնաթել
Քանի դեռ երեխայի մոտորիկան լավ չի զարգացած, ինչպես ատամները խոզանակելուց, այնպես էլ ատամնաթել օգտագործելուց ծնողները պետք է օգնեն երեխային՝ ատամնաթելի օգտագործումը դարձնելով ատամների ամենօրյա հիգիենայի պարտադիր մաս։ Հետզհետե երեխան կսովորի ինքնուրույն հետևել իր ատամների հիգիենային, սակայն մեծահասակները դեռ պետք է շարունակեն ստուգել՝ երեխան լավ է մաքրել ատամները, թե՝ ոչ։
Բերանի խոռոչի լրացուցիչ ողողման հեղուկների անհրաժեշտություն այս տարիքում չկա, եթե չկա լնդի բորբոքում։ Կարիեսի առաջացման բարձր հավանականության դեպքերում հնարավոր է ֆտոր պարունակող ողողման հեղուկների նշանակում 6 տարեկանից սկսած: Ատամների խոզանակման և ատամնաթելի օգտագործման տեխնիկան հիմնականում նույնն է, ինչ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում։
Ատամների հիգիենան ավարտվում է լեզվի խոզանակումով, որի համար կարելի է օգտագործել կա՛մ մեր ունեցած խոզանակը (հաճախ խոզանակի հետևի մակերեսը նախատեսված է հենց լեզվի համար՝ անհարթ է), կա՛մ հատուկ լեզվի խոզանակներ։
Ի՞նչ միջոցներով կազմակերպել անշարժ օրթոդոնտիկ ապարատներ կրող երեխաների բերանի խոռոչի հիգիենան։
Բերանի խոռոչի հիգիենան օրթոդոնտիկ սարքերի կրման դեպքում ունի իր առանձնահատկությունները՝ կապված տվյալ կոնստրուկցիայի կառուցվածքային առանձնահատկություններով (լիգատուրաների, զսպանակների, էլաստիկ ձգանների առկայություն, որոնք ատամնափառի կուտակման կետեր են հանդիսանում և հատուկ խնամք պահանջում)։